Ամփոփ հաղորդում` Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածի գործունեության մասին

Download Full Document

Հաշվի առնելով 2018թ. սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից Ազգային ժողով ներկայացված հրաժարականի դիմումները և ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Պաշտպանը ստորև ներկայացնում է 2018թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իր գործունեության վերաբերյալ ամփոփ հաղորդում: 
 
1.ԱՀ օրենսդրությունը Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ժամանակակից իրավունքի զարգացումներին արձագանքելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 2017թ.դեկտեմբերի 21-ին ԱԺ կողմից ընդունվեց և 2018թ. փետրվարի 1-ից ուժի մեջ մտավ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքը (Այսուհետ նաև՝ Օրենք), որում կատարված շեշտադրումները հնարավորություն տվեցին զարգացնել Օմբուդսմանի հաստատության գործունեության նոր ուղղություններ: Խոսքը, մասնավորապես, մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու և խոշտանգումների, վատ վերաբերմունքի դրսևորման մյուս ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմի կարգավիճակ ստանալու մասին է:  
Նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը (Այսուհետ նաև՝ Աշխատակազմ) բաժանվեց կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Դեպարտամենտը զբաղվում է Պաշտպանի գործունեության բովանդակային ապահովմամբ, իսկ քարտուղարությունը՝ տեխնիկական սպասարկմամբ:  
Արդյունքում փետրվարի 1-ին նշանակվեց դեպարտամենտի ղեկավար: Բացի այդ, բաց ու թափանցիկ մրցույթի արդյունքում Աշխատակազմը համալրվեց նոր՝ քարտուղարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և կադրային հարցերի մասնագետով: 
2.Օրենքով նախատեսվեց Պաշտպանի հաստատության գործունեության կարգերի մշակում և ընդունում: Պաշտպանի հրամանով հաստատվեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման, թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցութային հանձնաժողովների ձևավորման, բողոքի ուսումնասիրության, անձնական գործերը վարելու կարգերը, ինչպես նաև վարքագծի ու ներքին կարգապահական կանոնները:  
3. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է 2018թ. Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքինֈ Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են իրականացվող հավաքների վայրում՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ հետևելու համար: Հավաքների վայրերում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին են դիմել մի քանի քաղաքացիներ՝ իրավական բնույթի խնդիրներով Մի քանի դեպքով տրվել են իրավունքի վերաբերյալ պարզաբանումներ, իսկ մյուս դեպքերով ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ Պաշտպանին գրավոր դիմումներ հասցեագրելու վերաբերյալ: 
4. Որպես ԱՀ պետական իրավասու մարմիններին ուղղված օրենսդրական առաջարկ՝ Պաշտպանը բարձրաձայնել է արդեն իսկ մշակված՝ հավաքների ազատությունը կանոնակարգող ԱՀ օրենսդրությունը սեղմ ժամկետում ընդունելու անհրաժեշտության մասին, ինչը խաղաղ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների համար կստեղծեր իրենց սահմանադրական իրավունքի իրականացման ավելի կանխատեսելի պայմաններ: Վերլուծելով արդեն իսկ առկա փորձը՝ Պաշտպանը նաև ներկայացրել է իրավական դիրքորոշում՝ ուղղված հավաքների ազատության ոլորտում իրավակիրառ պատշաճ պրակտիկայի ձևավորմանը: Պաշտպանը ողջունելի է համարում, որ «Հավաքների ազատության մասին» ԱՀ օրենքը կարճ ժամկետում ընդունվել և ուժի մեջ է մտել՝ ներառելով նաև Պաշտպանի առաջարկները:  
5. Հաշվետու ժամանակահատվածում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել 96 բողոք-դիմում 108 անձանց կողմից: 
6. Պաշտպանը շարունակել է ուշադրության կենտրոնում պահել հանրային հնչեղություն ունեցող դեպքերը՝ սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ սկսելու որոշումներ ընդունելով դրանց կապակցությամբ: Պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել, մասնավորապես, (1) մարտի 26ին epress.am լրատվականով հրապարակված նյութի, (2) հունիսի 1-2-ի գիշերը 
սոցիալական մեդիայում տարածված՝ ԱՀ ԱԱԾ մի խումբ զինծառայողների և երկու այլ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի և (3) սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սողոմոն Մելքումյանին բռնության ենթարկելու վերաբերյալ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության փաստերով: Նշված երեք փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր (ընդ որում՝ առաջին փաստով՝ Պաշտպանի դիմումի հիման վրա): Բոլոր երեք վարույթներով Պաշտպանը պարբերաբար անհրաժեշտ տեղեկություններ է ստացել իրավասու մարմիններից: Քննարկման ընթացակարգերը շարունակվում են: 
7. Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը շարունակել է սերտ համագործակցությունը քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ՝ շեշտադրելով մարդու իրավունքների իրազեկման ուղղությունը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2 աշխատակից, «Մայրություն» հասարակական կազմակերպության հրավերով, այցելել են Մարտունի և Ասկերան քաղաքներ՝ ներկայացնելով ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության հիմնական ուղղությունները, մարդու իրավունքների ընդհանուր վիճակն Արցախում, դրանց պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել են նոր Սահմանադրության ընդունումից հետո բնագավառում իրագործվող բարեփոխումներին:  
Պաշտպանը հանդիպում է ունեցել նաև  Արցախի փաստաբանների պալատի անդամների և փաստաբանական դպրոցի ունկնդիրների հետ՝ հանձնառություն ստանձնելով իր լիազորությունների սահմաններում ուսումնասիրել ներկայացված խնդիրները, դրանց հաղթահարման միջազգային փորձը և, փաստաբանական համայնքի հետ համատեղ, մշակել ու քննարկման առարկա դարձնել արձանագրված խնդիրների կարգավորման առաջարկություններֈ 
Կարևորելով մարդու իրավունքների կրթությունը և հանրային իրազեկումը հատկապես երիտասարդ սերնդի շրջանում՝ Պաշտպանը մի քանի հանդիպում է ունեցել տարբեր ճամբարների մասնակիցների հետ: 
8. Ընթացիկ ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատակիցները Պաշտպանի հանձնարարությամբ պարբերաբար այցելել են փակ հիմնարկներ, այդ թվում՝ դրանց հարակից շինություններ կամ կառույցներ՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը կանխարգելելու նպատակով: 
 Այցերի ընթացքում աշխատակազմի աշխատակիցները խորհրդապահական (կոնֆիդենցիալ) կարգով տեսակցել և առանձնազրույցներ են  ունեցել ազատությունից զրկման վայրերում գտնվող անձանց հետ, լսել նրանց հուզող հարցերը, տվել անհրաժեշտ խորհրդատվություն, վերցրել և քննարկել նրանց կողմից ներկայացրած գրավոր դիմում բողոքները:
9. Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը պարբերաբար հանդիպումներ է ունեցել այլ երկրներից Արցախ ժամանած տարբեր միջազգային պատվիրակությունների, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ: Այդ հանդիպումների ընթացքում Պաշտպանը ներկայացրել է իր գլխավորած հաստատության գործունեությունը և մարդու իրավունքների վիճակն Արցախում, ինչպես նաև պատվիրակությունների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր: 
10. Պաշտպանը շարունակել է սերտ փոխգործակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ՝ ինչպես դիմումների քննարկման շրջանակներում, այնպես էլ փորձի փոխանակման ձևաչափով: ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները երկշաբաթյա վերապատրաստում են անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներում, ինչպես նաև պարբերաբար մասնակցություն են ունեցել այնտեղ կազմակերպվող դասընթացներին: 
11. Հայկական Սփյուռքի կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակել է մնալ Պաշտպանի գործունեության առանցքում:  Ամերիկայի հայ իրավաբանական միության (Armenian Bar Association) և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համակազմակերպմամբ՝ մայիսի 24-25-ը Շուշիում տեղի է ունեցել Միության 29-րդ տարեկան համաժողովը, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելուն ուղղված տարբեր հարցեր: Միության հետ համագործակցության արդյունքում արդեն իսկ առկա են շոշափելի ձեռքբերումներ:  
Բացի այդ, Ամերիկայի հայ իրավաբանական միության և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցության արդյունքում Պաշտպանի հաստատությունում փորձուսուցման ծրագիր է կազմակերպվել, որի շրջանակներում ԱՄՆ-ում կրթություն ստացող երկու հայ ուսանողներ մեկամսյա փորձուսուցում են անցել Պաշտպանի աշխատակազմում: 
Հաշվետու ժամանակահատվածում ԱՄՆ Հայ դատի գրասենյակի և «Դեպի Հայք» հասարակական կազմակերպության մեկական կամավոր ևս փորձուսուցում է անցել ԱՀ ՄԻՊ աշխատակազմում: 
Համագործակցությունը շարունակական է եղել նաև Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ, որի շրջանակներում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցը երկամսյա փորձուսում է անցել կառույցի՝ Բրյուսելում գտնվող գրասենյակում: 
12. Պաշտպանի հաստատության և ՄԻՊ հասարակական հիմունքներով խորհրդական Ժիրայր Գերգերյանի համագործակցության արդյունքում, վերջինիս ֆինանսավորմամբ՝ Պաշտպանի հաստատությանը կից հիմնվել է հետազոտական կենտրոն, որն աջակցում է Պաշտպանի աշխատակազմի հետազոտական գործունեությանը: 
13. Ընթացիկ ժամանակահատվածում աշխատանքներ են տարվել Պաշտպանին դիմելու մատչելիության, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի զարգացման ուղղությամբ: Գործարկվել է անվճար թեժ գիծ՝ 7777 հեռախոսահամարով: Ստեղծվել են յութուբյան ալիք և ինստագրամի էջ, որտեղ ներկայացված են ԱՀ ՄԻՊ գործունեությանը վերաբերող տարբեր տեսակի նյութեր: Հայ բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ՝ կատարվում են ԱՀ ՄԻՊ հաստատության նոր կայքի մշակման աշխատանքներ: 
14. Հաշվետու ժամանակահատվածում Պաշտպանը տարբեր ձևաչափերով հանրային հաղորդակցություն է իրականացրել հեռուստատեսությամբ, տպագիր և առցանց մամուլով: Մասնավորապես՝ Պաշտպանը հյուրընկալվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Օրակարգ» լրատվականին,1 Արցախի հանրային հեռուստատեսության «Օր կիրակի» հաղորդմանը2, «Ազատություն» ռադիոկայանին3, «Շանթ» հեռուստատեսությանը4, tert.am-ին5 և այլ լրատվամիջոցների: 
15. Որպես ԱՀ ՄԻՊ գործունեության կարևոր առաջնահերթություն՝ Պաշտպանը շարունակել և ավարտին է հասցրել 2016թ. մայիսի 11-ին սեփական նախաձեռնությամբ սկսած՝ ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ՝ զինծառայողների ու խաղաղ բնակիչների խոշտանգման դեպքերի վերաբերյալ հարցի քննարկումը: Այդ ընթացակարգի շրջանակներում իրականացված փաստահավաքության արդյունքում Պաշտպանը հաշվետու ժամանակահատվածում հրապարակել է ադրբեջանական մանկապարտեզում հայատյացության քարոզ արձանագրող տեսանյութ,6 ինչպես նաև հավաքագրել է Ադրբեջանում հայատյացության քաղաքականության բազմաթիվ այլ դրսևորումներ: Նշյալ քննարկման ընթացակարգի ամփոփումը կատարվել է 2018թ. սեպտեմբերի 25-ի մամուլին հրավիրված ասուլիսով, որի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է «Հայատյացությունն Ադրբեջանում. կազմակերպված ատելության խոսքը և թշնամությունն ընդդեմ հայերի» խորագրով անգլերեն հատուկ զեկույցը:7 Փաստաթուղթը մշակվել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի հետ համագործակցությամբ և առաջնակարգ փորձագետների ընդգրկմամբ՝ ներառելով և՛ փաստական տվյալներ, և՛ միջազգային-իրավական վերլուծություն: Պաշտպանը զեկույցի մեջ արձանագրել է, որ Ադրբեջանում հայատյացությունը կրում է կազմակերպված բնույթ: Այն հանդիսանում է 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից իրականացված մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումների խորքային պատճառը: 
 
 

Download Full Document