Տարեկան հաղորդում՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017թ. գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին

Download Full Document

Սույն տարեկան հաղորդումը կազմված է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի հիման վրա, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը (այսուհետ՝ նաև Պաշտպան) Ազգային ժողով է ներկայացնում տարեկան հաղորդում՝ նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Պաշտպանը հաղորդումը ներկայացնում է նաև պետական իրավասու մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով:

Սույն հաղորդման մեջ Օրենքով սահմանված տեղեկությունները ներկայացված են հիմք ընդունելով Պաշտպանի 2017 թվականի գործունեության ուղղությունները: Այդ դիտանկյունից, փաստաթղթում տեղ են գտել տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներում մարդու իրավունքների խախտումների, խնդիրների ու լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը: Փաստաթուղթը նաև պարունակում է ընդհանուր տեղեկատվություն տարբեր ուղղություններով Պաշտպանի իրականացրած գործունեության մասին:

Հաղորդումը մշակվել է հիմք ընդունելով քաղաքացիների բանավոր և գրավոր դիմումները, կամավորության հիման վրա կատարված հարցազրույցների ընթացքում հաղորդված տվյալները, իրավասու պետական մարմինների պարզաբանումները, ԱՀ օրենսդրության վերլուծությունը, Պաշտպանի և նրա աշխատակազմի ներկայացուցիչների կողմից անմիջականորեն ընկալված փաստերը, ինչպես նաև բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքները:

Հաղորդումը բաղկացած է նախաբանից, 6 բաժիններից և եզրափակիչ նկատառումներից: Որոշ բաժիններ իրենց հերթին բաժանվում են ենթաբաժինների:

Առաջին բաժնում ներկայացվում է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և Պաշտպանի գործունեության ընդհանուր բնութագիրը, որը, ի թիվս այլ տեղեկատվության, ներառում է 2017թ. դիմումների վիճակագրական վերլուծությունը: Երկրորդ բաժնում վերլուծվում է Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վիճակն՝ ըստ մարդու իրավունքների առանձին ոլորտների՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ՝ նաև Աշխատակազմ) ստացված դիմումները: Երրորդ բաժնում առանձին ներկայացվում է մարդու իրավունքների պաշտպանության վիճակը հարկադիր պահման վայրերում՝ հաշվի առնելով այդ հաստատություններում մարդու իրավունքների երաշխավորման առանձնահատուկ հանրային կարևորությունը: Չորրորդ բաժնում ներկայացվում է Պաշտպանի հաստատության՝ Մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված գործունեությունը: Հինգերորդ բաժնում ներկայացվում է քաղաքացիական հասարակության հաստատությունների հետ փոխգործակցությանն ուղղված գործունեությունը: Վեցերորդ բաժնում ներկայացվում են տեղեկություններ Պաշտպանի հաստատության արտաքին փոխգործակցության վերաբերյալ՝ ներառելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության, Սփյուռքի և միջազգային մի շարք կառույցների հետ համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները:

Download Full Document