Publication Date 02.03.2020
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է «Տեղեկատվության ազատության մասին» ԱՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը՝ միևնույն ժամանակ ներկայացնելով հետևյալ դիտարկումներն ու առաջարկները՝
1. Նախագծով նախատեսվում է ստեղծել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր տեղեկատվության ազատության խորհուրդ, որն, ըստ Նախագծի 14-րդ հոդվածի, ուսումնասիրում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված տեղեկատվության ազատությանը վերաբերող հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց բողոքները, ինչպես նաև իրականացնում է Օրենքով նախատեսված մի շարք այլ լիազորություններ: Պաշտպանը նպատակահարմար չի համարում ընդունել Նախագծի տվյալ դրույթը և դրանից բխող «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքում լրացում կատարելու մասին » ԱՀ օրենքի նախագծի առաջարկը՝ հետևյալ հիմնավորումներով՝
Ա) Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ տեղեկություն տնօրինողներ են հանդիսանում տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, պետական հիմնարկները և կազմակերպությունները, համայնքային կազմակերպությունները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները կամ հանրային կազմակերպությունները, իսկ 4-րդ կետը տալիս է հանրային կազմակերպությունների սահմանումը, այն է՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող կամ առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող կամ պետության կողմից պատվիրակված լիազորություններ իրականացնող ոչ պետական կազմակերպությունները: Այնինչ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի համաձայն՝
«1) Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները.
2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները»:
Նախագծից և Օրենքից մեջբերված հատվածների համեմատությունից երևում է, որ Նախագծում թվարկված որոշ ոլորտների վերաբերյալ բողոքները Պաշտպանի քննարկմանը ենթակա չեն, մասնավորապես՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող և որոշ չափով հանրությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների դեմ բողոքների առկայության դեպքում Պաշտպանը լիազորված չէ դրանք քննարկելու։ Հետևաբար, զգալի հակասություն կա Պաշտպանի լիազորությունների և նրան առընթեր խորհրդի առաջարկվող լիազորությունների միջև:
Բ) Արդյունավետ չէ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակներում ստացված բողոքների մի մասը քննարկել Օրենքով նախատեսված սովորական ընթացակարգից ու ձևաչափից (Պաշտպանի աշխատակազմ) տարբերվող ընթացակարգով ու ձևաչափով (Խորհրդի միջոցով), առավել ևս այն դեպքում, երբ Խորհուրդը, կարծես թե, գործելու է հասարակական հիմունքներով՝ Պաշտպանի աշխատակազմից դուրս, ինչը նշանակում է, որ ի վիճակի չի լինելու պատշաճ ժամանակ և կարողություններ տրամադրել իր լիազորությունների կատարման համար: Դրա փոխարեն հարկ է ընդլայնել և զորացնել Պաշտպանի աշխատակազմի կարողությունները, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով կատարել Պաշտպանի բոլոր լիազորությունները՝ բողոքների քննարկումից մինչև կոնկրետ ոլորտների մշտադիտարկում ու մարդու իրավունքների օրենսդրության կատարելագործում:
Գ) Արդյունավետ չէ նաև առանձնացված խորհրդի միջոցով զբաղվել մի հարցով (տեղեկություններ ստանալու իրավունքով), որի վերաբերյալ Պաշտպանը ստանում է տարեկան շատ քիչ (ամենաշատը 2019թ.-ին էր՝ 8) բողոքներ, ինչը նշանակում է, որ այդ իրավունքն այնքան էլ օրախնդիր ու առաջնահերթ չի ընկալվում հասարակության մոտ՝ ի տարբերություն մի շարք այլ իրավունքների ու ոլորտների:
Դ) Օրենքի 32-րդ հոդվածը սահմանում է, որ Պաշտպանը կարող է ստեղծել իրեն առընթեր խորհուրդներ` կազմված մարդու իրավունքների բնագավառում անհրաժեշտ փորձ և գիտելիքներ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից: Խորհրդի անդամներին հրավիրում է Պաշտպանը: Խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Պաշտպանը: Վերոգրյալ դրույթը հնարավորություն է տալիս Պաշտպանին ցանկացած պահի ըստ անհրաժեշտության ձևավորել և՛ ընդհանրական, և՛ կոնկրետ հարցերով զբաղվող առընթեր խորհուրդներ: Սակայն քաղաքացիական հասարակության (ներառյալ՝ փորձագիտական համայնքների) թույլ զարգացվածությունը լուրջ խոչընդոտ է հասարակական հիմունքներով աշխատող նման խորհուրդների արդյունավետության համար:
2. ԱՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է «պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու» (հանրային նշանակության տեղեկություն ստանալու) իրավունքը: Ուստի, կա անհրաժեշտություն օրենսդրորեն հստակեցնել «հանրային նշանակության տեղեկություն» հասկացությունը, շրջանակը, ցանկը:
3. Տեղեկությունների տրամադրման պայմանները սահմանող դրույթներում նախատեսել, որ տեղեկության տրամադրման համար գանձում չի կատարվում, երբ տեղեկությունն ունի հանրային նշանակություն:
4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել այնպես, որ ամրագրվի յուրաքանչյուր անձի իրավունքը ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը կամ այն ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։
Այս առաջարկն ուղղակիորեն բխում է ԱՀ Սահմանադրության 42-րդ հոդվածից («Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը») և 51-րդ հոդվածից («Յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք»): Միաժամանակ, յուրաքանչյուր անձի տվյալ իրավունքն ամրագրված է ԱՀ կողմից ընդունված հետևյալ միջազգային փաստաթղթերում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (հոդված 19), Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայում (հոդված 10) և Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում (հոդված 19):