Պաշտպանի առաջարկությամբ վերանայվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման կարգը

06 ՀՈՒՆԻՍ 2023, Հաղորդագրություններ

Քաղաքացին, դիմելով Պաշտպանին, հայտնել է, որ իր 3-րդ երեխայի ծնվելուց հետո դիմել է ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն՝ կառավարության կողմից սահմանված կարգով նպաստների նշանակման և վճարման համար: Նպաստը, սակայն, վճարվել է 2-րդ երեխայի ծննդյան համար սահմանված չափով այն պատճառաբանությամբ, որ նորածինը դիմումատուի որդու զոհվելու պատճառով ընտանիքում փաստացի երկրորդ երեխան է:

Վերոգրյալի համատեքստում Պաշտպանի առաջարկության հիման վրա ԱՀ կառավարության 2023 թվականի մայիսի 23-ին N 383-Ն որոշմամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման և վճարման կարգում կատարվել են լրացումներ և փոփոխություններ:

Նոր կարգավորումներով նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում նաև նոր ծնված երեխայի մոր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին և դրանից հետո Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ անհայտ կորած (դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված) զավակները՝ անկախ տարիքից:

Եթե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծնված երեխայի համար անձին նշանակվել և վճարվել է միանվագ նպաստ, սակայն երեխայի կարգաթիվը որոշվել է առանց նրա եղբոր կամ քրոջ զոհվելու կամ անհայտ կորած ճանաչվելու հանգամանքը հաշվի առնելու, ապա մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գրավոր դիմում և անհրաժեշտ փաստաթղթերն ԱՀ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարություն ներկայացնելու դեպքում նրան կվճարվի միանվագ նպաստ՝ երեխայի նոր կարգաթվով հաշվարկված միանվագ նպաստի և նշանակված (վճարված) միանվագ նպաստի տարբերության չափով։

Նմանատիպ նյութեր