ԼՂՀ Սահմանադրությանը և այլ օրենքներին համապատասխանության տեսանկյունից ԼՂՀ քրեական, քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերի` մարդու իրավունքների հետ առնչվող որոշ դրույթների համեմատական վերլուծության արդյունքների մասին
Ա. ԼՂՀ քրեական դատավարության օրենսգիրք:
1. 2004 թվականի հոկտեմբերի 20-ին ընդունված «Զանգվածային լրատվության մասին» ԼՂՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ լրագրողին և լրատվական գործունեություն իրականացնողին դատարանի կողմից տեղեկատվության աղբյուրի բացահայտում պարտադրելու դեպքում, լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ: Սակայն ԼՂՀ քրեական դատավարության օրենսգիրքն այս մասին դրույթ չի բովանդակում: Հետևաբար, նշված անհամապատասխանությունը վերացնելու նպատակով անհրաժեշտ է ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով. «Եթե դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին կամ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, ապա լրատվական գործունեություն իրականացնողի կամ լրագրողի միջնորդությամբ դատական քննությունն իրականացվում է դռնփակ»: Հայաստանի Հանրապետությունում նշված լրացումը կատարվել է 2010թ. մարտի 17-ին:
2. Համաձայն օրենսգրքի 455-րդ հոդվածի 2-րդ մասի` նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Այսպիսով, օրենսգրքի 455-րդ հոդվածը նման հնարավորություն չի տալիս իրենց իրավունքների սահմանադրական պաշտպանություն իրականացնելու այն անձանց, ովքեր տարբեր պատճառներով քրեական գործերի քննությանը չեն մասնակցել, բայց ունեցել են այդ իրավունքը։ Սահմանափակելով նշված անձանց իրավունքները, այդ դրույթը հակասում է ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածին, որի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք: Հետևաբար, օրենսգրքի 455-րդ հոդվածում անհրաժեշտ է կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան անձանց` Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշման հիման վրա վերականգնելու Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմի կիրառման արդյունքում խախտված իրենց իրավունքները։ Հայաստանի Հանրապետությունում այդ հարցը կարգավորվել է 20.05.2010թ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով:
3. Համաձայն օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և
հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից: Այսպիսով, ինչպես վկայում է նշված նորմի իրավական բովանդակությունը, անձն իր իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության՝ ԼՂՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքն իրացնելիս նախ պարտավոր է դատախազի առջեւ հայցել իր բողոքի բավարարում, այսինքն՝ արդարադատության մատչելիության իր իրավունքն իրականացնել իրավական պաշտպանության մեկ այլ միջոցի նախապես գործադրման պայմանով: Այդպիսի պարտադիր պայմանի առկայությունը, երբ քրեական վարույթ իրականացնող մարմնի, պաշտոնատար անձի գործողություններով կամ անգործությամբ խախտվել են քրեական դատավարության մասնակիցների կամ շահագրգիռ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, եւ նա չի կարող առանց նախապայմանների իրացնել դատական պաշտպանության իր իրավունքը, չի Համապատասխանում ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածին,որի առաջին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական պաշտպանության իրավունք»:
4. Համաձայն օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասի` անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակում նախատեսող օպերատիվ-հետախուզական միջոցառումները, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել, կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ:
Սույն դրույթը հակասում է ԼՂՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի 4-րդ մասին, համաձայն որի` Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցու-թյունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով` դատարանի որոշմամբ: Հետևաբար, այս իրավունքի սահմանափակումն առանց դատարանի որոշման, հիմք ընդունելով միայն տվյալ միջոցառումն իրականացնող օպերատիվ-հետախուզական գործունեության մարմնի որոշումը եւ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի` նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնությունը, ուղղակիորեն հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը, քանի որ այն միանշանակ սահմանում է, որ յուրաքանչյուրի` նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով` դատարանի որոշմամբ: ԼՂՀ Սահմանադրությունը նշված կարգից որևէ բացառություն չի նախատեսում: Բացի այդ, 295-րդ հոդվածի 1-ին մասը` խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկի համաձայնությամբ նամակագրությունը, հեռախոսային խոսակցությունները, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումներն առանց դատարանի որոշման լսելու կամ վերահսկելու իրավական հնարավորություն վերապահելու մասով, ներքին հակասության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 14, 250 եւ 252-րդ հոդվածների դրույթների հետ, քանի որ նշված դրույթներում ևս նշվում է դատարանի համաձայնության մասին` որպես պարտադիր պայման: Ելնելով վերոգրյալից` օրենսգրքի 295-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել նախադասության հետևյալ մասը. «բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել»:
5. Համաձայն ԼՂՀ քրեական դատավարության օրենսգրքի 320-րդ հոդվածի 5-րդ մասի` եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչեւ 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը: Մեղադրական եզրակացությունը վերահաստատելուց հետո դատարանը, մեղադրական եզրակացությանը համապատասխան, կայացնում է դատական ակտ: Ի տարբերություն մեղադրողի միջնորդության երկու հնարավոր դեպքերի, որոնք վերաբերում են մեղադրանքի փոփոխմանը թե՛ խստացման, թե՛ մեղմացման առումներով, նշված դրույթի իմաստով, դատարանի նախաձեռնությունը կարող է վերաբերել մեղադրանքի փոփոխմանը միայն խստացման առումով, այսինքն` դատարանը «հուշում է» մեղադրողին կատարել մեղադրանքը խստացման առումով փոփոխելու համար անհրաժեշտ գործողություններ:
Միանշանակ է, որ այդպիսի փոփոխությունը չի կարող լինել խստացման առումով, քանզի դատարանը դրանով արդարադատություն իրականացնող մարմնից կվերածվի քրեական հետապնդում իրականացնողի, ինչպես նաև կխախտվի մեղադրյալի պաշտպանության իրավունքը, քանի որ նա կզրկվի նոր մեղադրանքից պաշտպանվելու բոլոր հնարավորություններից: Գտնում եմ, որ այս պարագայում լիարժեք հաշվի չի առնվել այն կարևոր սկզբունքի պահպանումը, համաձայն որի` դատարանը չի կարող հանդես գալ մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և պետք է արտահայտի միայն իրավունքի շահերը (ԼՂՀ քր. դատ. օր-ի 23-րդ հոդված)` սկզբունք, որը նպատակաուղղված է ԼՂՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված` դատարանի անկախության և անկողմնակալության, ինչպես նաև մրցակցային դատավարության և կողմերի հավասարության սկզբունքների ապահովմանը: Այսպիսով, օրենսգրքի 320-րդ հոդվածի 5-րդ մասն անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել: Վերջին 3 անհամապատասխանությունները Հայաստանի Հանրապետությունում վերացվել են` Սահմանադրական Դատարանի կողմից կայացված որոշումներով: Մտահոգիչ է, որ ԼՂՀ-ում Քրեական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց (17.12.2008թ) հետո դրանում փոփոխություններ են կատարվել միայն մեկ անգամ (27.05.2009թ) : Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում այդ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ընդունվել են 10 օրենքներ, որոնցով փոփոխվել, լրացվել կամ ուժը կորցրած են ճանաչվել 36 հոդվածներում արտացոլված ավելի քան 70 դրույթներ և Սահմանադրական Դատարանի կողմից հակասահմանադրական են ճանաչվել 6 հոդվածներ կամ հոդվածի մասեր:
Ի տարբերություն վերոգրյալ 5 նկատառումների, ՀՀ-ում կատարված մնացած փոփոխություններն ուղակիորեն կապված չէին մարդու իրավունքների հետ, այլ կրում էին զուտ խմբագրական կամ կազմակերպչական բնույթ. դրանք ևս ԼՂՀ-ում կատարելը ցանկալի կլիներ:
Բ. ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները: Այսպիսով, ԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունն արտոնություններ է սահմանում միայն քաղաքացինների համար, չնախատեսելով նույնն անհատ ձեռնարկատերերի և առևտրային կազմակերպությունների համար: Իմ կարծիքով այդ դրույթը չի համապատասխանում ԼՂՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք և նույն օրենսգրքի 5-րդ հոդվածին, որի համաձայն` քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացինների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքի հիման վրա: Ելնելով վերոգրյալից, անհրաժեշտ եմ համարում օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել, որով կլուծվի նաև ԼՂՀ գործող օրենսդրությունը` ՀՀ համապատասխան ոլորտը կարգավորող օրենսդրությանը ներդաշնակեցնելու խնդիրը: Նման փոփոխություն Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 2009թ. ապրիլի 7-ին Իդեպ, ԼՂՀ-ում Քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ընդունվելուց (17.12.2008թ) հետո դրանում փոփոխություններ են կատարվել միայն մեկ անգամ (27.05.2009թ) :
Նույն ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետությունում նշված օրենքում փոփոխություններ կատարելու մասին ընդունվել են 10 օրենքներ, որոնք, բացառությամբ վերոնշյալ փոփոխության, ուղակիորեն կապված չէին մարդու իրավունքների հետ, այլ կրում էին զուտ խմբագրական կամ կազմակերպչական բնույթ. դրանք ևս ԼՂՀ-ում կատարելը ցանկալի կլիներ:
Գ. ԼՂՀ վարչական դատավարության օրենսգիրք
Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել Գերագույն դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով: Այսինքն, նշված դրույթը հնարավորություն չի տալիս վարչական դատարանի դատական ակտերը բողոքարկելու Գերագույն դատարան դատավարական նորմի խախտման դեպքում: Անձի դատարան դիմելու իրավունքի նման սահմանափակումը չի համապատասխանում ԼՂՀ Սահմանադրության 5, 44 և 45 հոդվածներին, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը 2011թ. փետրվարի 8-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր: ԼՂՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2008 թվականի դեկտեմբերի 17-ին և մինչ օրս ընդունվել է ընդամենը մեկ օրենք օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (27.05.2009): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, այն ԼՂՀ-ում կիրարկման մեջ դնելուց հետո, ընդունված թվով 9 օրենքներով կատարված փոփոխություններով և լրացումներով փոփոխվել, ընդունվել և ուժը կորցրած են ճանաչվել 70-ից ավել հոդվածներ, 150-ից ավել դրույթներ: ԼՂՀ վարչական դատավարության օրենսգրքում նմանատիպ փոփոխությունների նպատակահարմարության հարցը քննարկման կարիք ունի: Քանի որ նշված փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանության հետ անմիջական կապ չունեն և կրում են խմբագրական, տեխնիկական, դատական համակարգի գործունեությանն ուղղված կատարելագործման բնույթ, այդ իսկ պատճառով սույն տեղեկանքում չեն լուսաբանվում: