Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը մարդուն հռչակում է բարձրագույն արժեք: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան) հանրային իշխանության մարմինների համակարգում իր սահմանադրական կարգավիճակի և դրանից բխող լիազորությունների ուժով մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն երաշխավորներից է, որի սահմանադրական և օրենսդրական երաշխիքներն ապահովում են անկախության անհրաժեշտ մակարդակ և արդյունավետ գործունեություն:
Պաշտպանը գործում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցներին վերաբերվող Փարիզյան սկզբունքներին համապատասխան, որոնք դրված են ներպետական օրենսդրական իրավակարգավորումների հիմքում:
Պաշտպանի 2021 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը ներկայացվում են սույն տարեկան հաղորդմամբ, որի մշակումը և ներկայացումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 30-րդ հոդվածում ամրագրված պահանջից:
Պաշտպանը տարեկան հաղորդումը ներկայացնում է ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
2021 թվականին Պաշտպանը, իր գործունեությունն իրականացնելիս, ղեկավարվել է Սահմանադրությամբ, Օրենքով և միջազգային հանրահայտ չափորոշիչներով նախատեսված սկզբունքներով, ներառյալ իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության սկզբունքները։
Հաղորդումը մշակվել է տարբեր քանակական և որակական մեթոդների օգտագործմամբ, որոնք հիմնված են տվյալների առաջնային և երկրորդային աղբյուրների վրա: Ուսումնասիրություններն ու վերլուծություններ, մասնավորապես, արվել են՝ հիմք ընդունելով 2021 թվականի ընթացքում Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բանավոր և գրավոր դիմումները, դրանց քննարկման արդյունքները, Արցախի Հանրապետության օրենսդրության ուսումնասիրությունները, ինչպես նաև մշտադիտարկման կամ կանխարգելման լիազորությունների իրականացման ընթացքում Պաշտպանի և նրա ներկայացուցիչների կողմից ձեռք բերված տեղեկությունները և բաց աղբյուրների (զանգվածային լրատվության միջոցներ, սոցիալական ցանցեր, պետական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների պաշտոնական կայքեր) դիտարկման արդյունքները:
Սույն հաղորդումը բաղկացած է ներածությունից և 14 բաժիններից: