Հատուկ զեկույց` Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակումներից տուժած երեխաների իրավունքների մասին

Թողարկման ամսաթիվ 09.11.2020

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զինված հարձակում են սկսել Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ: Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Քաղաքացիական օբյեկտների թիրախավորումը եղել է միտումնավոր և  չտարբերակված. համայնքների վրա հարձակումներ արձանագրվել են ադրբեջանական ագրեսիայի առաջին իսկ օրվանից: Ադրբեջանի զինված ուժերի կողմից բնակելի տների վրա իրականացված հարձակումները իրական վտանգի տակ են դրել երեխաների, կանանց, ծերերի և քաղաքացիական ամբողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, ինչպես նաև նրանց սեփականությունը, դպրոցները և քաղաքացիական այլ օբյեկտներ: Ավելին, այդ հարձակումներն այլ թիրախներից չեն տարբերակվել և ներառել են օդուժի, հրթիռների, հրետանու, հարվածային անօդաչու թռչող սարքերի և նույնիսկ միջազգայնորեն արգելված զենքերի և մեթոդների լայն կիրառում:

Սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի հրթիռային հարվածներից, հրետակոծություններից և ԱԹՍ-ներից (ներառյալ թուրքական «Բայրաքթար») զոհվել է առնվազն 50 խաղաղ բնակիչ, այդ թվում` 1 երեխա, և վիրավորվել առնվազն 163 քաղաքացիական անձ, այդ թվում` 9 երեխա: Հարձակման են ենթարկվել  Արցախի տարբեր քաղաքներ և գյուղեր, ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Քարվաճառ, Բերձոր քաղաքները, ինչպես նաև Թաղասեր, Վարդաշատ, Սպիտակշեն, Մաղավուզ, Ներքին Հոռաթաղ, Ալաշան, Մատաղիս գյուղերը:

Քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների թիրախավորումն իրականացվել է հարձակման առաջին իսկ օրվանից՝ ոչ միայն շփման գծի ամբողջ երկայնքով, այլև թիկունքում՝ մինչև 90-100 կմ խորության վրա գտնվող քաղաքներում և գյուղերում:

Խաղաղ բնակչության դեմ բարձր ճշգրտության զենքերի կիրառումը վկայում է այդպիսի հարձակումների միտումնավոր լինելու մասին: Օրինակ, իսրայելական բարձր ճշգրտության «Հարոպ» անօդաչու թռչող սարքը սեպտեմբերի 27-ին Հադրութում թիրախավորել է քաղաքացիական մեկ անձ և մեկ տուն: Նույն կերպ, հրթիռները, ներառյալ բալիստիկ հրթիռները, թիրախավորել են մայրաքաղաք Ստեփանակերտի և այլ քաղաքների խաղաղ բնակչությանը և բնակելի տները, մինչդեռ այդ տարածքներում ռազմական որևէ օբյեկտ տեղակայված չի եղել:

Տուժած շրջաններում փրկվածները ստիպված են եղել ընտանիքներով լքել իրենց տները՝ վախենալով սեփական կյանքի համար: Այս ագրեսիայի պատճառով արձանագրված մարդկային զոհերի թիվը դրդել է մարդու իրավունքների պաշտպանին անհապաղ հետաքննություն սկսել, այդ թվում՝ մշտադիտարկման և փաստերի հայտնաբերման ընթացակարգեր:

Հաշվի առնելով բոլոր հանգամանքներում, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, երեխաների իրավունքների պաշտպանության և ապահովման հատուկ կարևորությունը՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը անհրաժեշտ է համարում ներկայացնել հետաքննության արդյունքները՝ կապված այն ազդեցության հետ, որ Ադրբեջանի կողմից շարունակվող ռազմական գործողություններն ունեն Արցախի երեխաների բնականոն կյանքի վրա՝ հրավիրելով ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի և միջազգային այլ շահագրգիռ կառույցների ուշադրությունը` արձագանքելու առկա իրավիճակին՝ Արցախի երեխաների իրավունքների հետագա կոպիտ խախտումները կանխելու նպատակով:

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը