ԱՀ ընտրական օրենսդրության և պրակտիկայի բարելավմանն ուղղված առաջարկներ՝ ՏԻՄ 2019թ. ընտրությունների դիտարկման հիման վրա

Թողարկման ամսաթիվ 20.11.2019

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

2019 թվականի սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության բոլոր 228 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց ընթացքին հետևել է, իր լիազորությունների և օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմների սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև՝ 6 տեղական դիտորդական կազմակերպություններ՝ 178 անդամներով, 2 կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետությունից՝ 142 անդամներով, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունները, համապատասխանաբար 14 և 3 անդամներով:

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման աշխատանքների և դիտորդական խմբերի կողմից հրապարակված տեղեկությունների հիման վրա ստորև ներկայացվում են հիմնական համակարգային խախտումներն ու խնդիրները՝ իրենց առաջարկվող լուծումներով:

 

1. Քվեարկության գաղտնիության իրավունքի ապահովում

  1. 1.1 Քվեաթերթիկը քվեատուփի մեջ է գցվում առանց ծրարի, ինչը լրացուցիչ ռիսկեր է առաջացնում քվեարկության գաղտնիության ապահովման համար:

Խնդրի լուծման հնարավոր տարբերակ կարող է լինել ՀՀ ընտրական օրենսգրքի՝ քվեարկության ծրարներին առնչվող համապատասխան կարգավորումների փոխառումը: Այսպես, քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են ընտրության անվանման հապավումը, քվեարկության ամսաթիվը և ընտրատեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման (ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդված):

 Քվեարկելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է քվեատուփի մոտ ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամին և նրան է հանձնում քվեարկության կտրոնը: Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարն ընտրողից վերցնելու քվեարկության ծրարի կտրվածքի միջով քվեաթերթիկին է փակցնում ինքնասոսնձվող դրոշմանիշը, որից հետո բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեարկության ծրարը գցելու քվեատուփի մեջ (ՀՀ ընտրական օրենսգրքի 67-րդ հոդված):

  1. 1.2 Քվեախցիկները նեղ են և ունեն ճեղքեր, որոնք երբեմն (հատկապես Ստեփանակերտի ավագանու ընտրության դեպքում) պատճառ են դարձել գաղտնիության իրավունքի խախտման, քանի որ քվեարկության ընթացքում երկար քվեաթերթիկները դուրս էին գալիս տվյալ ճեղքերով:

Խնդրի լուծումն ավելի լայն քվեախցիկների կիրառումն է, ինչպիսիք օգտագործվում են ՀՀ-ում: Տվյալ քվեախցիկները ճեղքեր չունեն, բացի դրանից ունեն լրացուցիչ ծրարների տեղադրման համար նախատեսված հարմարություններ, եթե ծրարների ու դրոշմանիշերի օգտագործման վերոնշյալ մոտեցումը կիրառվի:

  1. 1.3 Քվեատուփերը փոքր են, ինչի հետևանքով երբեմն կարիք է առաջանում փոխարինել լցված քվեատուփը նոր՝ դատարկ քվեատուփով՝ որոշակի լրացուցիչ ռիսկեր առաջացնելով գաղտնիության իրավունքի հետ կապված, ինչպես նաև կազմակերպչական դժվարությունների պատճառ դառնալով:

Ցանկալի է փոխել քվեատուփերը՝ օգտագործելով ավելի մեծ չափերի քվեատուփեր, ինչպիսիք կիրառվում են ՀՀ-ում:

  1. 1.4 Որոշ ընտրատեղամասերում առկա են եղել կահավորման հետ կապված խնդիրներ, ներառյալ՝ քվեախցիկները տեղադրված են եղել այնպես, որ ռիսկեր են առաջացրել քվեարկության գաղտնիության համար, իսկ չհրկիզվող պահարանը որոշ դեպքերում գտնվում էրքվեարկության սենյակից դուրս:

Տեղամասերի կահավորման հետ կապված խնդիրների մեծ մասը պայմանավորված է եղել շենքային պայմանների անհամապատասխանելիությամբ և տարածքների ոչ հաջող ընտրությամբ: Մի շարք համայնքներում քվեարկության համար նախատեսված սենյակները բավականին փոքր էին սահմանված չափանիշների համեմատությամբ:

Խնդրի լուծումը, հնարավորության առկայության դեպքում, տվյալ բնակավայրում առավել համապատասխան տարածքի ընտրությունը և դրա արդյունավետ կահավորումն է, որը հնարավորինս կհամապատասխանի գաղտնիության ապահովման չափանիշներին: Կարիքի դեպքում կարելի է օրենսդրական փոփոխությամբ (ԼՂՀ ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մաս) փոքր համայնքների համար որոշակիորեն կրճատել այն շենքերի ցանկը, որոնցում թույլատրված չէ տեղամասային կենտրոն տեղակայել:

 

2. Քվեարկության մատչելիության իրավունքի ապահովում

    2.1 Ընտրատեղամասերի շենքերի զգալի մասում խնդիրներ կան ֆիզիկական մատչելիության առումով, որոնք դժվարություններ են ստեղծում հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց՝ ընտրատեղամասեր հասնելու համար:

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է լրացուցիչ հնարավորություններ` ապահովելով քվեարկողի կամքի ազատ արտահայտման հնարավորությունը և քվեարկության գաղտնիությունը:

Ողջունելի է, որ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընդունված ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015թ. հունվարի 28-ի N 1-Ն որոշումը նախատեսում է այլընտրանքային լուծում նման դեպքերի համար՝ թույլատրելով տեղամասային կենտրոնից դուրս քվեարկության կազմակերպումը: Այնուամենայնիվ, ավելի երկարաժամկետ ու հիմնային լուծումն այն է, որ նոր կառուցվող շենքերում պահպանվեն համընդհանուր դիզայնի ընդունված չափորոշիչները, իսկ հին շենքերն աստիճանաբար հնարավորինս համապատասխանեցվեն դրանց: Դրա արդյունքում ուղիղ ու լրիվ կերպով կերաշխավորվեն հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց իրավունքները՝ միաժամանակ խուսափելով քվեարկության գաղտնիությունը վտանգող իրավիճակներից, ինչպիսին ընթացիկ լուծումն է:

  1. 2.2 Օրենսդրությամբ ու պրակտիկայում ապահովված չեն տեխնիկական լրացուցիչ պայմաններ տեսողության խանգարումներ ունեցող անձանց համար քվեարկության գործընթացն ավելի մատչելի դարձնելու համար: Մասնավորապես, քվեախցիկներում գոյություն չունեն խոշորացնող ոսպնյակներ, որոնք կօգնեն թույլ տեսնող անձանց ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը և նվազեցնել կողմնակի օգնության կարիք ունեցող անձանց քանակն ու գաղտնիության իրավունքի իրացմանն ազդող ռիսկերը:

Տվյալ խնդրի լուծումն այն է, որ ընտրական օրենսգրքով նախատեսվի համապատասխան խոշորացնող ոսպնյակների տեղադրումը քվեախցիկներում, ինչպես կատարվում է Հայաստանի Հանրապետությունում՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016թ. նոյեմբերի 22-իN 136-Ն որոշմամբ:

  1. 2.3 Որոշ դեպքերում խնդիրներ են արձանագրվել քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողների քվեարկության մատչելիության և գաղտնիության իրավունքների ապահովման հետ կապված: Մասնավորապես, եղել են դեպքեր, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել չտեսնող անձին օգտվել իր նախընտրած անձի (տվյալ դեպքում՝ հարազատի) օգնությունից՝ փոխարենը ստիպելով չտեսնող անձին քվեաթերթիկը լրացնել հանձնաժողովի անդամի օգնությամբ՝ պնդելով, որ դա օրենքի պահանջ է:

ԼՂՀ ընտրական օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, ով չպետք է լինի ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ, իսկ 2019թ. ընդունված ընտրական օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ նաև դիտորդ և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ:

Չքննարկելով նման վարք դրսևորած հանձնաժողովների նախագահների դիտավորության հնարավորությունը՝ որպես լուծում պետք է երաշխավորել հանձնաժողովների նախագահների և անդամների պատշաճ վերապատրաստումը գործող ընտրական օրենսգրքին համապատասխան, որպեսզի բացառվեն օրենսդրության չիմացությամբ պայմանավորված կոպիտ խախտումները:

  1. 2.4 Արձանագրվել են նաև հայերեն տառերի չիմացության հիմնավորմամբ քվեաթերթիկը լրացնելու համար այլ անձանց քվեախցիկ հրավիրելու դեպքեր, որոնք մի կողմից ապահովում են մատչելիության իրավունքի իրացումը, մյուս կողմից ավելի խոցելի են դարձնում գաղտնիության իրավունքը:

Առանց մատչելիության իրավունքին վնասելու՝ օգնողի ինստիտուտի կիրառման դեպքերը հնարավորինս քչացնելու նպատակով առաջարկում եմ նոր կարգավորումներ մտցնել նաև հայերեն տառերը չիմացող և ոչ տառաճանաչ անձանց քվեախցիկից դուրս օգնելու համար: Այդպիսի կարգավորումներ կարող են լինել հետևյալները՝

  • Օգնության կարիք ունեցող անձի նախընտրությամբ հնարավորություն տալ որևէ մեկին քվեախցիկից դուրս բարձրաձայն ընթերցել թեկնածուների համարներն ու անունները.
  • Քվեաթերթիկում պահպանել թեկնածուների սկզբնական համարները՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ թեկնածուին նախորդող թեկնածուներից որևէ մեկը հանել է իր թեկնածությունը, թե՝ ոչ.
  • Քվեաթերթիկում թեկնածուների անունների կողքին տպագրել նաև նրանց լուսանկարները:

Այդ երեք կարգավորումները կօգնեն քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն (այդ թվում՝ հայերեն տառերը չիմացող և ոչ տառաճանաչ) ընտրողներին ինքնուրույն լրացնել քվեաթերթիկը՝ կողմնորոշվելով թեկնածուների համարներով և լուսանկարներով: Իհարկե, դրանց հետ մեկտեղ պետք է պահպանել նաև օգնողի ինստիտուտից օգտվելու իրավունքը:

 

3. Ընտրատեղամասերում անվտանգության և կարգուկանոնի ապահովում

       3.1 Ընտրատեղամասերում ոստիկանության ծառայողների համար համապատասխան սենյակներ չեն հատկացվել կամ թույլ չեն տրվել ծառայությունն իրականացնել շենքերի միջանցքներում: Որպես կանոն, նրանք ծառայությունն իրականացրել են ընտրատեղամասերի շենքերի հարակից տարածքներում, ինչը խնդիր է և՛ նրանց հասանելիության, և՛ պատշաճ պայմանների ապահովման առումներով՝ հատկապես եղանակային վատ պայմաններում:

Մինչդեռ, ոստիկանության ծառայողներին պետք է հնարավորություն տրվի ծառայություն իրականացնել կամ ընտրատեղամաս հանդիսացող շինության միջանցքում կամ էլ ընտրատեղամասին կից որևէ սենյակում, ինչը կապահովի նրանց արդյունավետ աշխատանքի և հասանելիության համար պատշաճ պայմաններ:

  1. 3.2 Ոստիկանության ծառայողները շատ դեպքերում ծառայությունն իրականացրել են առանց պատշաճ հերթափոխի: Ահազանգեր են եղել, որ ընտրության օրը ոստիկանության որոշ ծառայողներ նույնիսկ 24 ժամից ավելի են անընդհատ կատարել իրենց պարտականությունները:

Ոստիկանության ծառայողները պետք է ծառայություն իրականացնեն պատշաճ հերթափոխի միջոցով, հակառակ դեպքում խախտվում են նրանց աշխատանքային իրավունքները՝ միևնույն ժամանակ բացասականորեն անդրադառնալով նրանց աշխատանքի արդյունավետության վրա:

  1. 3.3 Գործող ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի (2019թ. ընդունված ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի) կարգավորմամբ՝ ընտրությանը նախորդող օրերին լիազոր մարմինը (համաձայն «Ոստիկանության մասին» ԱՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ոստիկանությունը) ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր: Գործնականում ծանուցագրերը բաժանվում են ոստիկանության ծառայողների կողմից, ինչը բավականին ժամանակատար է և առաջացնում է ավելորդ ծանրաբեռնվածություն ոստիկանության աշխատանքի կազմակերպման համար:

Ուստի, առավել նպատակահարմար է ծանուցագրերն ընտրողներին առաքել փոստի միջոցով: Իսկ ծանուցագրերի բաժանման պահանջը կարելի է հանել այնպիսի բնակավայրերում, որտեղ կա միայն մեկ ընտրատեղամաս, և, հետևաբար, ծանուցագրի անհրաժեշտությունը վերանում է:

  1. 3.4 Որոշ ընտրատեղամասերում արձանագրվել են օրենսդրությամբ չնախատեսված անձանց ներկայության դեպքեր, ինչն ընտրական իրավունքի հանդեպ անընդունելի միջամտություն է:

Պետք է բացառել ընտրատեղամաս հանդիսացող սենյակներում օրենսդրությամբ չնախատեսված անձանց ներկայությունը՝ օրենսդրությամբ սահմանված սկզբունքներին ու պայմաններին համապատասխան:

 

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների պատշաճ վերապատրաստում

Վերոնշյալ խնդիրների մի մասը և մի շարք այլ խնդիրներ (օրինակ՝ վիճակահանության ու հերթափոխի ընթացակարգերի չպահպանում, դիտորդների ու վստահված անձանց իրավունքների ոչ պատշաճ երաշխավորում և այլն) առաջացել են գլխավորապես տեղամասային հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք պատրաստվածության պատճառով: Նրանց պատշաճ վերապատրաստման առումով առկա են մի շարք խոչընդոտներ, մասնավորապես՝

  1. 4.1 Դասընթացների կազմակերպման համակարգը ճկուն չէ: ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացները կազմակերպվում են Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար: Երբեմն խնդիրներ են առաջանում շրջաններում դասընթացների անցկացման նպատակով թեկնածուների հասանելիության հետ կապված: Ընտրական գործընթացում ներառված այլ անձանց համար դասընթացներ ոչ միշտ են կազմակերպվում: Այդ խնդիրների հիմնական պատճառներից մեկը ԿԸՀ անդամների փոքր թիվը և ծանրաբեռնվածությունն է:

Խնդրի լուծման համար առաջարկում եմ դասընթացների կազմակերպման գործընթացին մասնակից դարձնել համապատասխան փորձագետների՝ կարիքի դեպքում նրանց լիազորելով ԿԸՀ անունից դասընթացներ վարել ընտրական գործընթացում ընդգրկված բոլոր անձանց համար՝ երկուստեք հարմար ժամկետներում ու վայրերում:

  1. 4.2 Տեղամասային հանձնաժողովների նախագահների ու անդամների վարձատրության չափը ցածր է իրենց ստանձնած պատասխանատվության, կատարած աշխատանքի և դիտորդների մի մասի վարձատրության չափի համեմատ:

Մասնավորապես, համաձայն ԼՂՀ ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի՝ մինչև 1000 ընտրող ունեցող տեղամասի դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի 80 տոկոսի (44,000 ՀՀ դրամ), հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին՝ 50 տոկոսի (27,500 ՀՀ դրամ), իսկ հանձնաժողովի անդամին՝ 30 տոկոսի (16,500 ՀՀ դրամ) չափով: 1000 և (կամ) ավելի ընտրող ունեցող տեղամասի դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին տրվում է դրամական փոխհատուցում նվազագույն ամսական աշխատավարձի չափով (55,000 ՀՀ դրամ), հանձնաժողովի նախագահի տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին՝ նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի (33,000 ՀՀ դրամ), իսկ հանձնաժողովի անդամին՝ 40 տոկոսի (22,000 ՀՀ դրամ) չափով:

Ցածր վարձատրությունն իր հերթին հանգեցնում է հետևյալ խնդիրներին՝

  • Քիչ մարդիկ են ցանկություն հայտնում աշխատելու որպես տեղամասային հանձնաժողովի անդամ կամ նախագահ, ուստի, որակյալ կադրեր ընդգրկելու հնարավորությունը խիստ սահմանափակվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար.
  • Ընտրված կադրերը շահագրգռված չեն լինում լրացուցիչ ժամանակ տրամադրել վերապատրաստման և նախապատրաստական աշխատանքների համար:

Խնդրի լուծումը տեղամասային հանձնաժողովների անդամների վարձատրության չափի բարձրացումն է՝ նախընտրաբար հավասարեցնելով ՀՀ-ում տրամադրվող վարձատրության չափին, որը միևնույն ժամանակ շոշափելիորեն բարձր կլինի դիտորդների վարձատրության չափից: ՀՀ-ում ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը և ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունն իրականացվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում, ինչպես նաև Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլ անցկացվելու դեպքում վարձատրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի կրկնապատիկի (110,000 ՀՀ դրամ), հանձնաժողովի քարտուղարը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 70 տոկոսի (77,000 ՀՀ դրամ), իսկ հանձնաժողովի անդամները՝ նվազագույն ամսական աշխատավարձի անվանական (55,000 ՀՀ դրամ) չափով:

Այսինքն, ԱՀ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները ստանում են ՀՀ գործընկերների վարձատրության չափից 2-3 անգամ ավելի քիչ վարձատրություն:

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը