Արտահերթ զեկույց` Արցախի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության օրենսդրության և իրավիճակի մասին

Download Full Document

Երեխաների և նրանց իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի Հանրապետությունում առկա է ծավալուն իրավական բազա՝ մասնավորապես օրենքներ և Կառավարության որոշումներ, որոնք այն ակտերն են, որոնք ապահովում են երեխայի կենսագործունեությունը տարբեր իրավունքների իրացման ընթացակարգերում:

Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու ապահովումը մեր օրերում հանդիսանում են կարևորագույն հիմնախնդիր: Երեխաները բոլոր ժամանակաշրջաններում և հասարակարգերում մշտապես համարվել են հասարակության ամենաանպաշտպան և խոցելի խավերից մեկը: Պետությունը երաշխավորում է երեխաների իրավունքների պաշտպանությունը և ելնում է ընտանիքի ամրապնդման, ընտանիքի բոլոր անդամների փոխադարձ օգնության և պատասխանատվության, ընտանիքում երեխայի դաստիարակության առաջնայնության, ընտանիքի անդամների կողմից իրենց իրավունքների անարգել իրականացումն ապահովելու, այդ իրավունքների դատական պաշտպանության հնարավորության անհրաժեշտությունից:

Սկզբունքորեն Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան որևէ նոր իրավունք չի ամրագրել, այլ այն վերահաստատում է մարդու բոլոր իրավունքների ու հիմնարար ազատությունների համընդհանրությունն ու անբաժանելիությունը, իրավունքների միջև փոխադարձ կախվածությունն ու փոխկապակցվածությունը երեխաների առնչությամբ՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը և այլ սկզբունքներ, որոնք նորամուծություն էին և ներդրվել էին վկայակոչված կոնվենցիայով:

Հատուկ կարևորվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների պաշտպանությունը՝ հաշվի առնելով իրավիճակների առանձնահատկությունները, երեխայի տարիքը և հասություն աստիճանը:

Հետազոտությունն իրականացվել է Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքների և ԱՀ օրենսդրության և պրակտիկայի համապատասխանելիության, դրանց կարգավորվածության աստիճանի համատեքստում: Հետազոտության ենթարկվել են ոչ թե բոլոր իրավունքները, այլ այն համախումբը, որն ընտրվել է աշխատանքային խմբի կողմից առաջնահերթության, կարևորության ու համապարփակության տեսանկյուններից: Հետազոտված իրավունքները ներկայացվել են միջազգային և ազգային չափանիշների համատեքստում:

Հարկ է նշել, որ սույն հետազոտությունն առաջինն է Արցախի Հանրապետությունում, որի նպատակն է հանդիսանում ներկայացնել ԱՀ-ում երեխաների իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Հետազոտությունն իրականացվել է 2020թ.-ի մայիսից և ավարտվել է 2021թ.-ի մարտին: Հետազոտական աշխատանքներն ընդհատվել էին 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ.-ի հունվար՝ պայմանավորված ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից սանձարձակած ագրեսիվ պատերազմով և դրա հետևանքներով:

Հետազոտությամբ ներկայացվող առաջարկությունները չեն կրում բացարձակ բնույթ և կարող են քննարկվել իրավակիրառ կամ օրինաստեղծ մարմինների հետ՝ առավել օպտիմալ ձևաչափեր գտնելու համար:

Download Full Document