Սույն զեկույցը նախապատրաստվել է ի կատարումն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի (այսուհետ` նաև «Օրենք») 17-րդ հոդվածի 1-ին մասի հետևյալ պահանջի. «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման դեպքերի մասին զեկույց է ներկայացնում Լեռնային Ղարաμաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններին, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում այն ներկայացնում է նաև Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին»:
Տարեկան զեկույցի նախապատրաստումն ու սահմանված կարգով ներկայացումը կատարած աշխատանքի մասին լոկ հերթական հաշվետվություն չէ, այլ նաև Պաշտպանի գործունեության արդյունավետության բարձրացման կարևոր միջոց: Դա Պաշտպանին հնարավորություն է տալիս հասցնել մարդու իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակի մասին իր տեսակետը երկրի ղեկավարությանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին ու հասարակությանը: Այսպիսով` զեկույցը մի կողմից նպատակ ունի սևեռելու իշխանությունների ուշադրությունը մարդու իրավունքների երկրում տեղ գտած խախտումների և Պաշտպանի՝ դրանք վերացնելուն և իրավիճակը բարելավելուն ուղղված առաջարկություններին արձագանքելու անհրաժեշտության վրա, մյուս կողմից` այս բնագավառում հասարակության կարծիքի ձևավորման ազդեցիկ լծակ է հանդիսանում:
Հաշվի առնելով, որ 2014թ. ապրիլի 16-ին ավարտվում են ԼՂՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի լիազորությունները, սույն զեկույցում արտացոլվում են նաև սահմանադրական տվյալ ժամանակահատվածը, հաստատության գործունեության արդյունավետությունը, ձեռքμերումներն ու բացթողումները բնութագրող որոշ տեղեկություններ:
Ինչպես նախորդ տարիների, այդպես էլ 2013թ. զեկույցը պատրաստված է ԼՂՀում գործող օրենսդրության և իրավիճակի ուսումնասիրության հիման վրա: Այն իրականացվել է` ամփոփելով քաղաքացիների գրավոր և μանավոր դիմումներն ու այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից բնակչության ընդունելության, զորամիավորումներ, հարկադրական պահման (այդ թվում` նախնական կալանքի և ազատազրկման) վայրեր կատարած այցելությունների ընթացքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և ոչ պետական կազմակերպություններից ստացված, ԶԼՄ-ներում տեղադրված նյութերից կամ հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքերի ու իրադարձությունների կապակցությամբ Պաշտպանի նախաձեռնությամμ կատարված ուսումնասիրություններից: