Փորձագետների մրցույթ՝ Արցախում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրության համար

Հրապարակման օրը՝ 22.04.2020 - Վերջնաժամկետը՝ 29.04.2020

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարում է փորձագետների ներգրավման մրցույթ ԱՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով: Ուսումնասիրությունը կատարվելու է Մարդու իրավունքների պաշտպանի և «Վորլդ Վիժն Հայաստան» Երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև 2020թ մարտի 5-ին կնքված համաձայնագրի շրջանակներում՝ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ գնահատելու համար երեխաների շուրջ 10 իրավունքների պաշտպանության վիճակն Արցախում և նախանշելու ոլորտի հիմնային բարեփոխման ուղղությունները:

Մրցույթի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմն ընդունում է հայտեր չորս փորձագետի (ծրագրի համակարգող, միջազգային իրավունքի մասնագետ, սոցիալական ոլորտի իրավաբան, սոցիոլոգ) ներգրավման համար: Փորձագետների գործառույթներն ու պահանջվող որակավորումները ներկայացվում են ստորև:

 

Ուսումնասիրության համառոտ հիմնավորումը

Արցախի Հանրապետությունում երբևէ համապարփակ ու խորքային կերպով չի գնահատվել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ արձանագրել առկա բացերը և իրականացնել համապատասխան ու արդյունավետ բարեփոխումներ: Դա իր հերթին հանգեցնում է երեխաների տարբեր իրավունքների համակարգային ու շարունակական խախտումների: Հանրապետությունում առկա են երեխաների հանդեպ վատ ու խտրական վերաբերմունքի, բռնության կիրառման, իրավունքների անհամաչափ սահմանափակման և երեխայի մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի դեպքեր, որոնք վնասում են թե՛ երեխաների լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը, թե՛ կրթության և այլ իրավունքների ամբողջական և արդյունավետ իրացմանը:

Հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ պետությունը պարտավոր է ապահովել բարենպաստ միջավայր երեխաների իրավունքների համակողմանի պաշտպանության համար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել համապարփակ ուսումնասիրություն-վերլուծություն, որը թույլ կտա ախտորոշել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրներն օրենսդրական ու իրավակիրառական մակարդակներում և մշակել դրանց լուծման մեխանիզմները:

 

Տևողությունը և վճարման պայմանները

  • Ծառայություններ մատուցող փորձագետի հետ կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր վեցամսյա ժամանակահատվածի համար.
  • Իրականացվելիք աշխատանքների ժամանակացույցը կկազմվի պատվիրատուների հետ միասին՝ ելնելով տվյալ պահին առկա անհրաժեշտությունից.
  • Պատվիրատուները վճարումը կկատարեն փաստացի կատարված աշխատանքներն ավարտելուց հետո՝ վերջնական հաշվետվությունը ներկայացնելուց և երկուստեք ստորագրված ընդունման-հանձնման ակտի հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Դիմումների ընդունման կարգը

Սույն մրցույթին մասնակցելու համար դիմողները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական (CV), ներառյալ՝ կոնտակտային տվյալները.
  • Մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
  • Ստորև ներկայացվող գործառույթներից բխող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գործողությունների պլան-ժամանակացույց.
  • նմանատիպ աշխատանքների իրականացման վերաբերյալ նախկին փորձը:

Նշված փաստաթղթերը պետք է ներկայացվեն մինչև ապրիլի 29-ի ժամը 18:00-ն՝ ուղարկելով info@ombudsnkr.am և wvarmprocurement@wvi.org էլեկտրոնային փոստի հասցեներին՝ վերնագրում նշելով «Փորձագետների մրցույթ»: Մրցույթին կարող է մասնակցել ներքոնշյալ պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ոք՝ անկախ բնակության ու հաշվառման վայրից:

Մրցույթի պահանջներին ու պայմաններին համապատասխանող դիմորդները երկրորդ փուլում հրավիրվելու են հարցազրույցի, որի արդյունքների հիման վրա ընտրվելու են հաղթողները, որոնց հետ էլ կկնքվեն ծառայությունների մատուցման պայմանագրեր:

 

Ստորև ներկայացվում են չորս փորձագետների գործառույթները և պահանջվող որակավորումները:

 

I. Ծրագրի համակարգող

Սույն ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցող ծրագրի համակարգողը կատարելու է հետևյալ աշխատանքները՝

  1. Համակարգել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի և «Վորլդ Վիժն Հայաստան» Երեխաների պաշտպանության հիմնադրամի միջև կնքված «Արցախի հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուսումնասիրության մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացվելիք ծրագիրը.
  2. Կազմել ծրագրի իրականացման համար ներգրավված փորձագետների աշխատանքային գրաֆիկները՝ ըստ համաձայնագրով նախատեսված ժամանակացույցի և հետևել դրանց իրականացմանը.
  3. Կազմակերպել ծրագրում ներգրավված փորձագետների աշխատանքային հանդիպումներն ու քննարկումները ( ըստ անհրաժեշտության).
  4. Կապ հաստատել Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ծրագիրը ներկայացնելու և վերջիններիս աջակցությունը ապահովելու նպատակով.
  5. Գործուն աջակցություն ցուցաբերել ծրագրում ներգրավված փորձագետներին՝ արդյունավետորեն անցկացնելու հանդիպումներ, ֆոկուս-խմբային քննարկումներ (ներառյալ երեխաների հետ), խորին հարցազրույցներ ոլորտի պաշտոնյաների, մասնագետների և փորձագետների հետ, դիտարկումներ և այլն.
  6. Իրականացնել ուսումնասիրությունների համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ (պայմանավորվածություններ հանդիպումների համար, լոգիստիկա և այլն).
  7. Պատասխանատվություն կրել ծրագրի բյուջեի նպատակային և արդյունավետ օգտագործման համար.
  8. Ներկայացնել ծրագրային և ֆինանսական ամսական հաշվետվություններ, իսկ ծրագրի ավարտին՝ վերջնական և ամբողջական հաշվետվություն.

 

Ծրագրի համակարգողը պետք է ունենա՝

Ա) Սոցիալական, կառավարման կամ հարակից որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.

Բ) Ծրագրի ղեկավարի կամ համակարգողի աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Գ) Կառավարման և անձնակազմի հետ աշխատանքի հմտություններ:

 

II. Միջազգային իրավունքի մասնագետ

Սույն ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցող միջազգային իրավունքի մասնագետը կատարելու է հետևյալ աշխատանքները՝

  1. Ուսումնասիրել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարողականի գնահատումը իրականացնելու համար նախատեսված ուղեցույցը.
  2. Ուսումնասիրել Երեխայի պաշտպանության ինդեքսի մեթոդաբանությունը.
  3. Մշակել առաջարկությունների փաթեթ նշված ուղեցույցը և մեթոդաբանությունը տեղի առանձնահատկություններին հարմարեցնելու ուղղությամբ՝ կիրառելով դրանք Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կոնկրետ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման մակարդակը ստուգելու համար: Ուսումնասիրության համար ընտրված իրավունքներն են՝
  • Հոդված 19. Բռնություններից պաշտպանված լինելու իրավունք,
  • Հոդված 20. Ընտանիքում ապրելու իրավունք,
  • Հոդված 23. Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքներ,
  • Հոդված 24. Առողջության և առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունք,
  • Հոդված 26. Սոցիալական պաշտպանության իրավունք,
  • Հոդված 28. Կրթության իրավունք,
  • Հոդված 31. Հանգստի և ժամանցի իրավունք ,
  • Հոդված 32. Աշխատելու իրավունք և ապօրինի աշխատանք,
  • Հոդված 38. Զինված հակամարտությունների մեջ ներգրաված երեխաներ,
  • Հոդված 39. Վերականգնողական ծառայություններ:
  1. Մշակել առաջարկությունների և անհրաժեշտ գործընթացի փաթեթ՝ Արցախի Հանրապետության կողմից ընդունելու Երեխայի իրավունքների մասին 1989թ. ՄԱԿ-ի կոնվենցիան.
  2. Ծրագրային թիմի ներկայացուցիչների հետ մասնակցել (անհրաժեշտության դեպքում) աշխատանքային քննարկումներին.
  3. Ներկայացնել կատարված աշխատանքների մանրամասն հաշվետվություն:

 

Միջազգային իրավունքի մասնագետը պետք է ունենա՝

Ա) Իրավաբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.

Բ) Իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Գ) Ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու փորձ և հմտություններ:

 

III. Սոցիալական ոլորտի իրավաբան

Սույն ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցող սոցիալական ոլորտի իրավաբանը կատարելու է հետևյալ աշխատանքները՝

  1. Ուսումնասիրել Արցախի Հանրապետության՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը.
  2. Ուսումնասիրել Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող պարտականությունների և պատասխանատվության շրջանակները (կանոնադրություններ, կարգեր և այլն).
  3. Ուսումնասիրել Արցախի Հանրապետության երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների պարտականությունների և պատասխանատվության շրջանակները.
  4. Վերը նշված ուսումնասիրությունների հիման վրա մշակել Արցախի Հանրապետության՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի բարեփոխումներ ապահովող առաջարկությունների փաթեթ.
  5. Ծրագրային թիմի ներկայացուցիչների հետ մասնակցել (անհրաժեշտության դեպքում) աշխատանքային քննարկումներին.
  6. Ներկայացնել կատարված աշխատանքների մանրամասն հաշվետվություն:

 

Սոցիալական ոլորտի իրավաբանը պետք է ունենա՝

Ա) Իրավաբանի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.

Բ) Իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Գ) Ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու փորձ և հմտություններ:

 

IV. Սոցիոլոգ

Սույն ծրագրի շրջանակներում ծառայություններ մատուցող սոցիոլոգը կատարելու է հետևյալ աշխատանքները՝

  1. Ուսումնասիրել Արցախի Հանրապետության՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործող ֆորմալ և ոչ ֆորմալ դերակատարների գործառույթները և աշխատանքի մեխանիզմները.
  2. Ուսումնասիրել ոլորտի դերակատարների համագործակցության շրջանակները և դրանց համակարգումը.
  3. Ուսումնասիրել դեպքերի հաղորդման և ուղղորդման մեխանիզմները, ինչպես նաև գործառույթների բաշխումը տարբեր դերակատարների միջև.
  4. Ուսումնասիրել ոլորտում գործող հաշվետվողականության մեխանիզմները և երեխաների (դեպքերի) վերաբերյալ տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.
  5. Ուսումնասիրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատուկ պաշտպանության կարիք ունեցող երեխաների հայտնաբերման, կարիքների գնահատման և անհատական աշխատանքները.
  6. Ուսումնասիրել Արցախի Հանրապետության երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կանխարգելիչ և վերականգնողական ծառայությունների առկայությունը, դրանց աշխարհագրությունը, և հասանելիությունը հատկապես առավել խոցելի, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին.
  7. Ուսումնասիրել Արցախի Հանրապետության երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատող մասնագետների կարողությունները, նրանց կատարած աշխատանքների համապատասխանությունը պաշտոնի անձնագրերին, իրականացվող վերապատրաստումները.
  8. Մշակել վերը նշված ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մեթոդաբանություն.
  9. Ծրագրային թիմի ներկայացուցիչների հետ մասնակցել (անհրաժեշտության դեպքում) աշխատանքային քննարկումներին.
  10. Ներկայացնել իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն:

 

Սոցիոլոգը պետք է ունենա՝

Ա) Սոցիոլոգի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.

Բ) Սոցիոլոգի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն 5 տարվա փորձ.

Գ) Ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու փորձ և հմտություններ: