ԱՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Download Full Document

ԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովների (այսուհետ՝ Հանձնաժողով) ձևավորման հետ կապված առանձնահատկությունները:

2. Հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ  օրենքով (այսուհետ՝ Օրենք), «Դատական ծառայության մասին» ԱՀ օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով։

3. Աշխատակազմում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովները ձևավորվում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ՝ Պաշտպան) կամ նրան փոխարինող դեպարտամենտի ղեկավարի կողմից՝ մրցույթն անցկացնելուց ոչ շուտ, քան 18 ժամ առաջ։

4. Հանձնաժողովների կազմում ընդգրկվում են՝

1) թափուր պաշտոնն ունեցող ստորաբաժանման անմիջական ղեկավարը կամ նրան փոխարինող անձը (հանձնաժողովի նախագահ).

2) Աշխատակազմի երկու ներկայացուցիչ, որոնցից մեկը կատարում է հանձնաժողովի քարտուղարի գործառույթը.

3) քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչ:

5. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) պատշաճ ձևով կազմակերպել Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը՝ ԱՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան.

2) ապահովել Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման մատչելիությունը.

3) Ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը՝ Աշխատակազմի պետական ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար մրցույթի անցկացման կարգին համապատասխան:

9. Հանձնաժողովը՝

1) Աշխատակազմի քարտուղարությունից ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիների փաստաթղթերը, ինչպես նաև՝ թեստավորման փուլի անցկացման համար անհրաժեշտ թեստերը, Աշխատակազմի կնիքը և տվյալ թափուր պաշտոնի անձնագրի օրինակը.

2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած քաղաքացիներին մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ չտալու  մասին.

3) մինչև թեստավորման մեկնարկը ստուգում և կնքում է քվեարկության համար նախատեսված արկղը.

4) անցկացնում է մրցույթի մասնակիցների թեստավորումը.

5) ստուգում և գնահատում է մասնակիցների թեստավորման առաջադրանքները.

6) ամփոփում և հրապարակում է թեստավորման արդյունքները.

7) քննարկում է թեստավորման արդյունքների հետ կապված մասնակիցների բողոքները.

8) հաստատում և հրապարակում է մրցույթի հաջորդ՝ հարցազրույցի փուլ անցած մասնակիցների ցուցակը.

9) որոշում է կայացնում հարցազրույցը թեստավորման ավարտից հետո նույն օրը կամ հաջորդ օրը անցկացնելու մասին.

10) մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց.

11) կազմում է քվեաթերթեր.

12) հարցազրույցից անմիջապես հետո անցկացնում է փակ, գաղտնի քվեարկություն.

13) քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ կայացնում է որոշում.

14) ամփոփում է մրցույթի արդյունքները.

15) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները.

16) հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.

17) աշխատանքներն ավարտելուց հետո, Աշխատակազմի քարտուղարությանն է հանձնում կնիքը և փաստաթղթերը.

18) իրականացնում է Օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

6. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն տալուց հետո, ինչպես նաև Աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող չճանաչվելուց հետո, դադարեցնում է իր գործունեությունը։

7. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

  

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

1. Սույնով սահմանվում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովների (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակարգը:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության  օրենքով (այսուհետ՝ Օրենք), «Դատական ծառայության մասին» Արցախի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով։

3. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով։

4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի մասնակցության դեպքում։

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ընդհանուր անդամների կեսից ավելի կողմ ձայներով։ Ձայների հավասարության դեպքում որոշումը կայացվում է հօգուտ մասնակցի:

6. Հանձնաժողովի անդամները պետք է քվեարկեն կողմ կամ դեմ:

7. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենն անմիջապես ներկայացնում է Պաշտպանին։

8. Սույն աշխատակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում Պաշտպանն իր որոշմամբ կարող է ազատել Հանձնաժողովի տվյալ անդամին Հանձնաժողովի կազմից և նշանակել նոր անդամ։

9. Հանձնաժողովի նախագահը՝

1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

2) վարում է Հանձնաժողովի նիստերը.

3) կազմակերպում է թեստավորման աշխատանքների հսկողությունը.

4) ապահովում է հարցազրույցի բնականոն ընթացքը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

10. Հանձնաժողովի քարտուղարը՝

1) արձանագրում է հանձնաժողովի նիստերը.

2) մասնակիցներին պարզաբանում է թեստավորման փուլի անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը.

3) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

11. Հանձնաժողովի անդամը՝

2) իրականացնում է թեստավորման աշխատանքների հսկողություն.

3) հարցազրույցի ընթացքում  մասնակիցներին տալիս է հարցեր.

4) հարցազրույցի մասնակցի ներկայությամբ հայտարարում է իր հարցի պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում, տալիս է ճիշտ պատասխանը.

5) մասնակցում է հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի համար անցկացվող փակ, գաղտնի քվեարկությանը՝ քվեարկելով կողմ կամ դեմ.

6) ստորագրում է մրցույթի եզրակացությունը, իսկ դեմ լինելու դեպքում՝ կցում հատուկ կարծիք.

7) ծանոթանում է նիստերի արձանագրություններին և, անհրաժեշտության դեպքում, կատարում գրավոր նկատառումներ.

8) իրականացնում է սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ։

 

Download Full Document