2018թ. նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայող Մոնթե Մադոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի միջոցով հրապարակայնորեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել իր արտահայտվելու ազատության սահմանափակման կոնկրետ օրինակի վրա՝ ակնկալելով Պաշտպանի դիրքորոշումը դրա վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ վերջինիս կողմից բարձրացված հարցը առերևույթ վերաբերում էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը Արցախում՝ Մ. Մադոյանին առաջարկվել է գրավոր դիմումով ներկայացնել իր բողոքի մանրամասները: Վերջինս հրաժարվել է գրավոր դիմումով բողոք ներկայացնել իր կողմից կատարված հրապարակային հայտարարության վերաբերյալ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հրապարակելով որոշակի փաստեր և փաստարկներ, որոնք, իր համոզմամբ, սահմանափակում են իր խոսքի և մտքի ազատության իրավունքը:
Հարցի ուսումնասիրության արդյունքում, Պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ Մ. Մադոյանի ներկայացրած հարցը վերաբերում է արտահայտվելու ազատությանը, որն ամրագրված է մարդու իրավունքների միջազգային իրավունքում, այդ թվում՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (հոդված 10) և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդված 19), ինչպես նաև ԱՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի 1-ին մասը հռչակում է.
«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:
Կարևորելով արտահայտվելու  ազատության պատշաճ պաշտպանությունն Արցախում՝ միևնույն ժամանակ պետք է շեշտադրել հետևյալ կետերը ընդհանրապես արտահայտվելու ազատության և մասնավորապես ներկայացված հարցի վերաբերյալ՝
	- Արտահայտվելու ազատությունը չի կարող բացարձակ լինել, և դրա հնարավոր սահմանափակման հիմքերը և սահմաններն ամրագրված են ինչպես Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով և Դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ մասով, այնպես էլ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով:
 
	- Դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ ընդգծվում է, որ ազատ արտահայտվելու իրավունքի նկատմամբ թույլատրելի են որոշ սահմանափակումներ, որոնք կապված են այլ անձանց կամ ամբողջ հասարակության շահերի հետ:  3-րդ կետում բերված են այն պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են սահմանափակումներ արվել. դրանք պետք է «սահմանվեն օրենքով», կարող են դրվել միայն 3-րդ կետի (ա) և (բ) կետերում նշված պատճառներով և տվյալ մասնակից պետության համար պետք է հիմնավորված լինեն որպես «անհրաժեշտ» այդ նպատակներից որևէ մեկի շրջանակում: 
 
Այսպիսով, 19-րդ հոդվածի 3-րդ կետը թույլ է տալիս, որ ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակվի օրենքով նախատեսված միջոցներով և համաչափորեն ուղղված լինի.
	- Այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը,
 
	- Ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, բնակչության առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելուն:
 
Դաշնագրի թիվ 34 ընդհանուր մեկնաբանության 24-րդ կետի համաձայն՝ սահմանափակումները պետք է սահմանված լինեն օրենքով: Համապատասխան օրենքը կարող է ընդգրկել խորհրդարանական արտոնությամբ օրենքները (laws of parliamentary privilege) և  դատական մարմինների մեկնաբանությունները:
	- Արտահայտվելու ազատության հնարավոր սահմանափակման մասին դրույթ պարունակում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայ որի՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականութամ կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով: Վերոգրյալի կապակցությամբ ՄԻԵԴ իրավաբանությունը հանգում է հետևյալին՝միջամտությունը իրավաչափ է, եթե՝
 
 1. Սահմանափակման միջոցները պետք է հիմք ունենան ներպետական օրենքներում, այսինքն սահմանված լինեն օրենքով, 
2. Միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ (Կարապետյանը եւ ուրիշներն ընդդ. Հայաստանի, §37): 
Արտահայտվելու ազատության սահմանափակման յուրաքանչյուր դեպք պետք է նեղ մեկնաբանություն ստանա, եւ ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի (§44): Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «անհրաժեշտ» ածականը ենթադրում է ծայրահեղ սոցիալական անհրաժեշտության առկայություն։ Պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ` գնահատելու այդպիսի անհրաժեշտության առկայությունը, սակայն դա սերտորեն փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ (§45):
	- ԱՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
 
Ելնելով այս դրույթից՝ կարելի է արձանագրել նաև, որ արտահայտվելու ազատության սահմանափակման աստիճանը հարաբերական է՝ կախված իրավիճակից և այլ էական հանգամանքներից:
Անդադառնալով ԱՀ հանրային ծառայող Մոնթե Մադոյանի կարծիքի արտահայտման իրավունքի ենթադրյալ սահմանափակման հարցին, հարկ է նշել հետևյալը՝
	- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կարապետյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով որոշմամբ ՄԻԵԴ-ը համարում է, որ հանրային ծառայողի եւ պետության՝ որպես գործատուի միջեւ վստահության եւ հավատարմության առանձնահատուկ կապը կարեւոր է, ինչը նշանակում է, որ հանրային ծառայողն իր գործառույթներն իրականացնելիս պետք է հարգի եւ ապահովի այդ կապը:
 
	- Ինչ վերաբերում է պետության կողմից կիրառվող սահմանափակումներին, ապա ՄԻԵԴ վերոնշյալ որոշումն ընդգծում է, որ հստակ կատեգորիայի հանրային ծառայողների քաղաքական չեզոքությունը (տվյալ դեպքում՝ քաղաքական զսպվածությունը) պահպանելու անհրաժեշտությանն ուղղված միջոցները կարող են սկզբունքորեն իրավաչափ եւ համաչափ համարվել՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում (տե՛ս Ահմեդն ու այլոք ընդդեմ Միացյալ թագավորության [Ahmed and Others v. the United Kingdom] գործը, 1998 թվականի սեպտեմբերի 2, § 63, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1998-VI): Այնուամենայնիվ, ըստ ՄԻԵԴ-ի՝ այդպիսի միջոցը չպետք է կիրառվի ընդհանուր ձեւով, ինչը կարող է ազդել պաշտպանվող իրավունքի էության վրա՝ առանց հաշվի առնելու խնդրո առարկա հանրային ծառայողի գործառույթներն ու դերը եւ, մասնավորապես, յուրաքանչյուր դեպքի հանգամանքները (տե՛ս, mutatis mutandis, Քյուչյուկբալաբան եւ Քուտլուն ընդդեմ Թուրքիայի [Küçükbalaban and Kutlu v. Turkey] գործը, թիվ 29764/09 եւ 36297/09, § 34, 2015 թվականի մարտի 24. եւ Դեդեկանն ու Օքն ընդդեմ Թուրքիայի [Dedecan and Ok v. Turkey] գործը, թիվ 22685/09 եւ 39472/09, § 38, 2015 թվականի սեպտեմբերի 22):
 
	- Տվյալ դեպքում էական հանգամանք է Մ. Մադոյանի՝ հանրային ծառայողի կարգավիճակը, որով պայմանավորված որոշակի սահմանափակումներ են նախատեսվում «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքով: Մասնավորապես, նշյալ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայության հիմնական սկզբունքները, որոնցից է նաև  1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ հանրային ծառայողի քաղաքական զսպվածությունը:
 
Նույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայողի հիմնական պարտականությունները, այդ թվում՝ էթիկայի կանոնները պահպանելը: Իսկ 28-րդ հոդվածը վերաբերում է հանրային  ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին, այն է.
«Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ» (հոդված 28, մաս 1):
Քաղաքական զսպվածության և էթիկայի կանոնները պահպանելու  դրույթներն առնչվում են, ի թիվս այլ իրավունքների և ազատությունների, նաև կարծիքի արտահայտման ազատությանը: Իսկ այլ անձանց (այդ թվում՝ իշխանություն կրող անձանց) մասին անհարգալից և վիրավորական արտահայտություններով զուգակցվող կարծիքներն առավել ևս չեն կարող համապատասխանել նշված դրույթներին:
	- Իշխանության գործադիր մարմիններում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք կարող են համարվել ոչ միայն «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված սահմանափակումներին, այլ նաև՝ ՄԻԵԴ-ի վերոնշյալ որոշմամբ ներկայացված սահմանափակմանը ենթակա կատեգորիայի հանրային ծառայողներ, քանի որ հանրությունը նրանց կարող է ընկալել որպես իշխող քաղաքական թիմի անդամ, որը պետք է հետևի իրականացվող քաղաքական կուրսին և որի արտահայտած կարծիքը կարող է վերագրվել նաև իր գործատուին: Այդ առումով կարևոր է հաշվի առնել «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի հետևյալ հատվածը.
 
«Հայեցողական պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձը կարող է փոփոխվել քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում»:
Այս սահմանումից ենթադրվում է, որ հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջների համար էական հանգամանք է ոչ միայն հանրային ծառայող լինելը, այլ նաև՝ քաղաքական թիմի անդամ լինելը, ինչը նույնպես հիմք է հանդիսանում հանրային ծառայողի և գործատուի միջև վստահության և հավատարմության առանձնահատուկ կապի համար: 
	- Պետք է նշել, որ հանրային ծառայողի կարգավիճակը, ընդհանուր առմամբ, չի սահմանափակվում կոնկրետ ժամային և տարածական հատկանիշներով: Հետևաբար, Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները (այս պարագայում՝ կարծիքի արտահայտման ազատության, քաղաքական զսպվածության և էթիկայի կանոնները պահպանելու դրույթները) ուժի մեջ են ցանկացած ժամի և վայրում: Դրա մասին է վկայում «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի՝ էթիկայի կանոններին առնչվող վերոբերյալ 28-րդ հոդվածի 2-րդ մասը.
 
«Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին»:
ՈՒստի, պետք է հաշվի առնել, որ հասարակության ընկալումներում հանրային ծառայողը կրում է իր կարգավիճակը և դրանով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները նաև ոչ աշխատանքային ժամերին, և նրա արտահայտած կարծիքը կարող է վերագրվել նաև իր կարգավիճակին, ներառյալ՝ իր գործատուին: 
	- Վերը նշված որոշման մեջ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնում, որ, քանի որ հանրային ծառայողները, ինչպես եւ մնացած բոլոր անհատները, Կոնվենցիայի 10-րդ հոդվածին համապատասխան, օգտվում են իրենց կարծիքն ու գաղափարներն ազատ արտահայտելու իրավունքից, ապա Պայմանավորվող պետությունները պետք է որոշակի ազատություն թույլ տան հանրային ծառայողներին ներքին հասարակական բանավեճերին մասնակցելու համար, մասնավորապես, երբ նրանց փորձն ու մասնագիտական փորձառությունը կարող են նպաստել հանրային շահերից բխող եւ կարեւորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկացված բանավեճերին:
 
	- Ինչպես կարծիքի արտահայտման ազատությունն է հարաբերական, այնպես էլ՝ դրա սահմանափակումները, որոնք հավասարակշռվում են և՛ մարդու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, և՛ տվյալ դեպքում հանրային ծառայողի իրավունքներով: Այսպես՝ «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայողի հիմնական իրավունքները. մասնավորապես, 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայողն իրավունք ունի իր խախտված իրավունքները բողոքարկել օրենքով սահմանված կարգով, իսկ նույն մասի 9-րդ կետով ամրագրված է հանրային ծառայողի իրավական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից:
 
	- Այսպիսով, Մոնթե Մասդոյանի կարծիքի արտահայտման իրավունքի սահմանափակման նպատակը հանրային ծառայողի քաղաքական չեզոքությունը երաշխավորելու իրավաչափ նպատակ էր հետապնդում, ինչն ունի օրենսդրական հիմք: Մինչդեռ, հարկ է ընդգծել, որ ԱՀ օրենսդրությամբ սահմանված չեն այն միջոցները, որոնք կարող են կիրառվել հանրային ծառայողի կողմից քաղաքական չեզոքություն չպահպանելու հետևանքով վրա հասնող միջոցները: