Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այդ մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, վերաբերելի նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:
Պաշտպանը բողոքի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ քննարկում է՝
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակած լիազորություններն իրականացնող կազմակերպությունների կողմից ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված՝ մարդու իրավունքների և ազատությունների խախտումները.
2) հանրային ծառայության ոլորտում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ հարցերը, եթե տեղեկություն կա մարդու իրավունքների կամ ազատությունների զանգվածային խախտումների մասին, կամ դա ունի հանրային նշանակություն կամ կապված է այնպիսի անձանց շահերի պաշտպանության անհրաժեշտության հետ, որոնք չեն կարող ինքնուրույն օգտագործել իրենց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավական միջոցները:
Բողոքն ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո Պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն, որի հիման վրա Պաշտպանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) բողոքը քննարկման ընդունելու մասին.
2) բողոքը չքննարկելու մասին.
3) բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին.
4) բողոքն այլ մարմնի քննարկմանը փոխանցելու մասին:
Բողոքի քննարկման արդյունքում մարդու իրավունքների և ազատությունների խախտում հայտնաբերելու դեպքում՝ Պաշտպանն առաջարկում է տվյալ խախտումը կատարած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ դրա պաշտոնատար անձին վերացնել թույլ տրված խախտումները: Պաշտպանը նաև նշում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:
Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի դիմելու Պաշտպանին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում:
Այլ անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով Պաշտպանին կարող են դիմել այդ անձի ներկայացուցիչը, նրա իրավահաջորդը, ժառանգը, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինները երեխաների, անգործունակ և սահմանափակ գործունակ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք Պաշտպանին կարող են դիմել ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ներկայացուցիչների միջոցով: Որպես ներկայացուցիչ կարող են հանդես գալ օրինական ներկայացուցիչները, օրենքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում՝ փաստաբանները:
Բողոքը պետք է Պաշտպանին ներկայացվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին: Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները:
2005թ. ընդունվեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքը, իսկ 2008թ. ապրիլի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովն ընտրեց Մարդու իրավունքների առաջին պաշտպանին:
Մինչ այժմ Արցախի Հանրապետությունն ունեցել է Մարդու իրավունքների 3 պաշտպան՝ Յուրի Հայրապետյան, Ռուբեն Մելիքյան և Արտակ Բեգլարյան: