Զեկույց` 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից իրականացված ահաբեկչական գործողության մասին

Թողարկման ամսաթիվ 08.03.2023

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված Հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար կոպտորեն խախտել է հայտարարության դրույթները՝ դիմելով ռազմական էսկալացիաների, խաթարելով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը, ֆիզիկական և հոգեբանական հարձակումներ և բռնություն կիրառելով քաղաքացիական բնակչության նկատմամբ, խափանելով կենսական նշանակության ենթակառուցվածքների աշխատանքներն ու խաթարելով գյուղատնտեսական աշխատանքները։

Հրադադարի հաստատմանը հաջորդած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  ժողովրդի նկատմամբ հանցավոր ոտնձգության ավելի քան 150 դեպք, որի հետևանքով սպանվել է 21 անձ (6-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 166 անձ (79-ը՝ քաղաքացիական, 87-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 71 անձ (20-ը՝ քաղաքացիական անձ): Ադրբեջանցիների կողմից հափշտակվել են տրանսպորտային միջոցներ, տարբեր տեսակի հրազենային զինատեսակներից ուղիղ թիրախավորվել են բնակելի տներ, վնասվել կամ ոչնչացվել են գյուղատնտեսական տեխնիկա և տրանսպորտային միջոցներ, խաղաղ բնակչությունից հափշտակվել է մանր և խոշոր եղջերավոր անասուններ, հրկիզվել են այգիներ։

Ավելին՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին ճնշելու, հոգեբանական և ֆիզիկական ահաբեկման ենթարկելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կառավարական գործակալները բնապահպանական կեղծ պատրվակով փակել են Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որն անցնում է Եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքով։ Շրջափակումը հանգեցրել է մարդկանց տարրական իրավունքների՝ բավարար կենսամակարդակի, ազատ տեղաշարժի, առողջության պահպանման, կրթության և մի շարք այլ իրավունքների կոպտագույն խախտումների։

86 օր շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը փետրվար ամսվա վերջից և մարտ ամսվա սկզբներից վերստին սկսել է պարբերաբար դիմել զինված հարձակումների։

Այսպես՝ 2023 թվականի փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զենքերով կրակահերթեր են արձակվել Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 53-ամյա Ա. Ավանեսյանի ուղղությամբ, որը Բերդաշեն գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասում «Ջոնդեր» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում: Կրակահերթերի հետևանքով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։

2023 թվականի մարտի 1-ին Բերդաշեն գյուղի «Դավալա» կոչվող տեղամասում ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից կրակահերթ է արձակել «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող՝ Բերդաշեն համայնքի 59-ամյա Ս. Վարդանյանի ուղղությամբ: Գյուղատնտեսական աշխատանքները ստիպված դադարեցվել են:

Հաջորդող օրերին շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը՝ թիրախավորելով ռազմական ու քաղաքացիական տարբեր օբյեկտներ:

2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական կողմը դիմել է նոր ահաբեկչական գործողության, մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը հատել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  և Ադրբեջանի զինված ուժերի՝ Եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը և հարձակում գործել Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության՝ Ստեփանակերտից ուղևորված մեքենայի վրա, որը երթևեկում էր շփման գծից շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող ճանապարհով։

Ադրբեջանական կողմի պարբերաբար կրկնվող հանցագործությունների վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը մշտապես և հետևողականորեն տեղեկացրել է միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչներին՝ պահանջելով ձեռնարկել անհրաժեշտ հրատապ միջոցառումներ իրավիճակի հասցեական գնահատման և Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմների ներդրման համար։  Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր ահազանգերի, իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ սպառնալով Արցախի 120 000 ժողովրդի կյանքին, առողջությանը, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությանը և տարրական իրավունքներին։

Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։

Սույն զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրավասու մարմիններից և բաց աղբյուրներից հավաքագրված փաստերն ու տեղեկությունները։ Դեպքի մանրամասները ճշտվել են մեքենայից ողջ մնացած միակ անձի՝ վիրավորված Դավիթ Աշոտի Հովսեփյանի հետ հարցազրույցի, ինչպես նաև հասանելի տեսանյութերի վերլուծության միջոցով:

Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով հայերեն և անգլերեն լեզուներով։

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը