Սույն հաղորդման մշակումը և ներկայացումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածում ամրագրված պահանջից, այն է՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ նաև Պաշտպան) Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները հաշվետու ժամանակահատվածում կատարել են Ռուբեն Մելիքյանը (մինչև 2018թ. հոկտեմբերի 3-ին հրաժարականի դիմում ներկայացնելը) և Արտակ Բեգլարյանը (2018թ. հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի կողմից այդ պաշտոնում ընտրվելուց հետո) :
Հաղորդման մեջ ներկայացվող տեղեկությունների և վերլուծությունների համար աղբյուր են հանդիսացել՝
- Պաշտպանի աշխատակազմում (Այսուհետ՝ նաև Աշխատակազմ) ստացված դիմումները,
- Աշխատակազմում «116» համարով գործող թեժ գծին և այլ աշխատանքային հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը,
- Աշխատակազմում կազմակերպված ընդունելությունների ու շրջանային այցերի ընթացքում Պաշտպանի և Աշխատակազմի ներկայացուցիչների շփումները քաղաքացիների հետ,
- Փակ և կիսափակ, ինչպես նաև պետական կառավարման ներքո գտնվող այլ հաստատություններ Պաշտպանի և Աշխատակազմի ներկայացուցիչների այցերի ընթացքում կատարված դիտարկման աշխատանքները,
- Պետական մարմինների ներկայացրած պարզաբանումները՝ դիմումներում ներկայացված փաստերի առնչությամբ,
- Դիմումների քննարկման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ուղղված գործառույթի շրջանակներում իրավական ակտերի վերլուծությունների արդյունքները,
- Բաց աղբյուրներում (զանգվածային լրատվության միջոցներ, սոցիալական ցանցեր և այլն) Պաշտպանի ուշադրությանը ներկայացված խնդիրները, ինչպես նաև բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքները:
Հաղորդումը բաղկացած է նախաբանից, 6 բաժիններից և եզրափակիչ նկատառումներից: Որոշ բաժիններ իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների: Յուրաքանչյուր բաժնի մասին մանրամասն ստորև՝

