Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմիններ է ներկայացնում նախորդ տարվա ընթացքում իր գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին զեկույց, իսկ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացնում է Ազգային ժողովի նիստում` համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի։ Պաշտպանի կողմից զեկույցը ներկայացվում է նաև զանգվածային լրատվամիջոցներին և համապատասխան հասարակական կազմակերպություններին:
Զեկույցն ուղղարկվելու է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին և Եվրախորհուրդի Մարդու իրավունքների հանձնակատարին:
Սույն զեկույցում գնահատական է տրվում 2011թ. դրությամբ մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակին և դրա հետ կապված հիմնախնդիրներին, անդրադարձ է կատարվում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններին և ներկայացվում են դրանց պատճառների վերլուծությունը, Պաշտպանի կողմից կատարված աշխատանքն` ըստ իր գործունեության հիմնական ուղղությունների, այդ թվում` պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց արձագանքը նրա կողմից արված առաջարկներին:
Զեկույցը պատրաստված է ԼՂՀ-ում գործող օրենսդրության և իրավիճակի ուսումնասիրության հիման վրա: Այն իրականացվել է` ամփոփիչ ներկայացնելով քաղաքացիների գրավոր և բանավոր դիմումները և այն տեղեկությունները, որոնք հայտնի են դարձել Պաշտպանի և նրա աշխատակազմի կողմից բնակչության ընդունելության, զորամիավորումներ, անձանց հարկադրական պահման, այդ թվում` նախնական կալանքի և ազատազրկման վայրեր կատարված այցելությունների ընթացքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ու ոչ պետական կազմակերպություններից ստացված և ԶԼՄ-ներում տպագրված նյութերից կամ հասարակական մեծ հնչեղություն ստացած դեպքերի ու իրադարձությունների կապակցությամբ Պաշտպանի նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա: