Ի գիտություն բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց

11 ՄԱՅԻՍ 2021, Հայտարարություններ և մեկնաբանություններ

Կարևորելով ԱՀ Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների պատշաճ վարչարարության ապահովման իրավունքը, ինչպես նաև, հաշվի առնելով Պաշտպանի կողմից ստացված ոլորտին առնչվող դիմումների քանակը, որոնք հիմնականում վերաբերել են վարչական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին գրավոր պատասխան չտալուն կամ դիմումներին գրավոր պատասխան տալու օրենսդրական ժամկետը չպահպանելուն՝ Պաշտպանը կոչ է անում բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց համապատասխան միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերի կանխարգելման ուղղությամբ՝ միաժամանակ առաջարկելով անվերապահորեն հետևել օրենսդրական կարգավորման պահանջներին, մասնավորապես՝

  • ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք:
  • «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը:
  • «Տեղեկատվության ազատության մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ բանավոր հարցման պատասխանը տրվում է բանավոր՝ հարցումը լսելուց հետո անհապաղ կամ հնարավորինս սեղմ ժամկետում: Եթե բանավոր հարցմամբ դիմողը չի հայտնում իր անունը և ազգանունը, և (կամ) բանավոր հարցումը չի համապատասխանում սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ապա տեղեկատվություն տնօրինողը կարող է չպատասխանել բանավոր հարցմանը:

Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետևյալ ժամկետներում.

 1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա   դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում.

3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

  • Նույն օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումն իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաև այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում՝ արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:

 

Հիշեցնենք, որ Պաշտպանը վերոգրյալին անդրադարձել է նաև «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման մեջ: