Համագործակցություն

Այս էջում՝

Քաղաքացիական հասարակություն

  • ԼՂՀ փախստականների միություն

    Պաշտպանի աշխատակազմի համագործակցությունը «ԼՂՀ փախստականների միություն» հասարակական կազմակերպության հետ իրականացվում է փախստական և ներքին տեղահանված անձանց հուզող հիմնախնդիրների վերհանման ու նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Այդ առումով, Պաշտպանի ջանքերն ուղղված են և՛ ներքին, և՛ միջազգային հարթակներում նշյալ անձանց հիմնախնդիրների բարձրացմանն ու իրավունքների պաշտպանությանը:

  • Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն

    Պաշտպանի աշխատակազմը համագործակցում է «Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ հատկապես ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման աշխատանքների ուղղությամբ:

  • Մայրություն

    Պաշտպանի աշխատակազմի համագործակցությունը «Մայրություն» հասարակական կազմակերպության հետ առնչվում է հիմնականում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկման աշխատանքներին:

ՀՀ հաստատություններ և կազմակերպություններ

Սփյուռքյան և միջազգային կառույցներ

  • Հայ բարեգործական ընդհանուր միություն

    Հայ բարեգործական ընդհանուր միության և դրա Հայաստանի մասնաճյուղի հետ համագործակցությունն ընդգրկում է Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը, մարդու իրավունքներին վերաբերող ծրագրերի իրականացումը, ինչպես նաև այս կայքի պատրաստումը՝ որպես իրազեկման աշխատանքներին մեծ աջակցություն:

  • Եվրոպական Օմբուդսմենի Ինստիտուտ

    Եվրոպական Օմբուդսմենի Ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ  մարմին է, որի շրջանակներում մի շարք երկրների օմբուդսմեններին, այդ թվում` ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին, հնարավորություն է ընձեռվում կատարել փորձի և անհրաժեշտ գիտելիքների փոխանակում: 2009 թվականից Պաշտպանը Ինստիտուտի անդամ է, ինչը ենթադրում է կառույցի գլխավոր վեհաժողովին, վեհաժողովի ղեկավար մարմինների ընտրության մասնակցությամբ, ինչպես նաև պարբերական հանդիպումների ձևաչափով համագործակցություն:

  • Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ

    Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ մշակվել և հրապարակվել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքը և թշնամությունն ընդդեմ հայերի» Պաշտպանի հատուկ զեկույցը, ինչպես նաև հիմնադրամի աջակցությամբ 2016 թվականից ի վեր Պաշտպանը կազմակերպում է մարդու իրավունքների պաշտպանության թեմայով շարադրությունների և լուսանկարների ու տեսանյութերի ամենամյա մրցույթներ դպրոցականների շրջանում:

  • ԱՄՆ Հայ իրավաբանների միություն

    ԱՄՆ Հայ իրավաբանների միության հետ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համագործակցությունը ընդգրկում է փորձուսուցման ծրագրերի կազմակերպում ամերիկահայ ուսանողների համար, միության տարեկան համաժողովներին Պաշտպանի մասնակցությունը, պարբերական հանդիպումների և տարաբնույթ ծրագրերի համատեղ իրականացում: Հայ իրավաբանների միությունը նաև իր բաժին աջակցությունն է տրամադրել Արցախի պետական համալսարանում իրավաբանական կլինիկայի գործարկման հարցում: Բացի դրանից, Միության միջնորդությամբ Պաշտպանը համագործակցության հուշագիր է ստորագրել ԱՄՆ Հարավ-Արևմտյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հետ, որի հիման վրա արցախցի ուսանողներն ու հանրային ծառայողները հնարավորություն ունեն մարդու իրավունքների կրթություն ստանալ տվյալ համալսարանում:

  • ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի համագործակցությունը դրսևորվում է պաշտոնական փոխայցերի, հանդիպումների, Եվրապառլամենտի պատգամավորների պատվիրակությունների հետ հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև փորձուսուցման ծրագրերի կազմակերպման միջոցով: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը աջակցում է Պաշտպանի զեկույցների և այլ փաստաթղթերի տարածմանը, համապատասխան միջոցառումների կազմակերպմանը: