Բովանդակություն
Բաժին 3. Ադրբեջանական վերահսկողության տակ ընկած քաղաքացիական անձանց սպանության դեպքերը
Սույն զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետևանքով և Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ ընկած (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը, այդ թվում՝ թիրախային հարվածների հետևանքով՝ 42, իսկ գերեվարման մեջ՝ 38 քաղաքացիական անձ: Արձանագրվել են խոշտանգման և դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության կյանքի ու այլ իրավունքների կոպտագույն, դիտավորյալ ու համակարգված խախտման դեպքերին առնչվող հանգամանքները ներկայացվում են 2-րդ և 3-րդ բաժիններում, իսկ ընդհանրական վիճակագրական տվյալները՝ ստորև:
Տեղեկապատկեր 1․ Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ բնակության վայրի
Տեղեկապատկեր 2․ Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ դեպքի վայրի
Տեղեկապատկեր 3․ Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ մահվան հանգամանքների
Տեղեկապատկեր 4․ Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ սեռի
Տեղեկապատկեր 5․ Սպանված քաղաքացիական անձինք՝ ըստ տարիքի
Սույն փաստաթղթում ներկայացվել են միայն ապացուցված դեպքերը՝ անառարկելի հիմքերով, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է նաև այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ կիսատ տեղեկություններ, որոնք դեռևս հնարավոր չի եղել ամբողջապես ստուգել: Զեկույցի թարմացման պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհայտ կորած 20 քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։
Փաստահավաք գործունեության և զեկույցի պատրաստման հիմքում ընկած են հետևյալ հիմնական մեթոդները՝
Նշված մեթոդների կիրառման արդյունքում հնարավոր է դարձել հավաքագրել ներկայացված տվյալները և պատրաստել զեկույցի հրապարակային ու փակ տարբերակները: Փակ զեկույցում ավելացված են բազմաթիվ լուսանկարներ՝ ներկայացնելով զոհերին մահից առաջ ու հետո: Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները:
Բաժին 2-ում ներկայացվում են 42 քաղաքացիական զոհեր, որոնք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների հետևանքով, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների դեպքերը:
Բաժին 3-ն ամփոփում է 38 քաղաքացիական զոհերի վերաբերյալ տվյալները, որոնք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ: Հաշվի առնելով, որ զոհերի մի մասի մարմինները գտնվել են մահվանից բավականին ժամանակ անց, կոնկրետ դեպքերով անհնար է դարձել մանրամասնորեն գնահատել մահվան հանգամանքներն ու կատարված հանցագործությունների հետքերը: Այնուամենայնիվ, որոշակի դեպքերով ներկայացվում են նաև հակիրճ տեղեկություններ դատաբժշկական փորձաքննությունների նախնական եզրակացություններից:
|
Վիկտորյա Իգորի Գևորգյան Ծնվել է 2011թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում: 27.09.2020թ. ադրբեջանական զորքերը հրթիռակոծել են Մարտունի քաղաքը, որի ընթացքում Մարտունի քաղաքի բնակիչ Իգոր Գևորգյանին պատկանող տան դիմաց պայթած արկի բեկորային հարվածների հետևանքով նրա 9-ամյա դուստր Վիկտորյա Գևորգյանը և նրա հարևան Էլլադա Բալայանը տեղում մահացել են, իսկ կրտսեր որդի 2-ամյա Արծվիկ Գևորգյանը, կինը՝ Անահիտ Գևորգյանը և հարևան Մանուշ Ավանեսյանը՝ վիրավորվել:
|
|
Էլլադա Շմավոնի Բալայան Ծնվել է 1961թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում: 27.09.2020թ. ադրբեջանական զորքերը հրթիռակոծել են Մարտունի քաղաքը, որի ընթացքում իր տան հարակից հատվածում պայթած արկի բեկորային հարվածների հետևանքով մահացել է Էլլադա Բալայանը: Նույն պայթյունից մահացել է նաև հարևանի 9-ամյա դուստր Վիկտորյա Գևորգյանը, վիրավորվել՝ 2-ամյա Արծվիկ Գևորգյանը, Անահիտ Գևորգյանը և հարևան Մանուշ Ավանեսյանը:
|
|
Լեսմոնյա Սամվելի Ստեփանյան Ծնվել է 1941թ., միայնակ բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր: Լ.Ստեփանյանը արցախյան առաջին պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի արձակած արկի պայթյունի հետևանքով կորցրել էր աջ ձեռքը: 27.09.2020թ. Հադրութ քաղաքի իր տան բակում սպանվել է 79-ամյա Լեսմոնյա Ստեփանյանը՝ ինքնասպան անօդաչու թռչող սարքի կողմից իր տան հարվածի հետևանքով: Դեպքի հանգամանքները հաստատել է նաև նրա թոռնուհի Ռաֆինե Ստեփանյանը:
|
|
Էրիկ Ալիկի Գրիգորյան Ծնվել է 1996թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում, զբաղվում էր ձեռնարկատիրական գործունեությամբ: Էրիկ Գրիգորյանը 26.09.2020թ. մեկնել էր ԱՀ Մարտակերտի շրջանի գյուղ Մեծ շեն՝ ընկերոջը տեսակցելու: Հյուրընկալությունը տևել է մինչև ուշ երեկո, այդ պատճառով որոշել էր գիշերել այնտեղ՝ նախընտրելով Ստեփանակերտ վերադառնալ հաջորդ օրը: 27.09.2020թ. ադրբեջանական զորքերը սկսել են հրթիռակոծել Մեծ շեն գյուղը, որի ընթացքում արկի պայթյունից ստացած բեկորային վնասվածքներից զոհվել է Էրիկ Գրիգորյանը:
|
|
Աբել Ամիրբարի Սարգսյան Ծնվել է 1942թ., բնակվում էր ԱՀ Մարտակերտի շրջանի Զարդախաչ համայնքում, կենսաթոշակառու էր: 29.09.2020թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծության էր ենթարկվել նաև Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղը, որի բնակիչները տարհանված չէին: Նույն գյուղի բնակիչ Աբել Սարգսյանն այդ պահին զբաղված էր մանր և խոշոր եղջերավոր անասունների խնամքի կազմակերպմամբ, և մոտակայքում պայթած հրթիռը խլել է նրա կյանքը: Նկատի ունենալով, որ Ալբերտ Սարգսյանի մարմինը մասնատվել էր՝ նույն օրը նրան հուղարկավորել են: Տեղեկությունը հաստատվել է Զարդախաչ համայնքի ղեկավար Արշակ Ասրյանի կողմից:
|
|
Լյուբա Սուրենի Մամունց Ծնվել է 1957թ., բնակվում էր ԱՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: 30.09.2020թ. Լյուբա Մամունցը, նրա որդի Դավիթ Խաչատրյանը, ամուսին Հրանտ Խաչատրյանը և քույր Լարիսա Հարությունյանը գտնվում էին Մարտակերտ քաղաքում՝ կենտրոնական թաղամասում գտնվող մի խանութի դիմաց, երբ ադրբեջանական կողմը սկսել է հրթիռակոծել Մարտակերտ քաղաքը: Պայթյունների հետևանքով բեկորային վնասվածքներից Լյուբա Մամունցը, Լարիսա Հարությունյանը, ինչպես նաև Հրանտ Խաչատրյանը տեղում մահացել են, իսկ Դավիթ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
|
|
Լարիսա Սուրենի Հարությունյան Ծնվել է 1959թ., բնակվում էր ԱՀ Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր: 30.09.2020թ. Լարիսա Հարությունյանը, նրա քույր Լյուբա Մամունցը և վերջինիս ամուսին Հրանտ Խաչատրյանը մահացել են ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով՝ Մարտակերտ քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող խանութի դիմաց, իսկ Դավիթ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
|
|
Հրանտ Մովսեսի Խաչատրյան Ծնվել է 1955թ., բնակվում էր ԱՀ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում: 30.09.2020թ. Հրանտ Խաչատրյանը, նրա կին Լյուբա Մամունցը և վերջինիս քույր Լարիսա Հարությունյանը մահացել են ադրբեջանական հրթիռակոծության բեկորային հարվածներից՝ Մարտակերտ քաղաքի կենտրոնական թաղամասում գտնվող մի խանութի դիմաց, իսկ նրա որդի Դավիթ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածքներ:
|
|
Արմեն Ֆելիքսի Հովսեփյան Ծնվել է 1984թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում: 01.10.2020թ. Մարտունի քաղաքի հերթական արկակոծության ժամանակ, երբ Արմեն Հովսեփյանը մեքենայով երթևեկում էր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկով, արկի բեկորային հարվածների հետևանքով նա տեղում մահացել է: Նույն հրետակոծության հետևանքով վիրավորումներ են ստացել նաև Մարտունու չորս բնակիչներ՝ Կարեն Մելքումյանը, Հենրիխ Միրզոյանը, Անդրանիկ Գրիգորյանը, Նվեր Ավագյանը:
|
|
Վալերիկ Արշակի Դադայան Ծնվել է 1951թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում: 01.10.2020թ. Մարտունի քաղաքի հերթական արկակոծության ժամանակ, երբ Վալերիկ Դադայանը գտնվում էր իր տան բակում, արկի բեկորային հարվածների հետևանքով նա տեղում մահացել է:
|
|
Գրիշա Ստեփանի Նարինյան Ծնվել է 1992թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում: 01.10.2020թ. Մարտունի քաղաքի հերթական հրետակոծության ժամանակ, երբ քաղաքի կենտրոնում Գրիշա Նարինյանը ուղեկցում էր հայկական ու օտարերկրյա լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների, արկի բեկորային հարվածների հետևանքով նա տեղում մահացել է: Նույն հրետակոծության հետևանքով վիրավորումներ են ստացել չորս լրագրողներ՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի թղթակիցներ Ռաֆայել Յաղուբզադեն, Ալան Կավալը, հայկական 24news.am լրատվամիջոցի թղթակից Սևակ Վարդումյանը և «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը:
|
|
Ալինա Ռաֆիկի Հարությունյան Ծնվել է 1966թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր մասնավոր հատվածում: 02.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող՝ Հաղթանակի օղակաձև հրապարակին հարակից Ազատամարտիկների և Տիգրան Մեծի փողոցների բազմաբնակարան մի քանի շենքեր: Պայթյունների հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից իր բնակարանում մահացել է Ալինա Հարությունյանը, իսկ փողոցում՝ նաև Ռադիկ Դանիելյանը: |
|
Ռադիկ Բենիկի Դանիելյան Ծնվել է 1949թ., բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր որպես տաքսու վարորդ: 02.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող՝ Հաղթանակի օղակաձև հրապարակին հարակից Ազատամարտիկների և Տիգրան Մեծի փողոցների բազմաբնակարան մի քանի շենքեր: Պայթյունների հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից փողոցում մահացել է Ռադիկ Դանիելյանը, իսկ իր բնակարանում՝ նաև Ալինա Հարությունյանը:
|
|
Հովիկ Յուրիի Աղաջանյան Ծնվել է 1994թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում (հաշվառված էր Ասկերանի շրջանի Խնածախ գյուղում), Հ.Աղաջանյանը աշխատում էր ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում և պատերազմի ընթացքում ներգրավված էր բնակչության հումանիտար աջակցությանն ու ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վտանգների չեզոքացմանն ուղղված աշխատանքներին: 02.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերը ուղիղ թիրախավորել են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական շենքերից մեկը Ստեփանակերտ քաղաքում, որի ուղղությամբ արձակված հրթիռի պայթյունի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից մահացել է հիշյալ ծառայության աշխատակից Հովիկ Աղաջանյանը: Նույն հարվածի հետևանքով մարմնական տարբեր վիրավորումներ են ստացել ևս 6 փրկարարներ՝ Վալերի Խաչատրյանը, Սաշա Ավանեսյանը, Գարի Մելքումյանը, Սուրիկ Շահնազարյանը, Հայասեր Բաղդասարյանը և Հրայր Սարգսյանը:
|
|
Սուրեն Ազատի Միրզոյան Ծնվել է 1962թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր «Արցախէներգո» ՓԲ ընկերությունում: 04.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրթիռների կիրառությամբ թիրախային կրակ են արձակել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրական ենթակայանների համալիրի և դրա հարևանությամբ գտնվող՝ «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքի ուղությամբ, որի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից մահացել են Սուրեն Միրզոյանը և Արամ Գրիգորյանը, իսկ Սերգեյ Կոստանդյանը վիրավորվել է:
|
|
Արամ Կառլոսի Գրիգորյան Ծնվել է 2001թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում: 04.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրթիռների կիրառությամբ թիրախային կրակ են արձակել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրական ենթակայանների համալիրի և դրա հարևանությամբ գտնվող՝ «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերության վարչական շենքի ուղղությամբ, որի հետևանքով ստացած բեկորային վնասվածքներից մահացել են Արամ Գրիգորյանը և Սուրեն Միրզոյանը, իսկ Սերգեյ Կոստանդյանը վիրավորվել է:
|
|
Արկադի Արսենի Լալայան Ծնվել է 1951թ., բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, կենսաթոշակառու էր: 04.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրթիռակոծվել էր Ստեփանակերտ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցը: Հարձակման պահին հիշյալ փողոցի թիվ 7 շենքում բնակվող Արկադի Լալայանը գտնվում էր իր բնակարանի պատշգամբում, որի ուղղությամբ՝ դիմացի հատվածում պայթել էր հերթական հրթիռը: Արկադի Լալայանի հարազատները նրան գտել են պատշգամբում՝ բեկորային վնասվածքներից արնահոսած և մահացած վիճակում:
|
|
Արթուր Սերգեյի Գալստյան Ծնվել է 1971թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում: 04.10.2020թ. Արթուր Գալստյանը գնացել էր Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 5 շենք՝ միայնակ մորը տեսակցելու համար: Այդ պահին ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել է Ստեփանակերտ քաղաքում տեղակայված՝ Արցախէներգո ՓԲ ընկերությանը պատկանող ենթակայանները, որոնք տեղակայված են Իսակովի փողոցի հարևանությամբ: Այդ պահին խոցվել է նաև նույն փողոցի թիվ 5 շենքը, որտեղ ստացած բեկորային վնասվածքներից մահացել է Արթուր Գալստյանը:
|
|
Սլավիկ Վահանի Խաչատրյան Ծնվել է 1953թ., բնակվում էր ԱՀ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում, կենսաթոշակառու էր: 05.10.2020թ. Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարբեր հատվածներում պայթած հրթիռների բեկորային հարվածներից իրենց աշխատանքի վայրում մահացել են նույն գյուղի բնակիչ Սլավիկ Խաչատրյանը և ՀՀ Հրազդան քաղաքի բնակիչ Ջանիբեկ Նիկողոսյանը:
|
|
Ջանիբեկ Դավիթի Նիկողոսյան Ծնվել է 1979թ., բնակվում էր ՀՀ Հրազդան քաղաքում, աշխատում էր Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում: 05.10.2020թ. Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի տարբեր հատվածներում պայթած հրթիռների բեկորային հարվածներից իրենց աշխատանքի վայրում մահացել են Ջանիբեկ Նիկողոսյանը և Սլավիկ Խաչատրյանը:
|
|
Վարուժան Բալաբեկի Պողոսյան Ծնվել է 1963թ., բնակվում էր Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում /ք. Հրազդան/, զբաղվում էր անասնապահությամբ: 10.10.2020թ. Հադրութ քաղաք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը դիպուկահար հրազենի կրակոցով տան բակում սպանել է Վարուժան Պողոսյանին, իսկ նրա որդի Էդգար Պողոսյանը ծանր վիրավորվել է:
|
|
Միքայել Վալերիի Մոսեսյան Ծնվել է 1990թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, ուներ հոգեկան խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն: 10.10.2020թ. Հադրութ քաղաք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը երեք հրազենային կրակոցով իր բնակարանում սպանել է հոգեկան խնդիրներ ունեցող Միքայել Մոսեսյանին, իսկ նրա մայրը՝ Անահիտ Մովսիսյանը ստացել է հրազենային վիրավորումներ և փրկվել բժշկական միջամտության արդյունքում: |
|
Արծվիկ Վարդանի Միրզոյան Ծնվել է 1997թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, ուներ հաշմանդամություն: 10.10.2020թ. Հադրութ քաղաքի բնակիչ Արծվիկ Միրզոյանը ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի հրազենային կրակոցից սպանվել է իր տան բակում՝ հոր աչքի առջև: Ունեցել է հոգեկան խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն: Մարմինը գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում՝ 19.12.2020թ.՝ լրիվությամբ քայքայված վիճակում:
|
|
Նվեր Վազգենի Գրիգորյան Ծնվել է 1976թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, հանդիսանում էր Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալը: 10.10.2020թ., երբ Հադրութ քաղաք էր ներխուժել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խումբը, Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Գրիգորյանը փորձում էր կազմակերպել քաղաքում մնացած քաղաքացիական անձանց տարհանումը, սակայն նկատվել է ու սպանվել հրազենային կրակոցով:
|
|
Պարգև Աղավելի Սաղյան Ծնվել է 1945թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, կենսաթոշակառու էր: 10.10.2020թ. Մարտունի քաղաքին ուղղված հարվածների հետևանքով ուղիղ խոցմամբ ամբողջությամբ ավիրվել էր նաև նույն քաղաքի բնակիչ Պարգև Սաղյանին պատկանող բնակարանը: Այդ պահին վերջինս գտնվում էր տանը և պայթյունի հետևանքով նրա բնակարանն ամբողջությամբ փլվել էր՝ նրան թողնելով փլատակների տակ: Պարգև Սաղյանի դիակը փլատակներից հանել են Մարտունի քաղաքի բնակիչները և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ուժերը:
|
|
Աշոտ Ֆրունզեի Հովհաննիսյան Ծնվել է 1958թ., բնակվում էր ՀՀ Երևան քաղաքում, զբաղվում էր բեռնափոխադրմամբ: Աշոտ Հովհաննիսյանը բեռնատար մեքենայով զբաղվում էր խաղաղ բնակչության համար սննդի մատակարարման աշխատանքներով: 10.10.2020թ. նա սնունդ էր տեղափոխում քաղաք Մարտակերտ, երբ ճանապարհին՝ Տիգրանակերտ արգելոցի տարածքում հակառակորդի կողմից թիրախավորվել է նրա մեքենան, և արկի պայթյունից Աշոտ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
|
|
Նվեր Պարգևի Գրիգորյան Ծնվել է 1975թ., բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր «Արցախէներգո» փակ բաժնետիրական ընկերությունում: 27.09.2020թ.-ից սկսած Նվեր Գրիգորյանը պատերազմում կատարում էր բացառապես մասնագիտական՝ էներգամատակարարման խափանումները վերացնելու աշխատանք: 14.10.2020թ. նա աշխատում էր Մարտակերտի շրջանում և հակառակորդի արձակած արկի պայթյունի պահին գտնվում էր էլեկտրասյան վրա: Բարձր դիրքի պատճառով արկի պայթյունից արձակված բեկորները հարվածել և սպանել են նրան:
|
|
Արմեն Արկադիի Քարամյան Ծնվել է 1970թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում: 15.10.2020թ. Կարմիր շուկա և հարակից գյուղերը ադրբեջանական զինված ուժերի կողմից առնվել էին կրակի տակ, այդ ուղղությամբ «Սմերչ» համազարկային կայանքներից արձակվել են մի շարք կասետային հրթիռներ, որոնց բեկորներից ավերվել են բնակարաններ, տրանսպորտային միջոցներ: Կրակի պահին Կարմիր շուկա գյուղի բնակիչ Արմեն Քարամյանը գտնվում էր իր մեքենայում, որին հասցված հարվածի հետևանքով նա տեղում մահացել է:
|
|
Կարեն Արարատի Գրիգորյան Ծնվել է 1984թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում, աշխատում էր ԱՀ գլխավոր դատախազությունում: 15.10.2020թ. Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչ Կարեն Գրիգորյանը կենսաթոշակառու հոր և համագյուղացիների հետ իր մեքենայով դուրս էր եկել գյուղից՝ իջնելով մոտակա Շեխեր գյուղ տանող ճանապարհին կառուցված կամրջի մոտ: Ականատեսների ներկայացմամբ՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը նկատել ու անմիջապես հրթիռով խոցել է Կարեն Գրիգորյանի տրանսպորտային միջոցը, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ուղևորները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
|
|
Վլադիմիր Միքայելի Միրզոյան Ծնվել է 1955թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում, կենսաթոշակառու էր: 17.10.2020թ. ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքի հերթական հրետակոծության հետևանքով Վլադիմիր Միրզոյանը մահացել է ստացած բազմաբեկոր մարմնական վնասվածքներից՝ իր տան բակում:
|
|
Գևորգ Մուրադի Համբարձումյան Ծնվել է 1983թ., բնակվում էր ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, զբաղվում էր հողագործությամբ և անասնապահությամբ: Տևական ժամանակ ադրբեջանական զինված ուժերը մարտեր էին մղել Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը իրենց տիրապետության տակ առնելու համար, որի իրագործման նպատակով հաճախակի գործի էր դրվում բնակավայրը հրթիռակոծելու մեթոդը: 25.10.2020թ. հերթական հարձակման ժամանակ արկի պայթյունից գյուղամիջում մահացել է նույն գյուղի բնակիչ Գևորգ Համբարձումյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մի խումբ գյուղաբնակներ:
|
|
Էդվարդ Բորիկի Խաչատրյան Ծնվել է 1967թ., բնակվում էր ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: 28.10.2020թ. Է.Խաչատրյանը Խնապատից իր մեքենայով մեկնել էր քաղաք Մարտունի, հետ վերադառնալու ճանապարհին նրա մեքենան նկատվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կողմից, և արձակված հրթիռը խոցել ու սպանել է Էդուարդ Խաչատրյանին:
|
|
Հարություն Յուրիի Աթաջանյան Ծնվել է 1985թ., բնակվում էր ԱՀ Ստեփանակերտ քաղաքում, աշխատում էր ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում: 29.10.2020թ. Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակում էր կազմակերպվել ԱՀ Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով գյուղում առաջացել էր հումանիտար օգնության լրջագույն կարիք: Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության կողմից դեպքի վայր ուղարկված փրկարարական ուժերը ստիպված էին աշխատել ռազմական գործողություններին զուգահեռ: Խոցված մեքենայից Սղնախ գյուղի բնակչին հանելու պահին արկի պայթյունից մահացու վիրավորում է ստացել փրկարարական խմբի անդամ Հարություն Աթաջանյանը:
|
|
Սերժիկ Ռաֆիկի Բալայան Ծնվել է 1960թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: 30.10.2020թ. դրությամբ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը ամբողջությամբ տարհանվել և գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի խոցելիության տեսադաշտում: Գյուղի բնակիչները տեղաշարժվել էին Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ: Հիշյալ օրը Թաղավարդի ու Կարմիր շուկայի մի խումբ բնակիչներ հավաքվել էին Ակնաղբյուր գյուղի մոտակայքում՝ ճանապարհի մայթեզրին կառուցված հանրային սննդի օբյեկտի մոտ՝ հույս ունենալով, որ առաջիկայում իրենց բնակավայրը կանցնի հայկական ուժերի տիրապետության տակ և նրանք կկարողանան վերադառնալ իրենց բնակարանները: Այդ պահին ադրբեջանական անօդաչու թռչող սարքից նրանց ուղղությամբ արձակվել են հրթիռներ, որոնց պայթյունի հետևանքով Սերգեյ Բալայանը մահացել է, իսկ ևս 6 քաղաքացիական անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
|
|
Ապրես Բագրատի Ադամյան Ծնվել է 1961թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղում, զբաղվում էր գյուղատնտեսությամբ: 30.10.2020թ. հրթիռակոծության էր ենթարկվել նաև Մարտունու շրջանի Հեր-հեր բնակավայրը, որի հետևանքով ամբողջությամբ ավերվել էր հիշյալ գյուղի բնակիչ Ապրես Ադամյանի տունը: Նույն օրը նրա տանը կատարված փրկարարական-որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Ապրես Ադամյանի դիակը՝ բեկորային վնասվածքներով ու կոտրվածքներով:
|
|
Արմո Ամերիկոյի Ավանեսյան Ծնվել է 1967թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջանի Սոս գյուղում/ Կոլխոզաշեն/ Ստեփանակերտ: 02.11.2020թ. Մարտունու շրջանի Խնուշինակ համայնքի թիրախավորման հետևանքով բնակիչները սկսել են լքել բնակավայրը: Տվյալ գյուղում էր գտնվում նաև նույն շրջանի Սոս համայնքի բնակիչ Արմո Ավանեսյանը, ով ևս իր մեքենայով փորձել էր տեղափոխվել համեմատաբար անվտանգ վայր, սակայն գյուղի մոտակայքում նրա մեքենան խոցվել է՝ դառնալով վերջինիս մահվան պատճառ:
|
|
Սվետլանա Հայկի Մկրտչյան Ծնվել է 1937թ., բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում՝ իր թոռների հետ միասին, կենսաթոշակառու էր: 06.11.2020թ. Ստեփանակերտ քաղաքը ենթարկվել էր մասշտաբային հրթիռային հարձակման, որի ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով ամբողջությամբ ավերվել է նաև Զորգե փողոցում գտնվող՝ Սվետլանա Մկրտչյանի առանձնատունը: Փրկարարական ուժերը նույն օրը նշված տան փլատակներից հանել են Սվետլանա Մկրտչյանի, նրա թոռներ Էրիկ ու Արկադյա Հախումյանների դիակները:
|
|
Էրիկ Արսենի Հախումյան Ծնվել է 1992թ., բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում՝ տատիկի ու եղբոր հետ: 06.11.2020թ. Ստեփանակերտ քաղաքը ենթարկվել էր մասշտաբային հրթիռային հարձակման, որի ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով ամբողջությամբ ավերվել է նաև Զորգե փողոցում գտնվող՝ Սվետլանա Մկրտչյանի առանձնատունը: Փրկարարական ուժերը նույն օրը նշված տան փլատակներից հանել են Էրիկ Հախումյանի, նրա եղբայր Արկադյա Հախումյանի և տատիկ Սվետլանա Մկրտչյանի դիակները:
|
|
Արկադի Արսենի Հախումյան Ծնվել է 2000թ., բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում՝ տատիկի ու եղբոր հետ: 06.11.2020թ. Ստեփանակերտ քաղաքը ենթարկվել էր մասշտաբային հրթիռային հարձակման, որի ընթացքում ուղիղ թիրախավորման հետևանքով ամբողջությամբ ավերվել է նաև Զորգե փողոցում գտնվող՝ Սվետլանա Մկրտչյանի առանձնատունը: Փրկարարական ուժերը նույն օրը նշված տան փլատակներից հանել են Արկադյա Հախումյանի, նրա եղբայր Էրիկ Հախումյանի և տատիկ Սվետլանա Մկրտչյանի դիակները:
|
|
Վանիկ Վահանի Բաբայան Ծնվել է 1988թ., բնակվում էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում, աշխատում էր «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության Քաշաթաղի մասնաճյուղում՝ որպես տեխնիկ: 08.11.2020թ. Վանիկ Բաբայանը ներգրավվել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում վթարված գազատարի վերականգնման աշխատանքներին, որի ընթացքում հակառակորդի կողմից արձակված հերթական արկը պայթել է նրանց հարևանությամբ, և ստացած բեկորային վնասվածքներից Վանիկ Բաբայանը մահացել է:
|
|
Սերյոժա Սամսոնի Դեմիրճյան Ծնվել է 1980թ., բնակվում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում: Զորակոչային տարիքի էր, սակայն որպես բազմազավակ հայր չի զորակոչվել: Մահացել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշի քաղաքի մերձակայքում՝ իր կողմից վարվող մեքենան հակառակորդի կողմից խոցելու հետևանքով:
|
|
Արթուր Գագիկի Հակոբյան Ծնվել է 1979թ․ մայիսի 20-ին ՀՀ Արմավիրի մարզ։ Սպանվել է ադրբեջանական զինված ուժերի հրթիռահրետանային հարվածների հետևանքով։ Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով՝ ստացել է կրծքավանդակի, որովայնի, և ստորին վերջույթների հրազենային պայթյունաայրվածքային վնասվածքներ, ինչի հետևանքով մահացել է 2020թ-ի հոկտեմբերի 25-ին։
|
|
Յուրի Վաչագանի Ադամյան Ծնվել է 1995թ., բնակվում էր Հադրութի շրջանի Տյաք գյուղում, զբաղվում էր անասնապահությամբ: Քանի որ Հադրութ քաղաքը ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտարկվում էր որպես հիմնական թիրախներից մեկը, այդ պատճառով 10.10.2020թ. ադրբեջանական դիվերսիոն խմբերը ոչ միայն մտել էին քաղաք, այլև փորձում էին այն շրջափակել ամեն կողմից: Այդ պատճառով նախապես անվտանգ վայր չտեղափոխված՝ Տյաք գյուղի բնակիչ Յուրի Ադամյանը և նրա հետ անասնապահությամբ զբաղվող Բենիկ Հակոբյանը մնացել էին գյուղում: Ադրբեջանական զինվորականները Յուրի Ադամյանին և Բենիկ Հակոբյանին հայտնաբերելուց ու գերեվարելուց հետո Հադրութ քաղաքի հրապարակում նրանց կապել և ցուցադրաբար գնդակահարել են 2020թ. հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում, որը ցուցադրող տեսանյութը հոկտեմբերի 15-ին հրապարակվել է ադրբեջանական սոցցանցային տիրույթում:
|
|
Բենիկ Լազրովի Հակոբյան Ծնվել է 1947թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր: Քանի որ Հադրութ քաղաքը ադրբեջանական զինված ուժերի կողմից դիտարկվում էր որպես հիմնական թիրախներից մեկը, այդ պատճառով 10.10.2020թ. ադրբեջանական դիվերսիոն խմբերը ոչ միայն մտել էին քաղաք, այլև փորձում էին այն շրջափակել ամեն կողմից: Այդ պատճառով նախապես անվտանգ վայր չտեղափոխված՝ Տյաք գյուղի բնակիչ Յուրի Ադամյանը և վերջինիս հետ անասնապահությամբ զբաղվող Բենիկ Հակոբյանը մնացել էին գյուղում: Ադրբեջանական զինվորականները Բենիկ Հակոբյանին և Յուրի Ադամյանին հայտնաբերելուց ու գերեվարելուց հետո Հադրութ քաղաքի հրապարակում նրանց կապել և ցուցադրաբար գնդակահարել են 2020թ. հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում, որը ցուցադրող տեսանյութը հոկտեմբերի 15-ին հրապարակվել է ադրբեջանական սոցցանցային տիրույթում: Բենիկ Հակոբյանի կնոջ՝ Ելենա Հակոբյանի դիակը հայտնաբերվել է 04.01.2021թ. Հադրութ քաղաքում՝ որոնողական աշխատանքների արդյունքում:
|
|
Մուշեղ Մելքումի Մելքումյան Ծնվել է 1937թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, միայնակ կենսաթոշակառու էր: Մուշեղ Մելքումյանը այն անձանցից էր, ով ի վիճակի չէր տեղափոխվել անվտանգ վայր, այդ պատճառով գերեվարվել էր 10.10.2020թ. հոկտեմբեր ամսում Հադրութ քաղաք ներխուժած ադրբեջանական դիվերսիոն խմբերի կողմից: Հետագայում ադրբեջանական կողմը հայտնել էր Մուշեղ Մելքումյանի գերեվարման, իսկ նրան 29.10.2020թ. հայկական կողմին հանձնելու պահին՝ նաև մահվան մասին: Մարմնի նախնական դատաբժշկական փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության գործադրմամբ գլխուղեղի տրավմայի հետևանքով:
|
|
Էդուարդ Սուրենի Ժամհարյան Ծնվել է 1957թ., բնակվում էր ԱՀ Շուշիի շրջկենտրոն Շուշի քաղաքում, կենսաթոշակառու էր: Էդուարդ Ժամհարյանը Շուշի քաղաքում մնացած և 08.11.2020թ. կամ հաջորդող օրերին Ադրբեջանի զինվորականների կողմից գերեվարված քաղաքացիական անձանցից է, որի դիակը 04.12.2020թ. հանձնվել է հայկական կողմին՝ դիտավորությամբ նրան կյանքից զրկելու մասին վկայող բավարար հանցանշաններով: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ Էդուարդ Ժամհարյանը սպանվել է կիրառված բռնության պատճառով գլխի ձախ հատվածում առկա գանգուղեղային բաց վնասվածքի հետևանքով:
|
|
Աշոտ Առաքելի Մունչյան Ծնվել է 1951թ., բնակվում էր ԱՀ Շուշիի շրջկենտրոն Շուշի քաղաքում, կենսաթոշակառու էր: Աշոտ Մունչյանը Շուշի քաղաքում մնացած և 08.11.2020թ. կամ հաջորդող օրերին Ադրբեջանի զինվորականների կողմից գերեվարված քաղաքացիական անձանցից է, որի դիակը 05.12.2020թ. հանձնվել է հայկական կողմին՝ դիտավորությամբ նրան կյանքից զրկելու մասին վկայող բավարար հանցանշաններով: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ Աշոտ Մունչյանը սպանվել է հրազենային վիրավորումով, բացի դրանից՝ կտրված էր նաև ձախ ականջը:
|
|
Վլադիմիր Բագրադի Պարսիյանց Ծնվել է 1946թ. դեկտեմբերի 30-ին Բաքու քաղաքում: Բնակվում էր Շուշի քաղաքում, թոշակառու էր: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանվել է 18.11.2020: 05.12.2020թ. Շուշի քաղաքում ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել ինքնությունը չպարզված քաղաքացիական տղամարդու դիակ՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև որովայնի հատվածում կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հասցված վնասվածքներով:
|
|
Վյաչեսլավ Ամինակի Ավակյան Ծնվել է 1958թ., բնակվում էր Շուշի քաղաքում։ Ամուսնացած չէր։ 13.12.2020թ. ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել Շուշի քաղաքի բնակիչ Սլավիկ Ավագյանի դիակը՝ քունքի հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև որովայնի հատվածում կտրող-ծակող գործիքի գործադրմամբ հասցված վնասվածքներով:
|
|
Յուրի Առուշանի Ասրիյան Ծնվել է 1940թ., բնակվում էր Հադրութի շրջանի Ազոխ գյուղում, միայնակ կենսաթոշակառու էր: Առողջական խնդիրներով պայմանավորված Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Յուրի Ասրիյանը չէր կարողացել դուրս գալ իր բնակավայրից և 2020թ. հոկտեմբերի 21-ին գերեվարվել էր գյուղ ներխուժած ադրբեջանական զինվորականների կողմից: Հետագայում՝ 2020թ. դեկտեմբեր ամսում համացանցում. տեսանյութ էր տարածվել, որը պարունակում էր Յուրի Ասրիյանի գլխատման տեսարանը: Նա բազմաթիվ անգամ «Ալահի» անունով խնդրում է չգլխատել իրեն, սակայն ադրբեջանական զինված ուժերի համազգեստով զինվորականը ակնհայտորեն գլխատում է նրան: Մարմինը գտնվել է 21.01.2021թ.-ին:
|
|
Էդուարդ Աբգարի Շախկելդյան Ծնվել է 1941թ., բնակվում էր ԱՀ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, կենսաթոշակառու էր: Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի բնակիչ Էդուարդ Շախկելդյանն ու նրա կինը՝ Արեգա Շախկելդյանը 27.10.2020թ. գերեվարվել էին ադրբեջանական զինվորականների կողմից: Այնուհետև ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատել է Էդուարդ Շախկելդյանի գերեվարման փաստը, սակայն գերությունից ազատված ականատեսները իրենց վկայություններով փաստել են նրա նկատմամբ ադրբեջանցի զինվորականների կողմից բռնություն գործադրելու հանգամանքը, որի հետևանքով Էդուարդ Շախկելդյանը մահացել է:
|
|
Գեննադի Միքայելի Պետրոսյան Ծնվել է 1951թ., բնակվում էր ԱՀ Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղում, կենսաթոշակառու էր: Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի բնակիչ Գեննադի Պետրոսյանը 27.10.2020թ. գյուղի տարհանումից հետո վերադարձել էր գյուղ՝ մնացյալ իրերը վերցնելու նպատակով: Նույն ժամանակահատվածում գյուղում հայտնված ադրբեջանական զինվորականները նրան գերեվարել և հետագայում նոյեմբեր ամսում համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որում ակնհայտորեն նկատելի է, թե ինչպես են Գեննադի Պետրոսյանին գլխատում, նրա մարմինն ու անդամահատված գլուխը տեղադրում խոզի մարմնի մոտ՝ ենթադրաբար նույնացնելու մտադրությամբ:
|
|
Էռնեստ Արշամի Հարությունյան Ծնվել է 1936թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր: 04.12.2020թ. Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում դիակների որոնման ընթացքում հայտնաբերվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 10.10.2020թ. բռնազավթված Հադրութ քաղաքի բնակիչ Էռնեստ Հարությունյանի դիակը՝ իր տան պատշգամբում:
|
|
Մինաս Եղիշի Հակոբյան Ծնվել է 1954թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում, կենսաթոշակառու էր: 05.12.2020թ. Հադրութի շրջանի Նորաշեն համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 10.10.2020թ. ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված նույն գյուղի բնակիչ Մինաս Հակոբյանի և նրա որդի Եղիշե Հակոբյանի դիակները՝ լրիվ քայքայված վիճակում:
|
|
Եղիշե Մինասի Հակոբյան Ծնվել է 1982թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում: 05.12.2020թ. Հադրութի շրջանի Նորաշեն համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 10.10.2020թ. ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված նույն գյուղի բնակիչ Եղիշե Հակոբյանի և նրա հայր Մինաս Հակոբյանի դիակները՝ լրիվ քայքայված վիճակում:
|
|
Նինա Միքայելի Դավթյան Ծնվել է 1938թ., բնակվում էր Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում, կենսաթոշակառու էր: 19.12.2020թ. Հադրութի շրջանի Վարդաշատ համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 10.10.2020թ. ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված նույն գյուղի բնակչուհի Նինա Դավթյանի դիակը՝ լրիվ քայքայված վիճակում: Նինա Դավթյանի գլուխը մարմնից անջատված էր, իսկ ձեռքը՝ կոտրված: Ամուսնու՝ Դավիթ Դավթյանի դիակը նույնպես գտնվել է Վարդաշատ գյուղում որոնողական աշխատանքների արդյունքում:
|
|
Մարտիկ Ենոքի Ավետիսյան Ծնվել է 1963թ., բնակվում էր Հադրութի շրջանի Տող գյուղում, կենսաթոշակառու էր: 19.12.2020թ. Հադրութի շրջանի Տող համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 21.10.2020թ-ից գյուղում մնացած նույն գյուղի բնակիչներ Մարտիկ Ավետիսյանի և Ռադիկ Ստեփանյանի դիակները՝ քայքայված վիճակում:
|
|
Ռադիկ Ստեփանի Ստեփանյան Ծնվել է 1937թ., բնակվում էր Հադրութի շրջանի Տող գյուղում, ուներ հաշմանդամություն: 19.12.2020թ. Հադրութի շրջանի Տող համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 21.10.2020թ.-ից գյուղում մնացած նույն գյուղի բնակիչներ Ռադիկ Ստեփանյանի և Մարտիկ Ավետիսյանի դիակները՝ քայքայված վիճակում: Ռադիկ Ստեփանյանի գլուխը բացակայում էր, իսկ ոտքերը կոտրված էին:
|
|
Վարդան Սամսոնի Ալթունյան Ծնվել է 1931թ., բնակվում էր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, կենսաթոշակառու էր: 20.12.2020թ. Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 23.10.2020թ.-ից գյուղում ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած նույն գյուղի բնակիչներ Վարդան Ալթունյանի, Սլավիկ Գալստյանի և Վահրամ Լալայանի դիակները՝ քայքայված վիճակում:
|
|
Սլավիկ Մամիկոնի Գալստյան Ծնվել է 1952թ., բնակվում էր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, կենսաթոշակառու էր: 20.12.2020թ. Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 23.10.2020թ.-ից գյուղում ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած նույն գյուղի բնակիչներ Սլավիկ Գալստյանի, Վարդան Ալթունյանի և Վահրամ Լալայանի դիակները՝ քայքայված վիճակում: Դատաբժիշկ փորձագետի նախնական եզրակացության համաձայն դիակների վրա առկա են հրազենային վնասվածքներ:
|
|
Վահրամ Սալիմի Լալայան Ծնվել է 1974թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում: 20.12.2020թ. Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 23.10.2020թ-ից գյուղում ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած նույն գյուղի բնակիչներ Վահրամ Լալայանի, Սլավիկ Գալստյանի և Վարդան Ալթունյանի դիակները՝ քայքայված վիճակում: Դատաբժիշկ փորձագետի նախնական եզրակացության համաձայն դիակների վրա առկա են հրազենային վնասվածքներ:
|
|
Հենրիխ Արշավիրի Միրզոյան Ծնվել է 1937թ., բնակվում էր ԱՀ Հադրութի շրջանի Նորաշեն գյուղում, կենսաթոշակառու էր: 20.12.2020թ. Հադրութի շրջանի Նորաշեն համայնքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 10.10.2020թ.-ից գյուղում ադրբեջանական վերահսկողության ներքո մնացած նույն գյուղի բնակիչ Հենրիխ Միրզոյանի դիակը՝ քայքայված վիճակում:
|
|
Վալերի Սեմյոնի Վարդանյան Ծնվել է 1947թ. Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, բնակվում էր նույն շրջանի Կարմրակուճ գյուղում, կենսաթոշակառու էր: Դիակը հայտնաբերվել է 03.01.2021թ. Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղում: Անձի նույնականացումը կատարվել է հարազատների վկայությամբ և «ԴՆԹ» նմուշների հետազոտության արդյունքում:
|
|
Սերժիկ Մամիկոնի Վարդանյան Ծնվել է 1949թ., բնակվում էր Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր: Հադրութ քաղաքում դիակների որոնման աշխատանքների ընթացքում 04.01.2021թ. իրենց տան բակում հայտնաբերվել է Սերժիկ Վարդանյանի և նրա կնոջ՝ Էլլա Վարդանյանի դիակները: Նրանց նույնականացումը կատարվել է հարազատների վկայությամբ և «ԴՆԹ» նմուշների հետազոտության արդյունքում:
|
|
Էլլա Մելիքի Վարդանյան Ծնվել է 1952թ. Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր: Հադրութ քաղաքում դիակների որոնման աշխատանքների ընթացքում 04.01.2021թ. իրենց տան բակում հայտնաբերվել է Էլլա Վարդանյանի և նրա ամուսին Սերժիկ Վարդանյանի դիակները: Նրանց նույնականացումը կատարվել է հարազատների վկայությամբ և «ԴՆԹ» նմուշների հետազոտության արդյունքում:
|
|
Դավիթ Սուրաբի Դավթյան Ծնվել է 1934թ., բնակվում էր Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում, կենսաթոշակառու էր: Դիակը հայտնաբերվել է 11.01.2021թ. ադրբեջանական վերահսկողության տակ անցած Վարդաշատ գյուղում: Դիակի նույնականացումը կատարվել է հարազատների վկայությամբ և «ԴՆԹ» նմուշների համեմատական հետազոտության արդյունքում: Կնոջ՝ Նինա Դավթյանի դիակը նույնպես գտնվել է Վարդաշատ գյուղում որոնողական աշխատանքների արդյունքում:
|
|
Ալվարդ Սուլեյմանի Թովմասյան Ծնվել է 1963թ., բնակվում էր Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում, տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Դիակը հայտնաբերվել է 13.01.2021թ. նույն գյուղում որոնողական աշխատանքների արդյունքում: Դիակի արտաքին զննությամբ արձանագրվել են խոշտանգման մասին վկայող բացահայտ հետքեր, կտրված է ձախ ականջը: Դիակի նույնականացումը կատարվել է հարազատների կողմից և «ԴՆԹ» նմուշների համեմատական հետազոտության արդյունքում։
|
|
Արսեն Ալեքսանդրի Ղարախանյան Ծնվել է 1976թ., բնակվում էր Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում: Ամուսնացած էր, ուներ 3 երեխա, մեկը՝ անչափահաս: Դիակը հայտնաբերվել է 19.01.2021թ. Հադրութ քաղաքում դիակների որոնման աշխատանքների արդյունքում: Ըստ դատաբժիշկ- փորձագետի նախնական եզրակացության՝ Արսեն Ղարախանյանի մահը վրա էր հասել խոշտանգման հետևանքով, իսկ դիակի վրա առկա հրազենային վնասվածքները հասցվել են հետմահու: Հատկանշական է, որ 06.01.2021թ. և 16.01.2020թ. համացանցի ադրբեջնական տիրույթում հրապարկվել էին երկու տեսանյութ Արսեն Ղարախանյանի մասնակցությամբ, իսկ 14.01.2021թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Հարկ է նշել, որ Արսեն Ղարախանյանը մտել է Հադրութ իր հոր՝ Սաշա Ղարախանյանին դուրս բերելու նպատակով, սակայն երկուսն էլ գերեվարվել են: Սաշա Ղարախանյանը հայրենադարձվել է 14.12.2020թ.-ին և հիմնավոր ապացույցներ է ներկայացրել որդու՝ գերության մեջ լինելու վերաբերյալ:
|
|
Մարինա Միքայելի Հայրապետյան Ծնվել է 1967թ., բնակվում էր Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում, տառապում էր հոգեկան հիվանդությամբ: Մարմինը գտնվել է 21.01.2020թ.՝ բնակության վայրում որոնողական աշխատանքների արդյունքում: Ինքնությունը հաստատվել է հարազատների վկայությամբ։
|
|
Ելենա Գուրգենի Հակոբյան Ծնվել է 1953թ., բնակվում էր Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում, կենսաթոշակառու էր: Հադրութ քաղաքում դիակների որոնման աշխատանքների ընթացքում 04.01.2021թ. իրենց տան հարևանությամբ հայտնաբերվել է Ելենա Հակոբյանի դին՝ ոտքերը պարանով փաթաթված, իսկ գանգը՝ մարմնից առանձնացված վիճակում: Նրա նույնականացումը կատարվել է հարևանի վկայությամբ։ Ելենա Հակոբյանը հանդիսանում է 04.10.2020թ. Հադրութ քաղաքի կենտրոնում գնդակահարված Բենիկ Հակոբյանի կինը:
|
|
Հմայակ Պավելի Միրզոյան Ծնվել է 1941թ., բնակվում էր ԱՀ Մարտունու շրջանի Շեխեր գյուղում, թոշակառու էր: Հմայակ Միրզոյանը անկողնային հիվանդ էր, որին խնամում էր դուստրը՝ Գայանե Միրզոյանը: 2020թ. հոկտեմբեր ամսում ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին գյուղ Շեխեր և գերեվարել Գայանե Միրզոյանին, իսկ նույն տարվա դեկտեմբերի 20-ին հիշյալ գյուղում դիակների որոնման աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր Հմայակ Միրզոյանի դիակը: Դիակի նույնականացումը կատարվել է համայնքի ղեկավարի կողմից։
|
|
Աշոտ Շմավոնի Սահակյան Ծնվել է 1967 թվականի մարտի 3-ին: Բնակվում էր Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում: Աշխատում էր Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի տարածքում գտնվող անասնապահական ֆերմայում: Սպանվել է գյուղ մտած ադրբեջանական զորքերի կողմից: Դիակը հայտնաբերվել է 2020թ-ի դեկտեմբերի 4-ին որոնողական աշխատանքների արդյունքում՝ Նորաշենի ֆերմայի հարևանությամբ գտնվող հին ջրաղացի մոտակայքում՝ գետի ափին:
|
|
Վոլոդյա Կարապետի Աղաբեկյան Ծնվել է 1938 թվականի օգոստոսի 3-ին Ասկերանի շրջանի Սղնախ համայնքում: Սպանվել է գյուղի իր տանը 05.11.2020թ. գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ուժերի կողմից: Դիակը հայտնաբերվել է զինադադարի հայտարարությունից հետո որոնողական աշխատանքների արդյունքում: Գլխի հատվածում առկա են եղել հրազենային վնասվածքներ: |
|
Արարատ Բահատուրի Խաչատրյան Ծնվել է 1963թ. օգոստոսի 13-ին ԼՂԻՄ Մարտունի քաղաքում: Բնակվում էր Մարտունի քաղաքում: Կարվին թաղամասից Կոհակ կոչվող տեղամաս տանող ճանապարհին տեղանքում չի կողմնորոշվել, մոլորվել է, հայտնվել թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել: Սպանվել է ադրբեջանական զորքերի կողմից, դիակը հայկական կողմին է փոխանցվել դեկտեմբերի 3-ին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով և խոշտանգման հետքերով:
|
|
Անդրանիկ Անատոլիի Ավագիմյան Ծնվել է 1982 թ. հունիսի 26-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքում: Չէր աշխատում: Ադրբեջանական զորքերի կողմից սպանվել է Հադրութի շրջանի Ջրակուս գյուղի շրջակայքում՝ հոկտեմբերի 12-ին: Անձի նույնականացումը կատարվել է ԴՆԹ հետազոտության միջոցով և դիակը հարազատներին է փոխանցվել մարտի 15-ին: Դիակի վրա առկա են եղել հրազենային վնասվածքներ և խոշտանգման հետքեր:
|
|
Բորյա Սանթուրի Բաղդասարյան Ծնվել է 1954 թ. Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: Մնացել էր գյուղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման ժամանակ: Հարազատների և համայնքի ղեկավարի հաղորդած տեղեկությունների հիման վրա ընդգրկված էր քաղաքացիական գերեվարված անձանց ցուցակում: Սակայն 01.04.2021թ. ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է Բորյա Բաղդասարյանի դին: Անձի նույնականացումը կատարվել է հարազատների կողմից:
|
|
Էդիկ Համբարձումի Մուրադյան Ծնվել է 1938թ. ապրիլի 15-ին Հադրութի շրջանի Վանք գյուղում: Մնացել է գյուղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման ժամանակ: Ըստ մահվան մասին պետական վկայականի՝ մահը վրա է հասել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ գանգի և կմախքային ոսկրերի բազմակի բեկորային վնասվածքներից: Դիակը հայտաբերվել է 2021 թվականի մարտի 3-ին Վանք գյուղի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում: Անձի նույնականացումը կատարվել է ԴՆԹ հետազոտության արդյունքում:
|
|
Կամո Ռոբերտի Դավթյան Ծնվել է 1959 թվականին ԱՀ Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղում։ Գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու ժամանակ չի հասցրել տարհանվել։ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում ընդգրկված է եղել քաղաքացիական անհետ կորած անձանց ցուցակում։ Դիակը հայտնաբերվել է Կարմրակուճ գյուղում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում քայքայված վիճակում։
|
|
Սերոբ Սամվելի Խաչատրյան Ծնվել է 1976թ-ին ԱՀ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Գյուղը ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելու ժամանակ չի հասցրել տարհանվել։ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում ընդգրկված է եղել քաղաքացիական անհետ կորած անձանց ցուցակում։ Դիակը հայտաբերվել է գյուղում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում քայքայված վիճակում։
|
|
Հարությունյան Վալերիկ Հրանտի Ծնվել է 1954 թվականին ԱՀ Հադրութի շրջանի Հադրութ քաղաքում: ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում ընդգրկված է եղել քաղաքացիական անհետ կորած անձանց ցուցակում։ Դիակը հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ընթացքում, նույնականացումը կատարվել է եղբոր վկայությամբ։
|