1. Սույն կարգով սահմանվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) դեպարտամենտում (այսուհետ՝ Դեպարտամենտ) բողոքի ուսումնասիրությունն իրականացնելու գործընթացը:
2. Պաշտպանին ներկայացված բողոքն ուսումնասիրության նպատակով հաշվառվում և, ներքին գործավարության կարգի պահանջներին համապատասխան, մուտքագրվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգ:
3. Մուտքագրված բողոքն ուղարկվում է դեպարտամենտի ղեկավարին, որը բողոքի ուսումնասիրությունը հանձնարարում է պատասխանատու մասնագետին՝ ըստ գործառույթների և պատասխանատվության ոլորտների, կամ անձամբ է նախաձեռնում բողոքի ուսումնասիրությունը:
4. Դեպարտամենտի ղեկավարը, ելնելով աշխատանքային ծանրաբեռնվածության արդարացի և համաչափ բաշխման սկզբունքից, նշանակում է կատարող, որը պարտավոր է անմիջապես ձեռնամուխ լինել ներկայացված բողոքի ուսումնասիրության աշխատանքներին:
5. Բողոքի ուսումնասիրության շրջանակներում կատարողը պարզում է՝
1) արդյոք ներկայացված բողոքը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջներին.
2) արդյոք բողոքում բարձրացված հարցը վկայում է մարդու իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, և արդյոք դրանում բարձրացված հարցի քննարկումը Պաշտպանի լիազորությունների շրջանակում է.
3) պետական կամ տեղական ինքնակառավարման որ մարմնի կամ պաշտոնատար անձի, իսկ Օրենքով սահմանված դեպքերում՝ նաև կազմակերպության գործողության (անգործության) կամ որոշման արդյունքում է ենթադրաբար խախտվել անձի իրավունքը կամ ազատությունը:
6. Բողոքի ուսումնասիրության ընթացքում կատարողը, դեպարտամենտի ղեկավարի հետ համաձայնեցնելով, կարող է հետադարձ կապի միջոցով առաջարկել բողոք ներկայացրած անձին այցելել Աշխատակազմ և (կամ) տրամադրել բողոքի ուսումնասիրության կամ քննարկման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:
7. Բողոքի ուսումնասիրությանը ներգրավված անձինք կարող են իրականացնել Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերով Պաշտպանին վերապահված լիազորությունների կատարմանն ուղղված գործառույթներ՝ Պաշտպանի գրավոր որոշման հիման վրա:
8. Դեպարտամենտի ղեկավարն իրականացնում է բողոքի ուսումնասիրության նկատմամբ անմիջական վերահսկողություն՝ կատարողին համապատասխան ցուցումներ, հանձնարարություններ տալու, ինչպես նաև բողոքի կապակցությամբ ըստ անհրաժեշտության քննարկումներ իրականացնելու միջոցով:
9. Բողոքը քննարկման ընդունելու կամ չքննարկելու, ինչպես նաև բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին որոշման կայացման հարցը անհրաժեշտության դեպքում քննարկվում է դեպարտամենտի ղեկավարի հետ:
10. Բողոքի ուսումնասիրության արդյունքում անմիջական կատարողը դեպարտամենտի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Պաշտպանի կողմից բողոքի կապակցությամբ ընդունվող համապատասխան որոշման նախագիծը:
11. Պաշտպանին ներկայացված բողոքները կամ դրանց բովանդակությունը հրապարակման ենթակա չեն, բացառությամբ Օրենքով սահմանված դեպքերի:
12. Պաշտպանին ներկայացված բողոքի ուսումնասիրության ընթացքում ստացված տեղեկատվությունը, այդ թվում՝ այլ մարմիններից կամ կազմակերպություններից հարցումների արդյունքում ստացված տեղեկատվությունը, համարվում է գաղտնի և կարող է հրապարակվել կամ երրորդ անձանց տրամադրվել միայն Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
13. Բողոքի ուսումնասիրության արդյունքներով կազմված որոշման նախագիծը դեպարտամենտի ղեկավարի կողմից պետք է Պաշտպանի հաստատմանը ներկայացվի հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան բողոքը ստանալուց հետո տասնչորսերորդ օրը:
14. Դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն Կարգի 13-րդ կետով նախատեսված ժամկետը կարող է երկարացվել յուրաքանչյուր անգամ երեք օրով: