ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Download Full Document
  1. Սույն կանոններով սահմանվում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) պետական ծառայողների (այսուհետ՝ Պետական ծառայող) վարքագծի կանոններն (այսուհետ՝ Վարքագծի կանոններ)  ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:
  2. Պետական ծառայողի վարքագծի կանոնները բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված` պետական ծառայողների վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները կարգավորող նորմեր են:
  3. Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել պետական ծառայողին իր վարվելակերպում, ինչպես նաև տեղեկացնել քաղաքացիներին` ինչպիսի պահվածք պետք է ակնկալել պետական ծառայողից:
  4. Պետական ծառայողի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր Պետական ծառայողների համար:
  5. Պետական ծառայողի գործողությունները պետք է ուղղված լինեն ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, և դրանց հասնելու միջոցները պետք է լինեն անհրաժեշտ, պիտանի և չափավոր:
  6. Պետական ծառայողը պետք է ձգտի իր գործունեությամբ և վարքագծով բարձր պահել Աշխատակազմում պետական ծառայության համբավը, ապահովել Աշխատակազմի անկախությունն ու անկողմնակալությունը, ինչպես նաև նպաստել Աշխատակազմի և պետական ծառայության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը: Վարքագծի կանոնների մեկնաբանությունն ու կիրառումը պետք է նպաստեն նշված նպատակի իրականացմանը:
  7. Պետական ծառայողը պարտավոր է՝
  1. ինչպես անձամբ պահպանել վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինել իր գործընկերների կողմից դրանց պահպանմանը.
  2. հարգել ԱՀ պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն.
  3. բարեխճորեն կատարել ԱՀ Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
  4. զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել Աշխատակազմի աշխատանքները կամ վարկաբեկել և հեղինակազրկել վերջինիս կամ պետական ծառայության վարկանիշը, պետական ծառայողի կոչումն ու համբավը.
  5.  հարգել մարդու իրավունքներն ու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից.
  6. լինել անաչառ, անկողմնակալ, զուսպ և օրինակելի.
  7. չօգտագործել ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած տեղեկատվությունը՝ իր անձնական շահերի համար.
  8. ստեղծված ոչ ստանդարտ կամ արտակարգ իրավիճակներում չցուցաբերել երկչոտություն կամ անհարկի զգացմունքայնություն, լինել հավասարակշռված.
  9. լինել կարգապահ, ճշտախոս, հանրային շահը բարձր դասել անձնականից.
  10.  իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ Աշխատակազմում պետական ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության ու արդարության գաղափարների վրա.
  11. լինել քաղաքավարի գործընկերների, ենթակա անձանց, ղեկավարության, ինչպես նաև Պաշտպանին դիմում կամ բողոք ներկայացրած անձանց (քաղաքացիների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների) հետ.
  12. խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, խորհրդատվությունից, որոնց արդյունքում կարող է խոչընդոտվել օրենսդրության պահանջների կատարումը.
  13. Պաշտպանին ներկայացված բողոքներն ու դիմումներն ուսումնասիրելիս ցուցաբերել բարեխղճություն, ապահովել բողոքի և դիմումի ամբողջական ուսումնասիրություն.
  14. իր վարքով իրեն կախվածության մեջ չդնել որևէ անձից.
  15. խուսափել անհարկի խոստումներից, գիտակցել իր խոսքի արժեքն ու կարևորությունը, տրված խոստման կատարման անհնարինության դեպքում առաջացող հնարավոր բացասական հետևանքները.
  16. ապահովել մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը:
  1. Պետական ծառայողը պարտավոր է ղեկավարվել մարդասիրության, արդարության և ազնվության սկզբունքներով, անհարկի չընդգծել իր պաշտոնեական դիրքը:
  2. Պետական ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի առանց իր լիազորությունների կատարմանը վնասելու` առավել սեղմ ժամկետում հասնի բարենպաստ արդյունքի, ինչպես նաև ապահովի իր տնօրինմանը հանձնված միջոցների արդյունավետ օգտագործումը:
  3.  Իր լիազորություններն իրականացնելիս պետական ծառայողը պետք է ցուցաբերի անհրաժեշտ մասնագիտական ակտիվություն և առաջարկություններ ներկայացնի Աշխատակազմի գործունեության կատարելագործման ուղղությամբ:
  4. Պետական ծառայողն իր քաղաքական զսպվածության պարտականությունն իրականացնելիս պետք է իր ամենօրյա գործառույթներում և շփումներում լինի քաղաքականապես չեզոք, զերծ մնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են ստեղծել քաղաքական կողմնապահության տպավորություն:
  5. Պետական ծառայողն ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս պարտավոր է չհրապարակել իր լիազորությունների ընթացքում իրեն հայտնի դարձած մարդու անձնական և ընտանեկան, պետական, ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող, ինչպես նաև գաղտնիք չպարունակող տեղեկատվություն, որը կարող է վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը, հեղինակությանը և գործարար համբավին` անկախ այդ տեղեկատվության պաշտոնական, թե ոչ պաշտոնական աղբյուրից ստացված լինելու հանգամանքից: Սույն կանոնը չի վերաբերում օրենքով սահմանված կարգով տեղեկատվության փոխանակման կամ փոխանցման ընթացակարգերին:
  6.  Պետական ծառայողը բողոք ներկայացնող անձանց կամ դիմողների և այլ անձանց հետ շփումներում Պաշտպանին ներկայացված դիմումների կամ բողոքների կապակցությամբ չպետք է նրանց ուղղորդի կոնկրետ որևէ փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակ, չպետք է ընդունի որևէ նվեր, կամ այլ շահավետ առաջարկ՝ պայմանավորված իր ծառայողական պարտականությունները դիմողի օգտին կատարելու մտադրությամբ:
  7.  Պետական ծառայողը պարտավոր է պարբերաբար զբաղվել իր մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ, իրազեկ լինել օրենսդրական փոփոխություններին, իրավական մեկնաբանություններին, մասնագիտական աջակցություն ցուցաբերի գործընկերներին:
  8.  Պետական ծառայողը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնական դիրքը կամ Պաշտպանի կամ Աշխատակազմի հեղինակությունն իր կամ այլ անձանց համար արտոնություններ, բացառություններ և նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու համար:
  9.  Եթե պետական ծառայողը չի կողմնորոշվում` ինչպիսի վարքագիծ դրսևորել որոշակի իրավիճակներում, ապա նա  պետք է դիմի անմիջական ղեկավարին:
  10.  Պետական ծառայողը պարտավոր է ծառայության ընթացքում գործել միայն ԱՀ օրենքներին, իրավական ակտերին և վարքագծի կանոններին համապատասխան, պահպանել բարոյական նորմերով սահմանված վարքագծի այլ կանոններ:
  11.  Սույն վարքագծի կանոնների հերթականությունը չի ընդգծում դրանց առաջնահերթությունը:
Download Full Document