Հաշվի առնելով 2020թ. դեկտեմբերի 22-ին և 23-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի կողմից ԱՀ Ազգային ժողով ներկայացված հրաժարականի դիմումները և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ նաև՝ Պաշտպան) ստորև ներկայացնում է 2020թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում իր գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդումը:
ա. Ամրագրվել են Պաշտպանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները.
բ. Նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը.
գ. Լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոք չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը.
դ. Հստակեցվել են Պաշտպանի այլ գործառույթներ և իրականացվել են մի շարք տեխնիկական և ոճական խմբագրումներ:
Նախքան պատերազմը դիմումները վերաբերել են հիմնականում սոցիալական ապահովության, աշխատանքային, տեղեկություններ ստանալու, պատշաճ վարչարարության, ընտրական, առողջության և այլ իրավունքների, իսկ պատերազմի ընթացքում և պատերազմից հետո՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց կյանքի ու առողջության, անհետ կորածների մասին տեղեկություններ ստանալու, քաղաքացիական անձանց տարհանվելու, սոցիալական ապահովության, աշխատանքային և այլ իրավունքների ու հարցերի:
Ինչ վերաբերում է խոցելի խմբերին, ապա զինծառայողներին վերաբերող դիմումները կազմել են հարաբերական մեծամասնություն, այնուհետև՝ անօթևան, ազատությունից զրկված և այլ անձանցից դիմումները:
Պաշտպանը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել նաև հանրային հնչեղություն ունեցող դեպքերը՝ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու որոշումներ ընդունելով դրանց կապակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ կայացրել է մոտ 10 որոշում՝ իրականացնելով համապատասխան ուսումնասիրություններ և հանդես գալով հրապարակային ու փակ դիրքորոշումներով ու առաջարկներով:
Բողոքների քննարկման հիման վրա Պաշտպանի միջամտության արդյունքում բազմաթիվ դեպքերով վերականգնվել կամ կանխվել են մարդու իրավունքների խախտումները: Պաշտպանը նաև ուշադրության տակ է պահել ինստիտուցիոնալ մեխանիզմների կատարելագործման միջոցով մարդու իրավունքների խախտումների կանխարգելման ջանքերը՝ հանդես գալով տարբեր առաջարկներով ու խորհուրդներով ուղղված պետական լիազոր մարմիններին:
Պաշտպանը նախընտրական քարոզչության փուլում դիտարկել է հավաքների ընթացքում դրանց մասնակիցների իրավունքների պաշտպանությանը վերաբերող ընթացակարգերն ու պայմանները՝ արագ արձագանքելով մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ պետական մարմինների կողմից միջամտության մասին ահազանգերին:
Աշխատակազմի աշխատակիցները քվեարկությանը հետևել են ուղիղ եթերով, լրատվամիջոցներով և դիտորդական խմբերի հետ կապ պահելով՝ ընտրական գործընթացների մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովման ընթացքն ուղղակիորեն վերահսկելու համար: Պաշտպանի աշխատակազմը նաև մշտադիտարկման է ենթարկել լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը՝ արձանագրելով ու վերլուծելով ընտրություններին առնչվող ավելի քան 1500 հրապարակում:
Մի շարք դեպքերով Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել՝ հանդես գալով հրապարակային հայտարարություններով ու պարզաբանումներ պահանջելով պետական լիազոր մարմիններից: Պաշտպանը 18 հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն, որոնցից մի մասի առթիվ քրեական վարույթներ են սկսվել:
«Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» այցերի արդյունքում Պաշտպանի աշխատակազմի կողմից վեր են հանվել մի շարք համակարգային հիմնախնդիրներ, կազմվել է առաջարկների փաթեթ և ներկայացվել Հանրապետության նախագահին ու պետական լիազոր մարմին, որոնց մի մասն արագորեն կյանքի է կոչվել:
Բացի միջանկյալ զեկույցներից, սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Պաշտպանը հրապարակել է նաև երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դեմ ադրբեջանական հարձակումների վերաբերյալ, քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ արտահերթ զեկույցները, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ՝ Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույցը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ արտահերթ զեկույցը և Ադրբեջանում կազմակերպված ատելության խոսքը և թշնամանքն էթնիկ հայերի նկատմամբ` որպես ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի արմատական պատճառների վերաբերյալ արտահերթ զեկույցը:
Առանձնակի կարևորություն ունեն ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանի հետ միասին հրապարակված էթնիկ հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների վերաբերյալ 6 փակ զեկույցները։ Այդ փաստաթղթերում կոնկրետ ապացույցներով ցույց են տրվել բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որոնք կատարվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Զեկույցները ապացույցների ու վերլուծությունների ժողովածուներ են, որոնք հաստատում են Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության իրողությունը: Հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը՝ փակ զեկույցները հրապարակման ենթակա չեն: Դրանք ամբողջական բովանդակությամբ ներկայացվում են միջազգային մարմիններին, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:
Ամփոփման փուլում են Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վնասման վերաբերյալ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույցները և Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ միջանկյալ երրորդ զեկույցը:
Հաշվետու ժամանակահատվածում Աշխատակազմը հրապարակել է ավելի քան 200 մամուլի հաղորդագրություններ, որոնք լայն տարածում են գտել զանգվածային լրատվության միջոցներով: 2020թ. ընթացքում Պաշտպանը հրավիրել է ավելի քան 10 մամուլի ասուլիսներ, ինչպես նաև տարբեր ձևաչափերով հանրային հաղորդակցություն է իրականացրել հեռուստատեսությամբ, ռադիոյով և էլեկտրոնային մամուլով: Մասնավորապես, Պաշտպանը հարցազրույցներ է տվել «NEWS.AM» լրատվականին, Արցախի հանրային հեռուստատեսության «Օր լրատվականին», «Ողջույն Արցախ» հաղորդաշարին, «Կենտրոն» հեռուստաընկերությանը, Հայաստանի հանրային ռադիոյին, «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» հաղորդաշարին, «Ազատություն» ռադիոկայանին և մի շարք այլ լրատվամիջոցների, որոնց հնարավոր է ծանոթանալ Պաշտպանի պաշտոնական յութուբյան ալիքում:
Առանձնակի նշանակություն ունի Պաշտպանի համագործակցությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որն ընթացիկ տարում իրականացվել է դիմումների փոխանակման, հանդիպումների, համատեղ այցերի, ինչպես նաև սույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում կատարած փաստահավաք առաքելության արդյունքում համատեղ հրապարակած զեկույցների միջոցով:
Հայկական Սփյուռքի մի շարք կառույցների հետ համագործակցությունը շարունակել է մնալ Պաշտպանի գործունեության առանցքում՝ ներառելով մի շարք ծրագրեր ու քննարկումներ Հայ բարեգործական ընդհանուր միության, ԱՄՆ հայ իրավաբանների միության, Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի, Հայ դատի գրասենյակների և այլ կազմակերպությունների հետ:
Պաշտպանը նաև հեռավար կերպով մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված մի շարք միջոցառումների՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու Արցախի բնակչության իրավունքների ընթացիկ վիճակին վերաբերող թեմաներով: Ուշագրավ էին, օրինակ, Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հանձնաժողովի նիստին և Կանադայի մի խումբ խորհրդարանականների նիստին Պաշտպանի ելույթներն ու քննարկումները: