Ռուս խաղաղապահ ուժերի շնորհիվ հայկական կողմին է վերադարձվել գերեվարված անձը

27 ИЮЛЯ 2021, Пресс релизы

Հուլիսի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչներից մեկը գերեվարվել է: ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների միջոցով պարզվել է, որ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի 1989թ. ծնված բնակիչը, որը զբաղվում էր անասնապահությամբ, կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Այս մասին համայնքային իշխանությունները տեղեկացրել են ռուս խաղաղապահ ուժերին, որոնց միջնորդությամբ գերեվարված անձը հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին:

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Տեղի ունեցածի հետ կապված, Գեղամ Ստեփանյանը միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն է հրավիրել միջադեպի վրա: