Թողարկման ամսաթիվ 11.05.2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան- ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ Հարկ է նշել, որ բնապահպան ներկայացող անձինք բազմաթիվ ապացուցված փաստերով սերտորեն փոխկապակցված էին ադրբեջանական իշխանությունների հետ կամ էլ հանդիսանում ադրբեջանական հատուկ ծառայությունների գործող կամ նախկին աշխատակիցներ։
2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը հայտարարել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին՝ Հակարի գետի կամրջի վրա ադրբեջանական անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելու մասին։ Ապրիլի 28-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանն ավարտել է հսկիչ անցագրային կետի կառուցումն ու կահավորումը, ադրբեջանական այսպես կոչված «բնապահպան ակտիվիստները» հայտարարել են, որ հեռանում են ճանապարհի արգելափակված հատվածից, իսկ նրանց փոխարինել են ադրբեջանական ոստիկանության և այլ ծառայությունների ներկայացուցիչներ։ Այս զարգացումների հետևանքով ապրիլի 23-ից փաստացի Ադրբեջանի կողմից պետական ծառայությունների ներգրավմամբ արգելափակված է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը երկու հատվածում՝ Շուշիի հարևանությամբ և Հակարի կամրջի մոտ։ Ադրբեջանի կողմից անօրինական անցակետի տեղադրման հետևանքով կրկնակի շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին շեն, Մեծ շեն և Լիսագոր համայնքները։
Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով վեց ամիս (182 օր) շարունակ ֆիզիկապես խոչընդոտվում է Արցախի միակ կյանքի ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։
Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված Հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար կոպտորեն խախտել է հայտարարության դրույթները՝ դիմելով ռազմական էսկալացիաների, խաթարելով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը, ֆիզիկական և հոգեբանական հարձակումներ և բռնություն կիրառելով քաղաքացիական բնակչության նկատմամբ։
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։
Սույն զեկույցը համապարփակ կերպով ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումները, որոնք արձանագրվել են շրջափակման վեց ամսվա (182 օրվա) ընթացքում՝ մինչև 2023թ. հունիսի 12-ը։ Զեկույցը պատրաստվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պետական մարմիններին ուղղված հարցումների, իրականացված ուսումնասիրություններից ու հարցազրույցներից և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա։
Յուրաքանչյուր իրավունքի առնչվող բաժնում ներկայացված են որոշակի լուսանկարներ և մարդկային պատմություններ, որոնք արտացոլում են իրականությունը: Հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը՝ բոլոր լուսանկարները կա՛մ բաց աղբյուրներից են, կա՛մ կիրառվել են դրանցում երևացող անձանց և հեղինակների համաձայնությամբ, իսկ մարդկային պատմություններում ներկայացվող անձանց անունները փոխված են:
Այս զեկույցը պատրաստվել է նախորդ զեկույցների ցուցանիշների թարմացման հիման վրա, որոնք հրապարակվել են շրջափակման 100-րդ օրվա առթիվ՝ մարտի 21-ին, 122 օրվա առթիվ (4 ամիս)՝ ապրիլի 12-ին, 150 օրվա առթիվ (5 ամիս)՝ մայիսի 10-ին։