1. Սույն կարգով սահմանվում են ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում (այսուհետ՝ Աշխատակազմ) պետական ծառայողների (այսուհետ՝ Պետական ծառայող) անձնական գործերը վարելու հետ կապված առանձնահատկությունները:
2. Պետական ծառայողի անձնական գործը Պետական ծառայողի կենսագրության և ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և տեղեկությունների ամբողջությունն է:
3. Պետական ծառայողի անձնական գործի վարումն իրականացվում է թղթային կարգով: Անձնական գործը կարող է վարվել նաև էլեկտրոնային եղանակով:
4. Պետական ծառայողի անձնական գործի վարումն իրականացնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քարտուղարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և կադրային հարցերով առաջին կարգի մասնագետը (այսուհետ՝ Մասնագետ):
5. Պետական ծառայողի անձնական գործի վարումն իրականացվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքով, ԱՀ աշխատանքային օրենսգրքով և սույն կարգով սահմանված կարգով:
6. Արգելվում է Պետական ծառայողի համար վարել 1-ից ավելի բնօրինակ թղթային անձնական գործ:
7. Անձնական գործի վարումը սկսվում է Պետական ծառայողի պետական ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
8. Անձնական գործն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.
1) պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը.
2) պաշտոնի նշանակելու վերաբերյալ դիմումը.
3) անձնական թերթիկը (Ձև 1), որը լրացվում է Պետական ծառայողի կողմից, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի՝ անձնագրի, զինվորական գրքույկի, կրթությունը հաստատող փաստաթղթի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին, ինչպես նաև այլ փաստաթղթերի ստույգ բովանդակությանը համապատասխան: Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ, որի մասին Բաժինը տեղյակ է պահում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին.
4) 3×4 սմ չափի երկու լուսանկար.
5) ինքնակենսագրությունը, որը Պետական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է Պետական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե այդպիսին առկա է), ծննդյան տարին, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մեկ աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամսաթիվը և Պետական ծառայողի ստորագրությունը.
6) անձնագրի պատճենը.
7) սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի պատճենը.
8) զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը (արական սեռի Պետական ծառայողների համար).
9) կրթությունը հաստատող փաստաթղթի պատճենը.
10) Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկով նախատեսված հիվանդություններով չտառապելու վերաբերյալ տեղեկանքը.
11) պետական ծառայության պաշտոնի նշանակելու, տեղափոխելու և պետական ծառայության պաշտոնից ազատվելու մասին իրավական ակտերի պատճենները.
12) պետական ծառայության դասային աստիճան շնորհելու մասին իրավական ակտի պատճենը.
13) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.
14) վերապատրաստման արդյունքում տրված փաստաթղթի պատճենը.
15) պետական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները.
16 ) աշխատանքային պայմանագիրը (օրենքով նախատեսված լինելու դեպքում).
17) պետական պարգևներով պարգևատրելու, պատվավոր և հատուկ կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ ստանալու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.
18) Պետական ծառայողի գործունեության գնահատման բնութագրերը.
19) Պետական ծառայողի վերաբերյալ պետական ծառայության ընթացքում կայացված այլ իրավական ակտերի պատճենները.
20) Պետական ծառայողի ցանկությամբ Պետական ծառայողին բնութագրող և ծառայողական պարտականությունների կատարման մասին այլ տեղեկություններ և փաստաթղթեր:
9. Պետական ծառայողի անձնական գործը պարունակում է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ տեղեկություններ և փաստաթղթեր:
10. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը դասակարգվում և պահվում են ժամանակագրական կարգով:
11. Պետական ծառայության պաշտոնում նշանակված Պետական ծառայողի համար պահվում է անձնական գործի թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը:
12. Թղթապանակի շապիկը ներառում է անձնական գործի հերթական համարը, Պետական ծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, դադարեցման և արխիվացման ամիս-ամսաթվերը (Ձև 2):
13. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:
14. Պետական ծառայության պաշտոնից ազատված Պետական ծառայողի թղթային անձնական գործը 10 տարի պահվում է Աշխատակազմում, որից հետո Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում Ա:
15. Մասնագետը պարտավոր է.
1) վարել Պետական ծառայողի անձնական գործը թղթային և էլեկտրոնային եղանակով.
2) ստուգել ներկայացված փաստաթղթերի իսկությունը և կատարված փոփոխությունների ճշտությունը.
3) պահպանել Պետական ծառայողի անձնական գործը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.
4) Պետական ծառայողի կողմից պահանջի ներկայացման դեպքում, իր անձնական գործին ծանոթանալու համար՝ նրան տրամադրել անձնական գործում առկա փաստաթղթերի և նյութերի պատճենները.
5) վերահսկել անձնական գործերի վարման ընթացքը, թերություն հայտնաբերելու դեպքում վերացնել այն:
16. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ օրենքներով և սույն կարգով նախատեսված դեպքերի:
17. Թղթային անձնական գործերի պահպանության համար օգտագործվում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասակարգվում են ըստ առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների:
18. Թղթային անձնական գործն ունի անձնական գործում առկա փաստաթղթերի ցուցակ (Ձև 3), որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթիվը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթն ստացողի անուն-ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը: Անձնական գործում առկա փաստաթղթերի ցուցակը պարբերաբար լրացվում է:
19. Թղթային անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ցուցակը համարակալվում է առանձին, որը ստորագրում է Մասնագետը՝ նշելով կազմման (լրացման) ամսաթիվը:
20. Պետական ծառայողն իր անձնական գործին ծանոթանում է դրանց պահպանման վայրում: