Տարեկան զեկույց՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Download Full Document

Սույն զեկույցը կազմված է Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի 17-րդ հոդվածի հիման վրա և ներառում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի գործունեության ու Արցախում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տվյալներ:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին ԱՀ օրենքի (այսուհետ նաև Օրենք) 17-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև Պաշտպան) Արցախի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում դա ներկայացնում է Ազգային ժողովի նիստում: Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:

Սույն զեկույցում օրենքով սահմանված տեղեկությունները ներկայացված են հիմք ընդունելով Պաշտպանի 2016 թվականի գործունեության ուղղությունները: Այդ դիտանկյունից ներկայացված են տեղեկություններ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների վիճակի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ ուղղված մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը: Զեկույցը մշակվել է հիմք ընդունելով քաղաքացիների բանավոր և գրավոր դիմումները, քաղաքացիների հետ կամավորության հիման վրա կատարված հարցազրույցների ընթացքում հաղորդված տվյալները, իրավասու պետական մարմինների պարզաբանումները, ԱՀ օրենսդրության վերլուծությունը, Պաշտպանի և աշխատակազմի ներկայացուցիչների կողմից անմիջականորեն ընկալված փաստերը, ինչպես նաև բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքները:

Զեկույցը բաղկացած է նախաբանից, 6 բաժիններից և եզրակացությունից: Որոշ բաժիններ իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների:

Առաջին բաժնում ներկայացվում է Պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը, որը, ի թիվս այլոց, ներառում է 2016թ. դիմումների վիճակագրական վերլուծությունը և տեղեկություններ Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցների մասին:

Երկրորդ բաժնում ներկայացվում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Մարդու իրավունքների հանրային իրազեկմանն ուղղված գործունեությունը:

Երրորդ բաժնում ներկայացվում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ գործակցությանն ուղղված գործունեությունը:

Չորրորդ բաժնում վերլուծվում է Արցախում մարդու հիմնական իրավունքների վիճակն ըստ մարդու իրավունքների առանձին ոլորտների՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ նաև Աշխատակազմ) ստացված դիմումները:

Հինգերորդ բաժնում առանձին ներկայացվում է մարդու իրավունքների վիճակը հարկադիր պահման վայրերում՝ հաշվի առնելով այդ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման առանձնահատուկ հանրային կարևորությունը:

Վեցերորդ բաժնում ներկայացվում են տեղեկություններ Պաշտպանի հաստատության արտաքին փոխգործակցության վերաբերյալ:

Download Full Document