Պաշտպանը շնորհավորել է աշխատավորների միջազգային օրը՝ ներկայացնելով մի շարք առաջարկություններ

01 ՄԱՅԻՍ 2020, Հաղորդագրություններ

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների  միջազգային օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունը, ինչպես աշխարհի շատ պետություններ,  նշում է Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Այն կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին,  նպաստելու աշխատողի իրավունքների ու շահերի պաշտպանությանը: Աշխատանքը մարդու զարգացման և հասարակական ներդաշնակ հարաբերությունների գլխավոր հենասյուներից մեկն է, որտեղ պետությունն ունի կարևորագույն երաշխավորող ու կարգավորող գործառույթներ:

Շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ ձեզ ստեղծարար ու արժանապատիվ այնպիսի աշխատանք, որը շարունակաբար կխթանի ձեր ստեղծագործելու և ինքնազարգանալու մղումները, բարենպաստ պայմաններ կապահովի ձեր իրավունքների պաշտպանության, ապահով կյանքի կառուցման և հայրենիքի զորացման գործում սեփական ներդրումն ունենալու համար:

 

Սիրելի՛ աշխատավորներ,

Այս տարի ձեր տոնը դիմավորում ենք առանձնահատուկ ու դժվարին մարտահրավերների պայմաններում, որոնք ծագել են նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի պատճառով: Ուստի, պետական լիազոր մարմինները պետք է առավելագույնը կատարեն աշխատավորների իրավունքների վրա համավարակի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Մենք նաև պարտավոր ենք հատուկ երախտագիտություն և ուշադրություն ցուցաբերել այն աշխատողների հանդեպ, որոնք յուրօրինակ նվիրումով պայքարում են ընթացիկ արտակարգ իրավիճակում հասարակության բնականոն կյանքի ու մարդկանց իրավունքների պատշաճ երաշխավորման ուղղությամբ.մենք շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ, հարգելի՛ աշխատավորներ:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս օրն առիթ է նաև անդրադառնալու աշխատանքային ոլորտի հիմնախնդիրներինՉնայած աշխատանքային իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքներին և առ այսօր գրանցված զգալի հաջողություններին, պրակտիկայում հաճախ բախվում ենք աշխատանքային իրավունքների այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են՝ գործազրկությունը, չգրանցված աշխատանքը, արձակուրդայինվճարներիչտրամադրումը, աշխատանքից ոչ իրավաչափ կերպով ազատումը, անհիմն կարգապահական տույժեր կիրառելը, տարբեր հիմքերով խտրական վերաբերմունքը և մի շարք այլ դեպքեր:

Մարդու իրավունքների պաշտպանն իր 2019թ. տարեկան հաղորդման մեջ անդրադարձել է նշյալ հիմնախնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ ներկայացնելով մի շարք առաջարկություններ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները՝

  1. Վերականգնել աշխատանքի բնագավառում տեսչական գործառույթներ իրականացնող պետական մարմինը, որը հատկապես մասնավոր հատվածում կիրականացնի աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող նորմատիվ այլ իրավական ակտերի պահպանման նկատմամբ վերահսկողական գործառույթներ և անհրաժեշտության դեպքում կկիրառի պատասխանատվության միջոցներ:
  2. Արհեստավարժ հետազոտությունների հիման վրա բարեփոխել հանրային ծառայության (ներառյալ՝ քաղաքացիական ծառայության) ոլորտը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը և աշխատողների իրավունքների երաշխավորման մակարդակը, հատկապես՝ թափուր պաշտոնների մասին պատշաճ հանրային ծանուցման, մրցույթների անցկացման, աշխատանքի կազմակերպման ու գնահատման, առաջխաղացման և մի շարք առնչվող ուղղություններում:
  3. Օրենսդրական ավելի բարենպաստ կարգավորումների ու նյութատեխնիկական պատշաճ պայմանների ապահովման միջոցով խթանել արհեստակցական միությունների կայացումն ու ակտիվությունը բնագավառում:
  4. Ստեղծելաշխատաշուկայիառցանցհարթակ, որի միջոցով քաղաքացիներն աշխատանք որոնելու մատչելի և ճկուն հնարավորություն կունենան բոլոր ոլորտներում:
  5. Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական միջոցներով շարունակաբար բարձրացնել աշխատանքային և, ընդհանրապես, մարդու իրավունքների մասին քաղաքացիների իրազեկվածության մակարդակը:

 

Պաշտպանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակներում աջակցել պետական լիազոր մարմիններին կյանքի կոչել նշված և մի շարք այլ առաջարկությունները՝ հանուն աշխատավորների իրավունքների պատշաճ երաշխավորման»: