«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի3 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նիստում։ Պաշտպանը զեկույցը ներկայացնում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:
Սույն զեկույցում գնահատական է տրվում 2009թ. դրությամբ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակին և դրա հետ կապված հիմնախնդիրներին, ներկայացվում են մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններ և դրանց պատճառների վերլուծությունը, Պաշտպանի կողմից կատարված աշխատանքն` ըստ իր գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց արձագանքը նրա կողմից արված առաջարկներին:
Հաշվի առնելով այն, որ ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը 2009թ. օգոստոսի 31-ից Եվրոպական Օմբուդսմանի Ինստիտուտի ինստիտուցիոնալ անդամ է հանդիսանում, սույն զեկույցը ենթակա է ներկայացման նաև վերոհիշյալ ինստիտուտին, որի գործադիր խորհրդի անդամների մեծամասնությունը հնարավոր է, որ ծանոթ չլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձևավորման պատմությանը, ԼՂՀ պետական համակարգին և երկրում գործող օրենսդրությանը:Այդ պատճառով զեկույցի սույն գլխում հակիրճ լուսաբանվում են նաև վերոհիշյալ հարցերը:
Զեկույցը պատրաստված է ԼՂՀ-ում գործող օրենսդրության և իրավիճակի ուսումնասիրության հիման վրա: Այն իրականացվել է` ամփոփելով քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները և այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից բնակչության ընդունելության, զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման, այդ թվում` նախնական կալանքի և ազատազրկման վայրեր կատարված այցելությունների ընթացքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու ոչ պետական կազմակերպություններից ստացված և ԶԼՄ-ներում տպագրված նյութերից կամ հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքերի ու իրադարձությունների կապակցությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրություններից: