Արտահերթ զեկույց` 2022թ․ օգոստոսին Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների մասին

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

2020թ. սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, խախտելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված ուժի կիրառման և դրա կիրառման սպառնալիքի արգելքի հիմնարար սկզբունքը, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) էթնիկ հայկական բնակչության նկատմամբ սանձազերծեց ագրեսիվ պատերազմ՝ մարդու հիմնարար իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ ոտնահարմամբ: Ադրբեջանական ագրեսիան միջազգային հանրության կողմից չդատապարտվեց և, ոգևորվելով անպատժելիությունից, Ադրբեջանի իշխանությունները ուժի և դրա սպառնալիքի կիրառումը սկսեցին և մինչև օրս շարունակում են օգտագործել որպես Արցախի ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների իրականացումը և Արցախի տարածքի նկատմամբ ունեցած նկրտումները սպասարկող կարևորագույն գործիք:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի ռեժիմն Ադրբեջանը բազմիցս խախտում  է` դիմելով տարբեր բնույթի սադրանքների: Խախտումները իրականացվում են ոչ միայն մանր տրամաչափի զինատեսակներից, այլև գործի դնելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանային միջոցներ և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Երբեմն էսկալացիայի ծավալները կտրուկ աճ են գրանցում՝ վերածվելով բացահայտ ռազմական ագրեսիայի: Հաճախ այդ խախտումները ուղեկցվում են Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ` ոտնձգելով բնակիչների կյանքի, հոգեկան և ֆիզիկական առողջության իրավունքի դեմ: 2022թ. օգոստոսյան սրացումը Ադրբեջանի կողմից ագրեսիայի մի նոր դրսևորում է, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են սույն զեկույցի առաջին բաժնում:

2022թ. օգոստոսի 2-ին ԱՀ նախագահը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացրած նամակով հայտնել է, որ իրենք նախատեսում են կատարել միջանցքով անցնող երթուղու փոփոխություն: Ադրբեջանի այս ապօրինի պահանջի, պահանջի կատարումն ապահովելուն ուղղված սկզբունքայնորեն ապօրինի քայլերի և Լաչինի միջանցքի կենսական նշանակությանը վերաբերվող մանրամասները ներկայացված են սույն զեկույցի երկրորդ բաժնում: 2020թ. նոյեմբերի 9-ի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հստակ ամրագրվում է Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող (Լաչինի) միջանցքի գործողությունը: Սույն միջանցքը գոյաբանական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, ուստիև գործողության խափանումը անխուսափելիորեն կհանգեցնի հումանիտար ճգնաժամի:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ԱՀ Քաշաթաղի շրջանի բոլոր հայկական բնակավայրերը, բացառությամբ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս և Քարեգահ համայնքների, անցան ադրբեջանական վերահսկողության տակ: Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության հետևանքով նշված համայնքները ևս հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ: Աչքի տակ ունենալով անցյալի փորձը՝ նշված բնակավայրերի բնակիչները ստիպված են լքել իրենց տները՝ խուսափելու համար կոտորածից, խոշտանգումներից ու անմարդկային վերաբերմունքից: Շատերը տեղափոխում են իրենց ընտանեկան գերեզմանները`  ոչնչացումից ու պղծումից փրկելու համար: Ադրբեջանական վանդալիզմից փրկելու համար Արցախի իշխանությունները տարհանում են նաև մշակութային արժեքները։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման սպառնալիքի ներքո Բերձոր, Աղավնո և Սուս քաղաքացիական բնակավայրերի հայաթափման վերաբերյալ մանրամասն շարադրված է սույն զեկույցի երրորդ բաժնում:

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի և հայատյացության այլ դրսևորումների ահռելի ծավալների առկայությունը ամենևին էլ նորություն չէ: Սակայն երբեմն դրանք կտրուկ աճում են` պայմանավորված տարբեր միջադեպերով: Օգոստոսյան սրացումը ևս բացառություն չէ, քանզի դրա հենց առաջին օրերից ադրբեջանական մեդիան ողողված է պետական պաշտոնյաների կողմից հնչեցվող ատելության խոսքով և մասնավոր անհատների կողմից հայատյաց տեսանյութերի և լուսանկարների հրապարակումներով:  Ասվածի որոշ վկայություններ տեղ են գտել սույն զեկույցի չորրորդ բաժնում:

Խաղաղապահ առաքելությունները գործող աշխարհակարգի բաղկացուցիչ մաս են կազմում: Տարածված պրակտիկա է խաղաղապահներին օժտել այնպիսի մանդատով, որը հստակեցնում է առաքելության սկզբունքները և գործառույթները: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի համար սակայն, նոյեմբերի 9-ի հայտարարությունից զատ իր գործառույթները հստակեցնող այլ իրավական մանդատ սահմանված չէ, ինչը երբեմն մասնակիորեն խաթարում է խաղաղապահ առաքելության էությունը` վտանգի տակ դնելով Արցախի ժողովրդի իրավունքները: Այդ մասին առավել մանրամասն շարադրված է սույն զեկույցի հինգերորդ բաժնում:

Զեկույցը պատրաստվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությունների, տարբեր համայնքներ, քաղաքացիական բնակավայրեր կատարած այցերի, քաղաքացիների հետ ունեցած առանձնազրույցների, պետական լիազոր մարմիններից ստացված տեղեկությունների հիման վրա և նպատակ է հետապնդում փաստագրելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման դեպքերն ու դրանց տարաբնույթ դրսևորումները և միջազգային կառույցների ու իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու Արցախում ստեղծված իրավիճակին։

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը