Փակ մրցույթ՝ Պաշտպանի աշխատակազմի գործադիր քարտուղարի պաշտոն զբաղեցնելու համար

Հրապարակման օրը՝ 02.08.2021 - Վերջնաժամկետը՝ 16.08.2021

1.Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատաազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ) հայտարարում է փակ մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար (Աշխատակազմի գործադիր քարտուղար):

2. Աշխատակազմի գործադիր քարտուղարը ՝

  • Իրականացնում է Քարտուղարության անմիջական ղեկավարումը.
  • օժանդակում է կադրային քաղաքականության, ֆինանսաբյուջետային, նյութատեխնիկական ապահովմանն ուղղված աշխատանքներին.
  • նշանակում և պաշտոնից ազատում է Քարտուղարության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ.
  • ապահովում է Աշխատակազմի գործունեությանն առնչվող տվյալների վերլուծությունը և ամփոփումը.
  • իրականացնում է Պաշտպանին ներկայացված բողոքների ընդունման և հաշվառման, դրանց ժամկետների պահպանման հետ կապված աշխատանքները.
  • ապահովում է Աշխատակազմում պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը.
  • ապահովում է համացանցում Պաշտպանի պաշտոնական կայքի աշխատանքները.
  • ապահովում է Պաշտպանի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, ինչպես նաև պետական ծառայողների վերապատրաստման և գործուղման համար անհրաժեշտ կազմակերպական աշխատանքների իրականացումը.
  • Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարչական հիմնարկի ղեկավարի լիազորությունները.
  • ապահովում է Աշխատակազմում պետական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
  • մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև պետական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
  • ապահովում է Աշխատակազմի պետական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
  • ապահովում է Աշխատակազմի ֆինանսատնտեսական աջակցության, աշխատանքային անհրաժեշտ պայմանների, նյութական և վարչատնտեսական ապահովության հետ կապված աշխատանքները.
  • մասնակցում է ֆինանսական հաշվետվությունների կազմմանը, այդ թվում՝ տրամադրում է տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատակազմի փաստացի եկամուտների, ծախսերի և կանխատեսումների մասին.
  • ապահովում է ծախսերի կատարման ընթացքում ծագած թերությունների հայտնաբերումը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
  • Պաշտպանին ներկայացնում է վարչատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար առաջարկություններ.
  • ապահովում է գնումների մասին Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գնումների գործընթացը.
  • վերահսկում է գնումների գործի կազմակերպման պատասխանատուին վերապահված լիազորությունները.
  • ստուգում է տեխնիկատնտեսական անձնակազմի կատարած աշխատանքները և անհրաժեշտության դեպքում տալիս ցուցումներ.
  • Պաշտպանին առաջարկություններ է ներկայացնում՝ Աշխատակազմի աշխատողներին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
  • միջնորդություն է ներկայացնում Պաշտպանին՝ Աշխատակազմի աշխատողներին գործուղելու, արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.
  • Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
  • ապահովում է Աշխատակազմի բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
  • ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով և այլ ծրագրերով Աշխատակազմի գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացումը.
  • օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար.
  • կազմակերպում է Պաշտպանի Աշխատակազմում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
  • իր լիազորությունների սահմաններում Պաշտպանի ստորագրությանն է ներկայացնում Պաշտպանի հրամանների, որոշումների, ինչպես նաև հանձնարարականների նախագծերը.
  • Պաշտպանի աշխատակազմում կազմակերպում է գործավարության և տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքները.
  • կատարում է քաղաքացիների ընդունելություն.
  • Պաշտպանին է ներկայացնում Աշխատակազմի աշխատանքային ծրագրերը.
  • այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Աշխատակազմի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
  • ապահովում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստումը և մասնակցում է դրանց կազմման աշխատանքներին.
  • իրականացնում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված այլ գործառույթներ.
  • Գործադիր քարտուղարն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) Բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն կամ տնտեսագիտություն (էկոնոմիկա) կամ կառավարում (մենեջմենթ) կամ քաղաքագիտություն մասնագիտությամբ,

2) պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ կամ պետական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ,

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,

4) վերլուծական մտածողություն,

5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում,

6) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում,

7) առաջնորդում և թիմի ստեղծում:

 

4. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված փակ մրցույթին կարող են դիմել միայն Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայողները և Պաշտպանի աշխատակազմի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

5.Դիմողը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`

1) Գրավոր դիմում` ուղղված Պաշտպանին,

2) տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ (ների), վկայական (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,

3) արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին,

4) երկու լուսանկար` 3X4սմ չափի,

5) անձնագրի պատճենը:

6.Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

7. Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

8. Մրցույթն անցկացվելու է հարցազրույցի միջոցով:

9. Փաստաթղթերը ընդունվում են աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից 17:30-ը:

10. Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 2021 թվականի օգոստոսի 16-ը:

11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. (+374 47- 97-90-48):

12. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 2021 թվականի օգոստոսի 17-ին, ժամը` 11:00-ին, Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում (ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 1):

 

13. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020թ. փետրվարի 10-ի և 2018թ. մայիսի 16-ի և հրամաններով հաստատված  Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության   թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով և Արցախի Հանրապետության Մարդու   իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների  զբաղեցման համար մրցութային  հանձնաժողովների  ձևավորման  կարգով  և  աշխատակարգով: