Publication Date 31.03.2020
Մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը սահմանադրական զարգացումների և հանրային ինստիտուտների գործունեության առանցքն է: Մարդու իրավունքներն ունեն գերակայություն մարդկային համակեցության բոլոր կանոնների նկատմամբ: Ուստի, հռչակումից բացի, կարևոր է դրանց պատշաճ կենսագործումը: Պետության գոյությունը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ պետական մարմինների գործունեությունն առավելապես ուղղված է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը, լինելով պետական հաստատություններից մեկը և ունենալով ԱՀ Սահմանադրությամբ երաշխավորված անկախություն, վեր է բոլոր տեսակի ոլորտային շահով պայմանավորված կաշկանդվածությունից և գործում է որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն երաշխավորներից մեկը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը ներկայացվում են սույն հաղորդմամբ, որի մշակումը և ներկայացումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածում ամրագրված պահանջից, այն է՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ նաև Պաշտպան) Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
Հաղորդումը մշակելիս օգտագործվել են տարբեր քանակական և որակական մեթոդներ, որոնք հիմնված են տվյալների առաջնային և երկրորդային աղբյուրների վրա: Մասնավորապես, վերլուծություններն արվել են հիմք ընդունելով 2019թ. ընթացքում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (այսուհետ՝ նաև Աշխատակազմ) մուտքագրված բանավոր և գրավոր դիմումների, դրանց քննարկման արդյունքների, ԱՀ օրենսդրության ուսումնասիրության և գնահատման, ինչպես նաև հարկադիր պահման վայրեր և պետական կառավարման ներքո գտնվող այլ հաստատություններ՝ Պաշտպանի և Աշխատակազմի ներկայացուցիչների այցերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների և բաց աղբյուրների (զանգվածային լրատվության միջոցներ, սոցիալական ցանցեր և այլն) մշտադիտարկման արդյունքների վերլուծությունները:
Անհրաժեշտ է ընդգծել, որ հաղորդումը մշակելիս Պաշտպանը չի սահմանափակվել միայն ստացված դիմումների շրջանակով, այլ նաև սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակն իր լիազորություններին առնչվող տարբեր ոլորտներում, որպեսզի համապատասխան առաջարկություններ ներկայացնի լիազոր գերատեսչություններին: Մեծ ուշադրություն է դարձվել խոշտանգումների կանխարգելման, խոցելի խմբերի իրավունքների, հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների և մի շարք այլ ուղղությունների վրա:
Հաղորդումը բաղկացած է նախաբանից, 8 բաժիններից և եզրափակիչ նկատառումներից: Որոշ բաժիններ իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների:
· Առաջին բաժինը ներկայացնում է Պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները և սկզբունքները, ինչպես նաև հակիրճ անդրադառնում է ԱՀ-ում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության հիմնական մարտահրավերներին:
· Երկրորդ բաժնում ամփոփվում են Պաշտպանին ներկայացված դիմումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ 13 չափորոշիչների հիման վրա: Այդպիսի ընդարձակ վիճակագրություն առաջին անգամ է վարվում և ներկայացվում Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ, ինչը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշարժի ճկուն համակարգի ներդրմամբ:
· Երրորդ բաժնում առանձին-առանձին արտացոլված են Պաշտպանի կատարած աշխատանքները և ուսումնասիրությունների արդյունքները մի շարք իրավունքների մասով: Պաշտպանն այդ բաժնում ներկայացնում է տարբեր օրենսդրական ու իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ՝ միաժամանակ առաջադրելով կոնկրետ առաջարկներ պետական լիազոր մարմինների համար:
· Չորրորդ բաժինն անդրադառնում է խոցելի որոշ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հիմնախնդիրներին և Պաշտպանի կատարած աշխատանքներին: Մշտադիտարկման գործառույթի շրջանակներում հատուկ ուշադրության ներքո են եղել երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը՝ միևնույն ժամանակ չանտեսելով մի շարք այլ խմբերին:
· Հինգերորդ բաժնում ամփոփված են հարկադիր պահման վայրերում Պաշտպանի ծավալած գործունեության մանրամասները՝ արձանագրելով ազատությունից զրկված անձանց իրավունքներին վերաբերող կոնկրետ հիմնախնդիրներ և հանդես գալով առաջարկներով:
· Վեցերորդ բաժինը ներկայացնում է Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված հանրային իրազեկման աշխատանքները՝ կարևորելով քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացման դերը Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
· Յոթերորդ բաժնում ամփոփված են քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ համագործակցության արդյունքները և քաղաքացիական հասարակության դերն ու հիմնախնդիրները մարդու իրավունքների պաշտպանության համակարգում:
· Ութերորդ բաժինն անդրադառնում է արտաքին փոխգործակցության աշխատանքներին՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և միջազգային գործընկերների հետ իրականացված ծրագրերը: