Բնակարան է համարվում այն շենքը կամ շինությունը, որը մշտապես կամ ժամանակավորապես օգտագործվում է որոշակի անձի կամ անձանց բնակության համար, այդ թվում` սեփական կամ վարձակալած բնակարանը, այգետնակը, հյուրանոցային համարը, նավախցիկը, գնացքի ճամփորդախցիկը, համապատասխանաբար նրանց անմիջական հարող ծածկապատշգամբները, սանդղավանդակները, վերնասրահները, պատշգամբները, ընդհանուր օգտագործման տարածքը, ինչպես նաև դրանց այլ բաղկացուցիչ մասերը, որոնք օգտագործվում են հանգստի, գույքը պահելու, ինչպես նաև որոշակի անձի կամ անձանց այլ պահանջմունքները բավարարելու համար, բնակելի շինության նկուղը և ձեղնահարկը:
«Բնակարան» հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաև ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը:
Քննիչը, բավարար հիմքեր ունենալով ենթադրելու, որ որևէ շենքում կամ այլ տեղ կամ որևէ անձի մոտ գտնվում են հանցագործության գործիքներ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ ու արժեքներ, ինչպես նաև այլ առարկաներ և փաստաթղթեր, որոնք կարող են նշանակություն ունենալ գործի համար, խուզարկություն է կատարում դրանք գտնելու և վերցնելու համար:
Խուզարկություն կարող է կատարվել նաև հետախուզվող անձանց, հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց, ինչպես նաև դիակները հայտնաբերելու համար:
Բնակարանի խուզարկությունը կատարվում է միայն դատարանի որոշմամբ:
Խուզարկություն կատարելիս պետք է ապահովվի այն անձի և նրա ընտանիքի չափահաս անդամի ներկայությունը, որոնց ներկայությամբ կատարվում է խուզարկությունը: Նրանց ներկայությունն անհնարին լինելու դեպքում հրավիրվում է բնակարանային շահագործման կազմակերպության կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ:
Անձինք, որոնց մոտ կատարվում է խուզարկություն կամ առգրավում, ինչպես նաև ընթերակաները, մասնագետները, թարգմանիչները, ներկայացուցիչները, պաշտպաններն իրավունք ունեն ներկա գտնվել քննիչի բոլոր գործողություններին, անել հայտարարություններ, որոնք պետք է մտցվեն արձանագրության մեջ:
Բնակարանի զննումը, այնտեղ դատավարական այլ գործողություններ կատարելը, ինչպես նաև տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք գործելը այն զբաղեցնող անձանց կամքին հակառակ` քրեական դատավարության ընթացքում կարող են կատարվել հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի որոշմամբ:
Հիշեք՝ զննության ընթացքում քննիչը զննում է միայն տեսանելի օբյեկտները, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց զննումը դարձնում է իրեն մատչելի, եթե դրանով չեն խախտվում քաղաքացիների իրավունքները:
Back to FREQUENTLY ASKED QUESTIONS