Թողարկման ամսաթիվ 31.03.2020
Մարդու իրավունքների երաշխավորումը և պաշտպանությունը սահմանադրական զարգացումների և հանրային հաստատությունների գործունեության առանցքն է: Պետության գոյությունը կարող է արդարացվել միայն այն դեպքում, երբ պետական մարմինների գործունեությունն առավելապես ուղղված է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Ուստի, հռչակումից բացի, կարևոր է դրանց պատշաճ կենսագործումը:
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև՝ Պաշտպան), որպես սահմանադրական մարմիններից մեկը, գործում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային կառույցներին վերաբերվող Փարիզյան սկզբունքներին համապատասխան՝ օրենսդրությամբ տրված երաշխիքների հիման վրա: Ունենալով Սահմանադրությամբ երաշխավորված անկախություն՝ Պաշտպանը վեր է բոլոր տեսակի ոլորտային շահերով պայմանավորված կաշկանդվածությունից և գործում է որպես մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համակարգի ինքնուրույն երաշխավորներից մեկը:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակը ներկայացվում են սույն տարեկան հաղորդմամբ, որի մշակումը և ներկայացումը բխում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 30-րդ հոդվածում ամրագրված պահանջից: Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդումը ներկայացնում է ոչ միայն Ազգային ժողով, այլ նաև՝ պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:
Հաշվետու տարում Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել է Սահմանադրությամբ, Օրենքով և միջազգային հանրահայտ չափորոշիչներով նախատեսված սկզբունքներով, ներառյալ՝ իրավահավասարությամբ, անկողմնակալությամբ, հրապարակայնությամբ, թափանցիկությամբ, ինչպես նաև 2018թ. հոկտեմբերի 31-ին Պաշտպանի ընտրության առթիվ Արտակ Բեգլարյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած ելույթում նշված սկզբունքներով:
Հաղորդումը մշակելիս օգտագործվել են տարբեր քանակական և որակական մեթոդներ, որոնք հիմնված են տվյալների առաջնային և երկրորդային աղբյուրների վրա: Մասնավորապես, ուսումնասիրություններն ու վերլուծություններն արվել են հիմք ընդունելով 2019թ. ընթացքում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ (այսուհետ նաև՝ Աշխատակազմ) մուտքագրված բանավոր և գրավոր դիմումները, դրանց քննարկման արդյունքները, ԱՀ օրենսդրության ուսումնասիրությունները, ինչպես նաև հարկադիր պահման վայրեր և պետական կառավարման ներքո գտնվող այլ հաստատություններ՝ Պաշտպանի և նրա ներկայացուցիչների այցերի ընթացքում ձեռք բերված տեղեկությունները և բաց աղբյուրների (զանգվածային լրատվության միջոցներ, սոցիալական ցանցեր, պետական մարմինների և իրավապաշտպան կազմակերպությունների պաշտոնական կայքեր) դիտարկման արդյունքները:
Անհրաժեշտ է ընդգծել, որ հաղորդումը մշակելիս Պաշտպանը չի սահմանափակվել միայն ստացված դիմումների շրջանակով, այլ նաև սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակն իր լիազորություններին առնչվող տարբեր ոլորտներում, որպեսզի համապատասխան առաջարկություններ ներկայացնի լիազոր գերատեսչություններին: Այդ շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել խոշտանգումների կանխարգելման, ազատությունից զրկված անձանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների, հանրային ծառայությունների ոլորտում սպառողների իրավունքների և մի շարք այլ ուղղությունների վրա:
Սույն հաղորդումը բաղկացած է ներածությունից, 8 բաժիններից և եզրափակիչ նկատառումներից: Որոշ բաժիններ իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների: