Տարեկան հաղորդում՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Թողարկման ամսաթիվ 31.03.2021

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված են իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա: Մարդու իրավունքները սոցիալական արժեք են, և յուրաքանչյուրն իրավազոր է պահանջելու պետությունից` ապահովելու և պաշտպանելու իր իրավունքները:

Դեռևս 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում  նշված է. «Մարդիկ ծնվում են ազատ, հավասար, իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով, և մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը»:

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ Պաշտպան), որպես սահմանադրական մարմիններից մեկը, գործում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցներին վերաբերվող Փարիզյան սկզբունքներին համապատասխան՝ օրենսդրությամբ տրված երաշխիքների հիման վրա:

Պաշտպանի 2020թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը ներկայացվում է սույն տարեկան հաղորդմամբ, որի մշակումը և ներկայացումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածում ամրագրված պահանջից, այն է՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները հաշվետու ժամանակահատվածում՝ մինչև դեպտեմբերի 24-ը, իրականացրել է Արտակ Բեգլարյանը: Պաշտպանն իր գործունեությունը իրականացնելիս ղեկավարվել է Սահմանադրությամբ, Օրենքով և միջազգային հանրահայտ չափորոշիչներով նախատեսված սկզբունքներով:

Հաղորդման մեջ ներկայացվող տեղեկությունների և վերլուծությունների համար աղբյուր են հանդիսացել՝

- Պաշտպանի աշխատակազմ (Այսուհետ՝ նաև Աշխատակազմ) ստացված գրավոր և բանավոր դիմումները և դրանց ուսումնասիրության արդյունքները,

- Աշխատակազմում «116» համարով գործող թեժ գծին և այլ աշխատանքային հեռախոսահամարներին ստացված հեռախոսազանգերը ու դրանց ընթացքում բարձրացված հարցերի ուսումնասիրության արդյունքները,

- Աշխատակազմում կազմակերպված ընդունելությունների ու շրջանային այցերի ընթացքում Պաշտպանի և Աշխատակազմի ներկայացուցիչների շփումները քաղաքացիների հետ,

 - Փակ և կիսափակ, ինչպես նաև պետական կառավարման ներքո գտնվող այլ հաստատություններ Պաշտպանի և Աշխատակազմի ներկայացուցիչների այցերի ընթացքում կատարված դիտարկման աշխատանքները,

- Պետական մարմինների ներկայացրած պարզաբանումները՝ դիմումներում ներկայացված փաստերի առնչությամբ,

- Դիմումների քննարկման, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ուղղված գործառույթի շրջանակներում իրավական ակտերի վերլուծությունների արդյունքները,

-  Աշխատակազմի կողմից կատարված ոլորտային հետազոտությունները,

- Բաց աղբյուրներում (զանգվածային լրատվության միջոցներ, սոցիալական ցանցեր և այլն) Պաշտպանի ուշադրությանը ներկայացված խնդիրները, ինչպես նաև բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքները:

Հաղորդումը բաղկացած է ներածությունից, 8 բաժիններից և եզրափակիչ նկատառումներից: Որոշ բաժիններ իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների:

  • 1-ին բաժնում ներկայացված է Պաշտպանի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հաստատության կայացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:
  • 2-րդ բաժնում ներկայացված է հաշվետու տարում Պաշտպանին հասցեագրված դիմումների վերաբերյալ ամփոփ վիճակագրություն: Արդեն երկրորդ տարին է, ինչ էլեկտրոնային փաստաթղթաշարժի ճկուն համակարգի ներդրման շնորհիվ Պաշտպանի տարեկան հաղորդման մեջ ներկայացված է այդպիսի ընդարձակ վիճակագրություն:
  • 3-րդ բաժնում անդրադարձ է կատարվում Պաշտպանի գործունեությանը՝ 2020թ-ի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում:
  • 4-րդ բաժնում ամփոփված է առանձին իրավունքների վերաբերյալ ներկայացված դիմումների մասով Պաշտպանի արձանագրած խախտումները և դրանց վերացմանն ու հետագա պաշտպանությանն ուղղված գործողությունների մասին հակիրճ նկարագրություն:
  • 5-րդ բաժինը վերաբերում է հարկադիր պահման վայրերում առկա հիմնախդիրներին, դրանց բացասական ազդեցությանը հարկադիր պահվող անձանց վրա և Պաշտպանի գործունեությանը ուղղված այդպիսի ազդեցության չեզոքացմանը:
  • 6-րդ բաժում ներկայացված է Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված հանրային իրազեկման աշխատանքները, որոնք անց են կացվել կենդանի կամ առցանց ձևաչափով՝ վերջինս կապված նոր կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման և պատերազմական գործողությունների ընթացքում առաջացած խոչընդոտների հետ:
  • 7-րդ բաժնում Պաշտպանը նշելով Արցախում քաղաքացիական հասարակության զարգացման անհրաժեշտությունը՝ ընդգծել է դրա դերը մարդու իրավունքների պաշտպանության համակարգում: Սույն բաժնում ներկայացված է նաև քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ Պաշտպանի համագործակցության արդյունքները:
  • 8-րդ բաժինը վերաբերում է Պաշտպանի արտաքին փոխգործակցությանը, մասնավորապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, սփյուռքի և միջազգային կառույցների հետ համագործակցությանը:
Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը