Պաշտպանը մասնակցել է հուշարձանների օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը

16 ԱՊՐԻԼ 2021, Հաղորդագրություններ

Ապրիլի 16-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը մասնակցել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում կազմակերպված ակցիային:

Պաշտպանը ներկայացրել է մշակութային հուշարձանների պաշտպանության միջազգային իրավական օրակարգը, ինչպես նաև պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային արժեքների նկատմամբ վանդալիզի դեպքերի փաստագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այս բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

Իր ելույթում Գեղամ Ստեփանյանը նշել է, որ միջազգային իրավական նորմերով որևէ ժողովրդի մշակութային արժեքներին հասցված վնասը հավասարապես վերաբերում է համայն մարդկությանը, ուստի՝ յուրաքանչյուր պետություն պարտավոր է պաշտպանել իր տարածքում կամ դրանից դուրս գտնվող մշակութային արժեքները, նույնիսկ ռազմական օկուպացիայի ընթացքում:

Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում, երբ հայկական կողմը փաստացի չունի հնարավորություն պաշտպանելու հայկական մշակութային արժեքները, միջազգային հանրությունը պետք է իր վրա ստանձնի այդ պատասխանատվությունը և ստիպի Ադրբեջանին հրաժարվելու պատմությունը աղավաղելու քաղաքականությունից: