Մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցի նպատակը նախորդ տարվա ընթացքում իրեն հայտնի դարձած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների խախտման դեպքերի և նրանց վերականգնմանն ու նմանատիպ դրսևորումների կանխմանն ուղղված` իր կողմից իրականացված գործունեության, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության ընդհանուր վիճակի բարելավման համար առաջարկվող միջոցների մասին երկրի իշխանություններին և հասարակությանն իրազեկելն է:
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի2 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նիստում։ Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:
Սույն զեկույցում գնահատական է տրվում 2010թ. դրությամբ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակին և դրա հետ կապված հիմնախնդիրներին, ներկայացվում են մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններ և դրանց պատճառների վերլուծությունը, Պաշտպանի կողմից կատարված աշխատանքն ըստ իր գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց արձագանքը նրա կողմից արված առաջարկներին:
Զեկույցը նախապատրաստված է ԼՂՀ գործող օրենսդրության և իրավիճակի ուսումնասիրության հիման վրա: Այն իրականացվել է` ամփոփելով քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները և այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից բնակչության ընդունելության, զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման, այդ թվում նախնական կալանքի և ազատազրկման վայրեր կատարված այցելությունների ընթացքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու ոչ պետական կազմակերպություններից ստացված, զանգվածային լրատվության միջոցներում տպագրված նյութերից, ինչպես նաև հասարակության մեջ հնչեղություն ստացած դեպքերի ու իրադարձությունների կապակցությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրություններից (այսուհետ` նաև «Օրենք»):
Այսպիսով, զեկույցը չի կարող մարդու իրավունքներին հետևելու հետ կապված իրավիճակի ամբողջական բնութագիր հանդիսանալ, քանի որ այն չի արտացոլում մարդու իրավունքների խախտման դեպքեր, որոնք հայտնի են դարձել պետական այլ պատկան մարմիններին կամ քաղաքացիների կողմից չեն բողոքարկվել Պաշտպանին:
Պետք է նշել նաև, որ ինչպես այլ երկրների օմբուդսմանների գործունեությունը կանոնակարգող օրենսդրությունն, այնպես էլ ԼՂՀ համապատասխան օրենքը երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոխակերպումների և մարդու իրավունքների պետական պաշտպանության ոլորտում ունեցած ձեռքբերումների մասին տեղեկությունների արտացոլում չի նախատեսում : Այդ իսկ պարզ պատճառով սույն զեկույցում չեն վերլուծվում տնտեսական, իրավապահ և այլ ոլորտների կատարելագործման համար պետության կողմից ձեռնարկվող օրենսդրական և կազմակերպչական բնույթի բազմաթիվ միջոցները, որոնք իրենց հերթին նպաստում են մարդու իրավունքների պաշտպանվածության իրավիճակի բարելավմանը: Սակայն, հաշվի առնելով, որ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի` մարդու իրավունքների գծով միջազգային կազմակերպությունների հետ կապերի և այլ երկրների օմբուդսմանների հետ համագործակցության հաստատմամբ և զարգացմամբ Պաշտպանի զեկույցին ծանոթացողների շրջանակները մշտապես ընդլայնվում են, անհրաժեշտություն է առաջանում փոքր ինչ հեռանալ ընդունված չափորոշիչներից` համառոտ ներկայացնելով նաև ինստիտուտի` որպես դե ֆակտո անկախ, սակայն դեռ միջազգային իրավական ճանաչում չունեցող պետության մարմնի :
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է 2008թ. ապրիլի 17-ից:
Պաշտպանի ինստիտուտը գործում է Մարդու իրավունքների խրախուսմամբ ու պաշտպանությամբ զբաղվող ազգային ինստիտուտների կարգավիճակին վերաբերող հիմնարար սկզբունքներին համապատասխան (Փարիզյան սկզբունքներ), որոնք ամրագրված են նաև ԼՂՀ Սահմանադրությամբ ու «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքով:
Սակայն ԼՂՀ օմբուդսմանի ինստիտուտի ստեղծումը չի կարելի համարել սոսկ Արևմտյան Եվրոպայում վաղուց հաստատված ժողովրդավարական ինստիտուտների ավանդույթներն ու փորձն ակտիվորեն յուրացնող երիտասարդ ժողովրդավարության պետությունների օրինակին հետևելու բնական քայլ:
Դա բավականին դժվար ընտրություն էր, քանի որ ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների մեր դրությունը անհրաժեշտություն էր առաջացնում գտնելու հստակ հիմնավորված պատասխան գլխավոր հարցին` «պե՞տք է արդյոք օմբուդսմանի ինստիտուտը մի երկրի, որը գործում է պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի և ռազմական դրության ռեժիմի գործողության պայմաններում, երբ նման ռեժիմում գտնվող պետության օրենքները նախատեսում են ոչ թե մարդու իրավունքների խրախուսում, այլ ընդհակառակն` սահմանափակում են դրանցից որոշները և եթե այո, ապա արդյո՞ք այն պետք է լիովին, թե՞ միայն մասնակի համապատասխանի նման հաստատությանը վերաբերող դասական կանոններին և պատկերացումներին»:
Այժմ վստահորեն կարելի է արձանագրել, որ պետական իրավապաշտպան այս նոր մարմնի ստեղծումը մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների կարևորագույն բաղադրիչներից էր` ուղղված պետության կատարելագործմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը:
Ի դեպ ստիպված եմ ափսոսանքով փաստել, որ ի տարբերություն ԽՍՀՄ փլուզման արդյունքում ձևավորված այլ` միջազգային հանրության կողմից ճանաչված պետությունների, որտեղ նման իրավապաշտպան կազմակերպությունները ստեղծվում և կայանում էին մարդու իրավունքների պաշտպանության հարցերով տարբեր միջազգային իրավապաշտպան կառույցների խորհրդով և օգնությամբ (մեթոդական և ֆինանսական), ԼՂՀ օմբուդսմանի ինստիտուտն եղել և շարունակում է զրկված մնալ նման հնարավորություններից:
Նշված միջազգային կառույցներին գոնե կարող էր հետաքրքրել ռազմական դրության պայմաններում գտնվող երկրում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտ ստեղծելու և գործելու` մեր պատկերացմամբ միջազգային պրակտիկայում եզակի փաստը:
Ուշագրավ է նաև այն, որ նման ռեժիմի գործողության մոտ 20 տարվա ընթացքում ոչ օրենսդրորեն, և ոչ էլ այլ եղանակով երկրում չի սահմանափակվել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում բերված և ԼՂՀ Սահմանադրությունում ու այլ օրենքներում ամբողջ ծավալով ընդգրկված մարդու ոչ մի իրավունք: