ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳ

Download Full Document

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույնով սահմանվում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի (այսուհետ՝ Մրցույթ) անցկացման կարգը և պայմանները:
  2. Մրցույթը կարող է լինել փակ կամ բաց:
  3. Մրցույթով երաշխավորվում է քաղաքացիների համար թափուր պաշտոն զբաղեցնելու առանց խտրականության, հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան:
  4. Մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հրավիրված դիտորդներ:
  5. Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետ՝ Քարտուղարություն):
  6. Մրցույթն անցկացնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան), իսկ նրա բացակայության դեպքում՝ դեպարտամենտի ղեկավարի համապատասխան որոշմամբ ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով):

 

II. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ

 

7. Թափուր պաշտոնի համար հայտարարված փակ մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող՝  ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պետական ծառայողները և կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

8. Փակ մրցույթն անցկացվում է հարցազրույցի միջոցով, որի ընթացքն արձանագրվում է: Հարցազրույցին կարող են ներկա լինել Պաշտպանը, դեպարտամենտի ղեկավարը և գործադիր քարտուղարը:

9. Հանձնաժողովը մասնակիցների հետ հարցազրույցն անցկացնում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջների վերաբերյալ նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով՝ 1-ից 5 միավորային սանդղակով:

10. Հարցազրույցն անցկացնելուց հետո Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ և քվեաթերթը գցում քվեատուփի մեջ:

11. Գաղտնի քվեարկություն անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, հերթով հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում մասնակցի ազգանունը, անունը ու տրված քվեի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:

12. Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքները Հանձնաժողովի կողմից ամփոփվում են Մրցույթի անցկացման օրը: Ամփոփման արդյունքում քվեարկության կեսից ավելի կողմ ձայներ հավաքած մասնակիցները համարվում են Մրցույթի հաղթող:

13. Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո Հանձնաժողովը կազմում է ամփոփիչ արձանագրություն Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ և ներկայացնում Պաշտպանին:

14. Եթե մասնակիցներից ոչ մեկը գաղտնի քվեարկության արդյունքում չի հավաքել Հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա ամփոփիչ արձանագրությունում արտացոլվում է Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու փաստը:

15. Ամփոփիչ արձանագրությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

16. Մրցույթի արդյունքները հրապարակվում են Մրցույթն անցկացնելուց հետո՝ անհապաղ:

17. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը, Հանձնաժողովից ստացված՝ Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է Պաշտպանին:

18. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝

1) թափուր պաշտոնի անվանումը, որն զբաղեցնելու համար անցկացվել է Մրցույթը.

2) Մրցույթի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

3) հաղթող ճանաչված մասնակիցների ազգանունը, անունը, հայրանունը՝ ըստ այբբենական կարգի, ծննդյան տարին, ամիսը և ամսաթիվը, անձնագրային տվյալները.

4) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորների քանակը թեստավորման փուլում.

5) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի հարցազրույցի վերաբերյալ  Հանձնաժողովի քվեարկության արդյունքները:

19. Եզրակացությունը ստորագրում են Հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները, իսկ դեմ լինելու դեպքում կցում են հատուկ կարծիք:

20. Փակ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում, Պաշտպանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում թափուր պաշտոնները զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին:

 

III. ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԸ

 

21. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող բաց մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած քաղաքացիները:

22. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

5) տառապում է ԱՀ կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը պետական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը:

23. Բաց մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:

24. Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

25. Հայտարարությունը հրապարակվում է Մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան 3 շաբաթ առաջ՝ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում:

26. Հայտարարությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները.

1) համապատասխան ստորաբաժանման անվանումը.

2) թափուր պաշտոնի անվանումը և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.

3) տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջները.

4) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման վերջնաժամկետը.

5) Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը.

6) Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող Աշխատակազմի քարտուղարության գտնվելու վայրը և հեռախոսահամարը:

27. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Քարտուղարությանն անձամբ ներկայացնում են՝

1) գրավոր դիմում Հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում են.

2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.

3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.

5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական (արական սեռի դեպքում):

28. Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

29. Քարտուղարությունը Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հանձնաժողովին:

30. Հանձնաժողովը, մինչև Մրցույթի անցկացման սկիզբը գումարած նիստում, քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և կայացնում համապատասխան որոշում՝ Մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ մասնակցությունը մերժելու մասին: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է Մրցույթի մասնակիցների ցուցակը: Հանձնաժողովի՝ Մրցույթին մասնակցությունը մերժելու մասին որոշումը տրամադրվում է Մրցույթի մասնակցին:

31.   Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:

32. Քարտուղարությունը նախապես մշակում է հարցեր և կազմում է թեստային առաջադրանք՝ բաղկացած 50 հարցից:

33. Թեստային առաջադրանքի հարցերն ընդգրկում են հետևյալ բնագավառները՝

1) Արցախի Հանրապետության Սահմանադրություն.

2) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր.

3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն.

4) ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներից բխող օրենսդրություն, որը, պայմանավորված տվյալ պաշտոնի անձնագրի առանձնահատկություններով, որոշակիացվում է մրցույթի հայտարարության մեջ.

5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

34. Թեստավորման փուլն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով:

35. Թեստավորման փուլն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում (սրահում, լսարանում, գրադարանում, դահլիճում և այլն), որն ապահովված է համապատասխան պայմաններով: Անհրաժեշտության դեպքում, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մասնակիցների՝ Մրցույթին մասնակցելու համար ստեղծվում են լրացուցիչ պայմաններ:

36. Մասնակիցը թեստավորման փուլին մասնակցելու համար ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ: Հանձնաժողովի քարտուղարն ստուգում է մասնակցի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել թեստավորման փուլի անցկացման սենյակ: Մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորման փուլը սկսելուց 10 րոպե առաջ:

37. Թեստավորման փուլի մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր, թեստավորման առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներ:

38. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին բացատրում է թեստավորման  փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը և պատասխանում դրանց վերաբերյալ մասնակիցների բոլոր հարցերին:

39. Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տալիս է ամփոփաթերթ՝ մեկ օրինակից: Հանձնաժողովի բոլոր անդամների ներկայությամբ մասնակիցը ամփոփաթերթի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, Մրցույթի անցկացման օրը, ամիսը, տարին, ժամը և ստորագրում է ամփոփաթերթը, որից հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին տրամադրում է նախատեսված թեստը:

40. Թեստերը բաղկացած են հարցերից և դրանց չորս ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:

41. Հանձնաժողովի քարտուղարը, թեստերը մասնակիցներին տրամադրելուց հետո, հայտարարում է թեստավորման փուլի սկիզբը:

42. Թեստավորման փուլի սկիզբը հայտարարելուց հետո մասնակիցները ծանոթանում են հարցերին և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում են նշում՝ ընտրելով մեկ (իրենց կարծիքով՝ ճիշտ) պատասխան: Թեստավորման փուլը համակարգչով անցկացնելու դեպքում, մասնակիցը յուրաքանչյուր հարցի ենթադրյալ պատասխաններից ընտրում է պատասխանի իր տարբերակը, որը պահպանվում է համակարգչում:

43. Թեստավորման փուլի ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, ինչպես նաև՝ թեստի առաջադրանքների կատարման համար աղբյուր հանդիսացող այլ միջոցներից, թեստի առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում՝ Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև՝ դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված:

44. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելու դեպքում, տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:

45. Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև թեստի առաջադրանքների կատարման համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո, մասնակիցը թեստը և ամփոփաթերթը հանձնում է Հանձնաժողովի քարտուղարին, վերջինս, մասնակցի պահանջի դեպքում, նրա  ներկայությամբ պատճենահանում է ամփոփաթերթը, երկրորդ օրինակը հանձնում նրան, և մասնակիցը դուրս է գալիս սենյակից:

46. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ:

47. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման ավարտից 10 րոպե առաջ հիշեցնում է մասնակիցներին, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար:

48. Հանձնաժողովի քարտուղարի կողմից թեստավորման փուլի համար հատկացված ժամանակի ավարտի մասին հայտարարելուց հետո մասնակիցները պարտավոր են անմիջապես դադարեցնել աշխատանքները: Հայտարարությունից հետո աշխատանքը չդադարեցրած մասնակցի աշխատանքը ճանաչվում է անվավեր և գնահատվում է զրո միավոր, ինչի մասին Հանձնաժողովի քարտուղարը նշում է կատարում պատասխանների ամփոփաթերթի վրա կամ համակարգչում:

49. Հանձնաժողովի անդամները համատեղ, ձևանմուշի միջոցով, հերթով ստուգում են մասնակիցների կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները: Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են հավաքած միավորների քանակը և տոկոսը, որոնք հաստատվում են Հանձնաժողովի կողմից:

50. Թեստավորման փուլում յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է  1 (մեկ) միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 (զրո) միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարելը:

51. Ստուգման աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր մասնակիցները հրավիրվում են թեստավորման սենյակ:

52. Հանձնաժողովի նախագահը հերթով բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթի վրա նշված ազգանուն, անունները և հայտարարում է յուրաքանչյուր մասնակցի հավաքած միավորները (տոկոսը):

53. Մասնակիցների հավաքած միավորները (տոկոսները) հայտարարելուց անմիջապես հետո Հանձնաժողովը համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը:

54. Թեստավորման փուլի արդյունքները կարող են բողոքարկվել Հանձնաժողովի հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկումը թեստավորման առաջադրանքի որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է: Եթե Հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարցադրում, ապա այդ որոշման հիման վրա՝ տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով: Եթե Հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ մասնակցի բողոքը հիմնավորված է, ապա Հանձնաժողովը բավարարում է մասնակցի պահանջը՝ կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

55. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց հետո Հանձնաժողովը հրապարակում է Մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը:

56. Հարցազրույցի փուլ է անցնում այն մասնակիցը (մասնակիցները), որը ճիշտ է պատասխանել թեստավորման առաջադրանքների հետևյալ տոկոսին՝

1) բարձրագույն պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ առնվազն 90 տոկոս.

2) գլխավոր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ առնվազն 80 տոկոս.

3) առաջատար պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ առնվազն 70 տոկոս.

4) կրտսեր պաշտոնների խմբի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի դեպքում՝ առնվազն 60 տոկոս.

57. Եթե մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների անցողիկ տոկոսը չի հաղթահարում կամ մասնակիցները հրաժարվում են հարցազրույցին մասնակցելուց, ապա կազմվում է ամփոփիչ արձանագրություն, որում արտացոլվում է Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու փաստը:

58. Հարցազրույցի փուլն անցկացվում է սույն կարգի 8-19-րդ կետերով սահմանված կարգով:

 

IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

59. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը Պաշտպանին տալու հաջորդ օրը Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցները ներկայացնում են՝

1) դիմում՝ պաշտոնում նշանակելու մասին.

2) լրացված անձնական թերթիկ.

3) ինքնակենսագրություն.

4) իրենց կրթության և գիտելիքների մակարդակը հավաստող, ինչպես նաև՝ անձնական գործում պահվող այլ փաստաթղթեր:

60. Եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Պաշտպանը Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

61. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնում չնշանակված անձինք ընդգրկվում են Պաշտպանի աշխատակազմի կադրերի ռեզերվում՝ երեք տարի ժամկետով:

62. «Դատական ծառայության մասին» ԱՀ օրենքով սահմանված դեպքերում անցկացվում է կրկնակի մրցույթ, երբ՝

1) Մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել.

2) դիմում տված քաղաքացիներից ոչ մեկը Մրցույթին չի ներկայացել.

3) Մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.

4) Մրցույթը դատական կարգով ճանաչվել է անվավեր:

63. Կրկնակի մրցույթն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

64. Եթե կրկնակի մրցույթը, «Դատական ծառայության մասին» ԱՀ օրենքի համաձայն, համարվում է անվավեր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո հայտարարվում է նոր մրցույթ, որն անցկացվում է սույն կարգին համապատասխան:

Download Full Document