Տարեկան հաղորդում՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2022թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Publication Date 03.04.2023

Download Full Document

Մարդու իրավունքները համընդհանուր են և անբաժանելի, դրանք փոխպայմանավորված են ու փոխկապակցված, խարսխված իրավահավասարության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների վրա: Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Պետությունն ապահովում է դրանց պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանը, հանդիսանալով մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ինքնուրույն երաշխավոր, իր սահմանադրական մանդատի շրջանակներում ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, հրապարակայնության, թափանցիկության և Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանն Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու  իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը տարեկան հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

Սույն տարեկան հաղորդման մշակման համար հիմք են հանդիսացել 2022 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ մուտքագրված բանավոր և գրավոր դիմումները, դրանց ուսումնասիրության և քննարկման արդյունքները, համապատասխան օրենսդրական դաշտի վերլուծություններն ու դրանց հիման վրա արված առաջարկությունները, ինչպես նաև կատարված մշտադիտարկման այցերի և փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Սույն հաղորդումը բաղկացած է ներածությունից և 11 բաժիններից:

• 1-ին բաժնում ներկայացվում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը և հիմնական ուղղությունները։

• 2-րդ բաժնում ամփոփվում են Պաշտպանի քննարկմանը ներկայացված դիմումների և բողոքների վիճակագրական տվյալները։

• 3-րդ և 4-րդ բաժիններում առանձին անդրադարձ է կատարվում Պաշտպանի գործունեությանն՝ ըստ մարդու իրավունքների առանձին ոլորտների, ինչպես նաև այդ իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակին:

• 5-րդ բաժնում ներկայացվում է Պաշտպանի գործունեությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտում։

• 6-րդ բաժնում ամփոփ անդրադարձ է կատարվում Պաշտպանի գործունեությանը հասարակության խոցելի խմբերին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում։

• 7-րդ բաժինը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը։

• 8-րդ բաժնում անդրադարձ է կատարվում Պաշտպանի գործունեությանը օրենսդրության կատարելագործման բնագավառում։

• 9-րդ բաժնում ներկայացվում են Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումները, Պաշտպանի հայտարարություններն ու արտահերթ զեկույցները։

• 10-րդ բաժինը վերաբերում է Պաշտպանի համագործակցությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության հետ:

• 11-րդ բաժնում ներկայացվում է Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների և ազատությունների հանրային իրազեկման բնագավառում։

Download Full Document