Բաց մրցույթ՝ Պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնի պետի պաշտոն զբաղեցնելու համար

Հրապարակման օրը՝ 16.09.2021 - Վերջնաժամկետը՝ 28.09.2021

1. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (այսուհետ՝ Պաշտպանի աշխատակազմ)  հայտարարում է բաց մրցույթ Պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր  պաշտոն զբաղեցնելու համար   (Աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնի պետ):

2.  Աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնի պետի գործառույթներն են՝

1)համակարգում է մակագրված դիմում-բողոքների ուսումնասիրության, համապատասխան որոշումների, գրությունների նախագծերի նախապատրաստման աշխատանքները, ներկայացնում դրանք Դեպարտամենտի ղեկավարին.

2)Պաշտպանի և Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ, մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա, իրականացնում է արագ արձագանքումներ.

3)Պաշտպանի հանձնարարությամբ իրականացնում է այցեր պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ, ներառյալ` ազատազրկման վայրեր, զորամասեր, զինվորական հոսպիտալներ, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովներ, կարգապահական վաշտեր, Ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ, զինկոմիսարիատներ, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ, և հանրակրթական ուսումնական հաստատություններ.

4)այցի արդյունքների ամփոփման հիման վրա, մարդու իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության նպատակով իրավասու մարմիններին և կազմակերպություններին Պաշտպանի կողմից առաջարկություններ ներկայացնելու համար՝ ապահովում է համապատասխան փաստաթղթի նախագծի մշակումը.

5)այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկություններ, պարզաբանումներ, նյութեր և փաստաթղթեր.

6)աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական օրենսդրության, միջազգային փորձի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային վճիռների և այլ միջազգային փաստաթղթերի ուսումնասիրության աշխատանքներին, նախապատրաստում է զեկույցներ և տեղեկանքներ.

7)մասնակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ներպետական իրավական ակտերում օրենսդրական խնդիրների (բացերի) վերհանման և վերլուծության աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է համապատասխան պետական մարմիններին ուղղված գրությունների (առաջարկների) նախագծերը.

8)իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.

9)քաղաքացիներին տրամադրում է խորհրդատվություն՝ իրենց իրավունքների ու ազատությունների, ինչպես նաև դրանց  արդյունավետ պաշտպանության իրավական միջոցների և ընթացակարգերի վերաբերյալ.

10)ապահովում է Բաժնի գործառույթներին առնչվող «թեժ գծի» կամ այլ հեռախոսահամարով ստացված տեղեկությունների հավաքագրումը, վերլուծումը և հանձնումն Աշխատակազմի քարտուղարությանը.

11)համակարգում է Պաշտպանի տարեկան հաղորդման, հատուկ կամ արտահերթ զեկույցների համար նյութերի նախապատրաստումը և մասնակցում է դրանց մշակման աշխատանքներին.

12)անհրաժեշտության դեպքում ապահովում է Պաշտպանի՝ հատուկ հրապարակային զեկույցների համար նյութերի նախապատրաստումը և մասնակցում է դրանց կազմման աշխատանքներին.

13)մասնակցում է Պաշտպանին վերապահված կոնկրետ ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մշտադիտարկման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում պատրաստում համապատասխան տեղեկանքներ.

14)կազմում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

15)մասնակցում է Դեպարտամենտի աշխատանքային ծրագրերի մշակմանը.

16)Պաշտպանի կամ Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.

17)Դեպարտամենտի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Բաժնի աշխատողներին գնահատելու, վերապատրաստելու, խրախուսելու կամ կարգապահական տույժի ենթարկելու, ինչպես նաև գործուղելու, արձակուրդ տրամադրելու վերաբերյալ.

18)կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ Պաշտպանի լիազորությունների հիման վրա տրված Պաշտպանի հանձնարարությունները.

19)Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

3. Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1) բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ.

2) պետական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ կամ պետական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն.

4) Արցախի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանոնադրության, իր լիազորությունների հետ կապված գործող այլ օրենքների, իրավական ակտերի իմացություն.

5) վերլուծական մտածողություն.

6) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշում.

7) սեղմ ժամկետներում հանձնարարությունների կատարում.

4. Դիմորդը Պաշտպանի աշխատակազմի քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1) պետք է  ներկայացնի հետևյալ   փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում՝ ուղղված Պաշտպանին.

2) պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական  գիտելիքների և   աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող   փաստաթղթերի պատճենները.

3) հայտարարություն պետական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական  պարտականությունների  կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների  ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

4) երկու լուսանկար՝ 3×4 սմ չափի.

5) զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայական  (արական սեռի դեպքում):

5. Դիմորդը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայանալով անձնագրով կամ անձը հաստատող այլ   փաստաթղթով:

6. Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:30-ից մինչև 17:30-ը:

7. Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 28-ը:

8. Մրցույթն անցկացվելու է 2021 թվականի սեպտմեբերի 30-ին, ժամը՝ 10:00-ին,  Պաշտպանի աշխատակազմի գտնվելու վայրում  (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1):

9. Դիմորդը մրցույթին պետք է ներկայանա անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

10. Մրցույթի թեստավորման փուլին դիմորդներին տրվելու է 50 թեստային հարցից բաղկացած առաջադրանք, որոնց 80 տոկոսին  ճիշտ պատասխանելու դեպքում, դիմորդն անցնելու է հարցազրույցի փուլ: Թեստային հարցերն ընդգրկում են հետևյալ  բնագավառները՝

1) ԱՀ Սահմանադրություն՝ 10 տոկոս.  
2) Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա և Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր՝ 10 տոկոս.    
3) «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենք և «ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրություն՝ 20 տոկոս.
4)«
Հանրային ծառայության մասին»,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Արցախի Հանրապետության օրենքներ` 20 տոկոս.    
5) տրամաբանություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն՝ 40 տոկոս: 

11. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել Պաշտպանի աշխատակազմի Քարտուղարություն (ք. Ստեփանակերտ, Կնունյանցների 1, հեռ. +37447979048, էլհասցե՝ info@ombudsnkr.am):

13. Մրցույթի անցկացմանը և մրցութային հանձնաժողովի ձևավորմանն ու աշխատակարգին առնչվող մանրամասները հստակեցված են   ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2018թ. մայիսի 16-ին 2020 փետրվարի 10-ի հրամաններով հաստատված  «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական   ծառայության   թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգով» և «Արցախի Հանրապետության Մարդու   իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների  զբաղեցման համար մրցութային   հանձնաժողովների  ձևավորման  կարգով  և  աշխատակարգով»: