Ամփոփ հաղորդում` Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արտակ Բեգլարյանի՝ 2020թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածի գործունեության մասին

Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը

Հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից ԱՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականի դիմումները և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև՝ Պաշտպան) ստորև ներկայացնում է 2020թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իր գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը:

  1. Պաշտպանի հաստատության կայացման և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացման ճանապարհին կարևոր քայլ էր Պաշտպանի առաջարկությամբ 2020թ. ապրիլի 30-ին ԱԺ կողմից ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի ընդունումը: Օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումները իրենց բնույթով միտված են եղել օրենքի որոշ դրույթների ձևակերպումների անհստակությունների վերացմանը, ինչպես նաև Պաշտպանի որոշ լիազորությունների գործադրման իրավական հիմքերի ուղղակի ամրագրմանը, մասնավորապես՝

ա. Ամրագրվել են Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները.

բ. Նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը.

գ. Լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոք չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը.

դ. Հստակեցվել են Պաշտպանի այլ գործառույթներ և իրականացվել են մի շարք տեխնիկական և ոճական խմբագրումներ:

  1. Հաշվետու ժամանակաշրջանում Պաշտպանը շարունակել է իրականացնել իր կարևորագույն գործառույթը՝ անհատական դիմումների ուսումնասիրությունը և քննարկումը: Սույն թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանի աշխատակազմն ստացել է ավելի քան 350 դիմում՝ չհաշված պատերազմական գործողությունների ընթացքում ստացված հարյուրավոր դիմումները: Այս պահի դրությամբ հնարավոր չէ հստակ վիճակագրություն ներկայացնել, քանի որ պատերազմական գործողությունների ընթացքում փաստացի ստացված բազմաթիվ բանավոր դիմումներ պատշաճորեն չեն արձանագրվել՝ իրավիճակի դժվարություններով ու այլ առաջնահերթություններով պայմանավորված, սակայն որոշ վերլուծությունից հետո տարեկան հաղորդման մեջ հնարավոր կլինի ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել:

Նախքան պատերազմը դիմումները վերաբերել են հիմնականում սոցիալական ապահովության, աշխատանքային, տեղեկություններ ստանալու, պատշաճ վարչարարության, ընտրական, առողջության և այլ իրավունքների, իսկ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, անհետ կորածների մասին տեղեկություններ ստանալու, քաղաքացիական անձանց տարհանվելու, սոցիալական ապահովության, աշխատանքային և այլ իրավունքների ու հարցերի:

Ինչ վերաբերում է խոցելի խմբերին, ապա զինծառայողներին վերաբերող դիմումները կազմել են հարաբերական մեծամասնություն, այնուհետև՝ անօթևան, ազատությունից զրկված և այլ անձանցից դիմումները:

Պաշտպանը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև հանրային հնչեղություն ունեցող դեպքերը՝ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու որոշումներ ընդունելով դրանց կապակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ կայացրել է մոտ 10 որոշում՝ իրականացնելով համապատասխան ուսումնասիրություններ և հանդես գալով հրապարակային ու փակ դիրքորոշումներով ու առաջարկներով:

Բողոքների քննարկման հիման վրա Պաշտպանի միջամտության արդյունքում բազմաթիվ դեպքերով վերականգնվել կամ կանխվել են մարդու իրավունքների խախտումները: Պաշտպանը նաև ուշադրության տակ է պահել ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործման միջոցով մարդու իրավունքների խախտումների կանխարգելման ջանքերը՝ հանդես գալով տարբեր առաջարկներով ու խորհուրդներով ուղղված պետական լիազոր մարմիններին:

  1. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է 2020թ. մարտի 31-ին և ապրիլի 14-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացին:

Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:

Աշխատակազմի աշխատակիցները քվեարկությանը հետևել են ուղիղ եթերով, լրատվամիջոցներով և դիտորդական խմբերի հետ կապ պահելով՝ ընտրական գործընթացների մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման ընթացքն ուղղակիորեն վերահսկելու համար: Պաշտպանի աշխատակազմը նաև մշտադիտարկման է ենթարկել լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում:

Մի շարք դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներ պահանջելով պետական լիազոր մարմիններից: Պաշտպանը 18 հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն, որոնցից մի մասի առթիվ քրեական վարույթներ են սկսվել:

  1. Դիմում-բողոքների քննարկման ու մշտադիտարկման գործառույթների շրջանակներում Պաշտպանը հատուկ ուշադրության ներքո է պահել ՔՈՎԻԴ-19 համավարակի և դրանով պայմանավորված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը: Այդ համատեքստում դիմումներ են ստացվել, մասնավորապես, առողջության, ազատ տեղաշարժի, անձնական ազատության, տեղեկություններ ստանալու, աշխատանքային և մի շարք այլ իրավունքների իրացման հետ կապված: Մի շարք դեպքերում Պաշտպանի միջամտությամբ վերացվել են մարդու իրավունքների խախտումները, իսկ կոնկրետ պարագաներում Պաշտպանի առաջարկներով կարգավորվել են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց ընթացակարգերն ու պրակտիկան՝ կապված ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու հաղթահարման հետ:

 

  1. Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանի հանձնարարությամբ նրա ներկայացուցիչները պարբերաբար մշտադիտարկման այցեր են կատարել փակ հիմնարկներ, հատկապես՝ ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկ, ռազմական ոստիկանություն և «Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»: ԱՀ քրեակատարողական հիմնարկ կատարած այցերի ընթացքում աշխատակազմի աշխատակիցները կոնֆիդենցիալ կարգով տեսակցել և առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, լսել նրանց հուզող հարցերը, տվել անհրաժեշտ խորհրդատվություն, վերցրել և քննարկել նրանց կողմից ներկայացված գրավոր դիմում-բողոքները: Պաշտպանի միջամտությամբ քրեակատարողական հիմնարկում, քննչական մեկուսարանում ու ռազմական ոստիկանությունում լուծվել են մի շարք համակարգային խնդիրներ պահման պայմանների ու ընթացակարգերի հետ կապված, ինչպես նաև անհատական աջակցություն է ցուցաբերվել ազատությունից զրկված մի խումբ անձանց:

«Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» այցերի արդյունքում Պաշտպանի աշխատակազմի կողմից վեր են հանվել մի շարք համակարգային հիմնախնդիրներ, կազմվել է առաջարկների փաթեթ և ներկայացվել Հանրապետության նախագահին ու պետական լիազոր մարմին, որոնց մի մասն արագորեն կյանքի է կոչվել:

  1. Պաշտպանը, համագործակցելով «Վորլդ Վիժն Հայաստան» հիմնադրամի հետ և ընդգրկելով հինգ առաջատար փորձագետ, տարեսկզբին մեկնարկել է համապարփակ հետազոտություն Արցախի երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի մասին՝ ուշադրության տակ պահելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված 10 իրավունք: Հետազոտությունն անցկացվել է ՄԱԿ-ի ուղեցույցներին ու միջազգային այլ մեթոդաբանության համապատասխան՝ ուսումնասիրելով և՛ օրենսդրական, և՛ գործնական մակարդակները: Հետազոտությունը նպատակ ունի ախտորոշել երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ հիմնախնդիրները և ներկայացնել առաջարկներ հիմնարար բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նախատեսվում էր հոկտեմբերի վերջ ավարտել հետազոտությունն ու հրապարակել ամփոփիչ ծավալուն զեկույց դրա արդյունքների հիման վրա, սակայն պատերազմական գործողությունների պատճառով աշխատանքները դադարել էին: Պատերազմից հետո վերսկսած աշխատանքների հիմնական մասն ավարտվեց տարեվերջին, և նախատեսվում է 2021թ. սկզբին ամփոփել ու հրապարակել զեկույցը՝ արդեն որոշակիորեն հաշվի առնելով նաև պատերազմի թողած հետևանքները:

 

  1. 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները փաստագրելու նպատակով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է փաստահավաք առաքելություն, որի արդյունքները ներկայացված են Արցախի բնակչության նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ հրապարակած միջանկյալ զեկույցներումինչը հրատապ ահազանգ էր միջազգային հանրությանը ու հատկապես միջազգային իրավապաշտպան համայնքին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետությունում հարուցած մարդասիրական աղետի վերաբերյալ: Հաշվի առնելով քաղաքացիական բնակչության շրջանում մարդու իրավունքների լայնածավալ, դաժան, համակարգված և դիտավորյալ խախտումները՝ զեկույցները նպատակ են ունեցել և ունեն արհեստավարժ կերպով ներկայացնելու իրավիճակը և հորդորելու միջազգային իրավապաշտպան համայնքին դիտարկելու այն և արձագանքելու պատշաճ կերպով:

Բացի միջանկյալ զեկույցներից, սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը հրապարակել է նաև երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ, քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ արտահերթ զեկույցները, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույցը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ արտահերթ զեկույցը և Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառների վերաբերյալ արտահերթ զեկույցը:

Առանձնակի կարևորություն ունեն ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանի հետ միասին հրապարակված էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ 6 փակ զեկույցները։ Այդ փաստաթղթերում կոնկրետ ապացույցներով ցույց են տրվել բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Զեկույցները ապացույցների ու վերլուծությունների ժողովածուներ են, որոնք հաստատում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության իրողությունը: Հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը՝ փակ զեկույցները հրապարակման ենթակա չեն: Դրանք ամբողջական բովանդակությամբ ներկայացվում են միջազգային մարմիններին, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:

Ամփոփման փուլում են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վնասման վերաբերյալ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները և Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ միջանկյալ երրորդ զեկույցը:

  1. Եթե մինչև պատերազմական գործողությունները Պաշտպանի մշտադիտարկման գործառույթն իրականացվել է անխոչընդոտ, ապա պատերազմի ընթացքում հնարավոր չէր այն նույնությամբ իրականացնել, սակայն այդ ընթացքում ծագած բազմաթիվ խնդիրների լուծմանը Պաշտպանի աշխատակազմը նպաստել է իր անխափան աշխատանքով՝ թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում։ Նոյեմբերի 9-ին հայտարարված Զինադադարից հետո Պաշտպանը շարունակել է իր գործունեությունը, մասնավորապես, հետևյալ ուղղություններով`
  • Մարդու իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը հետպատերազմյան ժամանակահատվածում,
  • Գերիների և անհայտ կորածների վերաբերյալ տվյալների թարմացում և փոխանցում համապատասխան մարմիններին,
  • Սոցիալական խնդիրների լուծման հնարավորությունների փնտրում,
  • Փաստահավաք առաքելության շարունակում ադրբեջանական զինված ուժերի կատարած հանցագործությունների վերաբերյալ։
  1. Կարևորելով մարդու իրավունքների կրթությունը և հանրային իրազեկումը՝ Պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել տարբեր խմբերի հետ: Օրինակ, Պաշտպանը փետրվարին այցելել է Քարվաճառ՝ տեղի դպրոցականների հետ հանդիպմանը լսելով նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անմիջական ու փոխհարգանքի մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Պաշտպանը կարևորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ կեցվածքը՝ հորդորելով շարունակաբար նախաձեռնող լինել համայնքի ու հայրենիքի խնդիրների լուծման հարցում:

Հաշվետու ժամանակահատվածում Աշխատակազմը հրապարակել է ավելի քան 200 մամուլի հաղորդագրություններ, որոնք լայն տարածում են գտել զանգվածային լրատվության միջոցներով: 2020թ. ընթացքում Պաշտպանը հրավիրել է ավելի քան 10 մամուլի ասուլիսներ, ինչպես նաև տարբեր ձևաչափերով հանրային հաղորդակցություն է իրականացրել հեռուստատեսությամբ, ռադիոյով և էլեկտրոնային մամուլով: Մասնավորապես, Պաշտպանը հարցազրույցներ է տվել «NEWS.AM» լրատվականին, Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվականին», «Ողջույն Արցախ» հաղորդաշարին, «Կենտրոն» հեռուստաընկերությանը, Հայաստանի հանրային ռադիոյին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդաշարին, «Ազատություն» ռադիոկայանին և մի շարք այլ լրատվամիջոցների, որոնց հնարավոր է ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական յութուբյան ալիքում:

  1. Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը շարունակել է համագործակցել ԱՀ-ում և ՀՀ-ում գործունեություն ծավալող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ քննարկումների ու համատեղ միջոցառումների տեսքով:

Առանձնակի նշանակություն ունի Պաշտպանի համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որն ընթացիկ տարում իրականացվել է դիմումների փոխանակման, հանդիպումների, համատեղ այցերի, ինչպես նաև սույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կատարած փաստահավաք առաքելության արդյունքում համատեղ հրապարակած զեկույցների միջոցով:

Հայկական Սփյուռքի մի շարք կառույցների հետ համագործակցությունը շարունակել է մնալ Պաշտպանի գործունեության առանցքում՝ ներառելով մի շարք ծրագրեր ու քննարկումներ Հայ բարեգործական ընդհանուր միության, ԱՄՆ հայ իրավաբանների միության, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, Հայ դատի գրասենյակների և այլ կազմակերպությունների հետ:

  1. Հաշվետու ժամանակաշրջանում Պաշտպանը ջանքեր է գործադրել նաև միջազգային համագործակցության ուղղությամբ: Մասնավորապես, նա ընդունել է «Հելո թրասթ» միջազգային մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրեթին, ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարներին, «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինային, ինչպես նաև պարբերաբար հանդիպումներ է ունեցել այլ երկրներից Արցախ ժամանած տարբեր միջազգային պատվիրակությունների, այդ թվում՝ բելգիացի պատգամավոր Ժորժ Դալմանի, ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության և մի շարք այլ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու տարբեր պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Պաշտպանը նաև հեռավար կերպով մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված մի շարք միջոցառումների՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու Արցախի բնակչության իրավունքների ընթացիկ վիճակին վերաբերող թեմաներով: Ուշագրավ էին, օրինակ, Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նիստին և Կանադայի մի խումբ խորհրդարանականների նիստին Պաշտպանի ելույթներն ու քննարկումները:

 
Ներբեռնել ամբողջական փաստաթուղթը