Թողարկման ամսաթիվ 21.03.2023
2022 թվականի դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, ներկայանալով իբր «բնապահպան- ակտիվիստներ», փակել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, որը, Եռակողմ հայտարարության համաձայն, անցնում է Լաչինի միջանցքով՝ կապելով Արցախը (Լեռնային Ղարաբաղ) Հայաստանի և արտաքին աշխարհի հետ։ Հարկ է նշել, որ բնապահպան ներկայացող անձինք բազմաթիվ ապացուցված փաստերով սերտորեն փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ կամ էլ հանդիսանում են ադրբեջանական հատուկ ծառայությունների գործող կամ նախկին աշխատակիցներ։
Շարունակվող շրջափակումը, որի հետևանքով 100 օր շարունակ ֆիզիկապես խոչընդոտվում է Արցախի միակ կյանքի ճանապարհի գործունեությունը, Արցախի 120 000 բնակչությանը, ներառյալ 30 000 երեխաներին, թողել է լիակատար մեկուսացման մեջ՝ հանգեցնելով մարդու անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների, ինչպես նաև գոյաբանական և անվտանգության բազմակողմ սպառնալիքների։
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով էլ ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և մարդկային տառապանքներ պատճառել Արցախի բնակչությանը։
Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից ստորագրված Հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը պարբերաբար կոպտորեն խախտել է հայտարարության դրույթները՝ դիմելով ռազմական էսկալացիաների, խաթարելով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու գործունեությունը, ֆիզիկական և հոգեբանական հարձակումներ և բռնություն կիրառելով քաղաքացիական բնակչության նկատմամբ։
Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։
Սույն զեկույցը համապարփակ կերպով ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով մարդու անհատական և հավաքական իրավունքների խախտումները, որոնք արձանագրվել են շրջափակման 100 օրվա ընթացքում՝ մինչև 2023թ. մարտի 21-ը։ Զեկույցը պատրաստվել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից պետական մարմիններին ուղղված հարցումների, իրականացված ուսումնասիրություններից ու հարցազրույցներից և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա։
Յուրաքանչյուր իրավունքի առնչվող բաժնում ներկայացված են որոշակի լուսանկարներ և մարդկային պատմություններ, որոնք արտացոլում են իրականությունը: Հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը՝ բոլոր լուսանկարները կա՛մ բաց աղբյուրներից են, կա՛մ կիրառվել են դրանցում երևացող անձանց և հեղինակների համաձայնությամբ, իսկ մարդկային պատմություններում ներկայացվող անձանց անունները փոխված են: