3. Հավաքների ազատություն

FAQ
  • 3.1. Ի՞նչ է հավաքը և ո՞վ ունի հավաքին մասնակցելու իրավունք:

    Հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ:

    Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք (Արցախի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք):

    Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցելու որևէ հավաքի կամ խոչընդոտելու նրա մասնակցությունը որևէ հավաքի։

    Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն և զսպվածություն ցուցաբերեն։ Դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով։

  • 3.2. Ո՞վ կարող է լինել հավաքի կազմակերպիչ:

    Հավաքի կազմակերպիչ կարող է լինել հավաքին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև ԱՀ-ում գրանցված ցանկացած իրավաբանական անձ։

    Մինչև 14 տարեկան անձինք հավաք կարող են կազմակերպել միայն իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ։ Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներ կազմակերպելու իրավունք չունեն:

  • 3.3. Ինչպե՞ս և ո՞ր դեպքերում պետք է իրազեկվի հավաքի անցկացման վերաբերյալ:

    Հանրային հավաք անցկացնելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին՝ բացառությամբ մինչև 25 մասնակից ունեցող, ինքնաբուխ և շտապ հավաքների։

    Իրազեկումը կարող է ներկայացվել հավաքի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 օր և ոչ շուտ, քան 30 օր առաջ։ Իրազեկման մեջ պետք է նշվեն`

    1) հավաքի վայրը.

    2) հավաքի սկզբի և ավարտի մոտավոր ժամանակը.

    3) հավաքի նպատակը.

    4) մասնակիցների սպասվող թիվը.

    5) հավաքի անցկացման ժամանակ օգտագործվելիք առարկաները կամ տեխնիկական միջոցները (պաստառներ, ջահեր, բարձրախոսներ և այլն).

    6) հավաքին հավաքի կազմակերպման և անցկացման հետ կապված կարգադրական բնույթի գործառույթներ իրականացնող անձանց (այսուհետ՝ կարգադրիչներ) ներգրավելու դեպքում՝ կարգադրիչների նախատեսվող թիվը.

    7) երթի դեպքում՝ երթի ուղին և ժամանակացույցը.

    8) կազմակերպիչների անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները (կցելով փաստաթղթի պատճենը), հեռախոսահամարները, փոստային և էլեկտրոնային հասցեները, իսկ եթե կազմակերպիչն ու հավաքի ղեկավարը տարբեր անձինք են` նաև հավաքի ղեկավարի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, փոստային հասցեն և առկայության դեպքում` հեռախոսահամարներն ու էլեկտրոնային հասցեն։

    Իրավաբանական անձի կողմից հավաք կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում է նաև այդ մասին իրավաբանական անձի ղեկավար մարմնի կամ կառավարման մարմնի որոշումը։

    Եթե հավաքի վայրը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք է, որը հանձնված է վարձակալության, կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն է, ապա իրազեկման հետ ներկայացվում է նաև վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ։ Վարձակալի կամ սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը հավաքի անցկացման վերաբերյալ չի պահանջվում, եթե յուրաքանչյուր ոք ունի այդ տարածք անարգել մուտք գործելու իրավունք:

  • 3.4. Ո՞ր դեպքերում կարող է արգելվել հավաքի անցկացումը:

    Հավաքն արգելվում է, եթե`

    1) հավաքի նպատակը սահմանադրական կարգի բռնի տապալումը, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելը, բռնություն կամ պատերազմ քարոզելն է.

    2) անձը, սույն օրենքի համաձայն, չունի հավաք կազմակերպելու իրավունք.

    3) հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության նստավայրերից, դատարաններից կամ քրեակատարողական հիմնարկներից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը։

     Արգելված հավաքին մասնակցելու քարոզչությունն արգելվում է:

  • 3.5. Որո՞նք են ինքնաբուխ և շտապ հավաքները: Ի՞նչ կարգով է իրականացվում դրանց անցկացման վերաբերյալ իրազեկումը:

      Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանն անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը։

    Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

     Եթե ինքնաբուխ հավաքն ունի հավաքի անցկացման փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը։

    Ինքնաբուխ և շտապ հավաքները չեն կարող տևել երեք ժամից ավելի։

  • 3.6. Ո՞ր դեպքերում ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը:

    Ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը:

    Մանրամասները՝ «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքում:

Svg Vector Icons : http://www.onlinewebfonts.com/icon

Back to FREQUENTLY ASKED QUESTIONS